• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» խորագրով գիտաժողովը
ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» խորագրով գիտաժողովը
17.09.2021

Բժշկական բուհում մեկնարկեց «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» խորագրով քառօրյա գիտաժողովը։

Ողջունելով մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ դժվար է գերագնահատել նեյրոգիտության ուղղությունը Հայաստանի համար։

«Նեյրոգիտության նախաձեռնության այս շարժումը մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր համալսարանի, այլև մեր գործընկերների համար։ Շաբաթներ անց մենք կունենանք մի նոր հարթակ՝ Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, որի լաբորատորիաներից մի քանիսը կհամապատասխանեն միջազգային չափանիշներին», - ընդգծեց բուհի ղեկավարը։

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց «Ուղեղի նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրը, ինչ քայլեր են արվել և ինչպիսին է նեյրոգիտության զարգացման տեսլականը։

«Ուղեղն այն օրգանն է, որ ունի իր բոլոր համակարգերը և առաջնորդվում է սեփական կանոններով։ Ուղեղը կարծես թե անջատված է ընդհանուր իմունային համակարգից», - նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ ուղեղի ուսումնասիրությունների հետ շաղկապվում են ոչ միայն բնագիտական, այլև հումանիտար գիտությունները։

Ուղեղի հիվանդությունների 90%-ը, ըստ պրոֆեսորի, չեն բուժվում, իսկ դա լուրջ տնտեսական և սոցիալական բեռ է պետությունների համար։

Կոնստանտին Ենկոյանը շեշտեց, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՊԲՀ-ի համար կարևոր է ուղեղների արտահոսքի կանխումը, ինչպես նաև սփյուռքի ներուժի ճիշտ օգտագործումը։

«Մենք պիտի համադրելի և համեմատելի լինենք աշխարհում», - ավելացրեց պրոռեկտորը։

Նեյրոգիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ Սենիկ Մատինյանը ներկայացրեց նեյրոգիտության ոլորտում գործնական հմտությունների զարգացման ծրագիրը։

Երիտասարդ հետազոտողների միության նախագահ, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտ Մարիամ Մովսիսյանը մասնակիցների հետ կիսվեց ԵՊԲՀ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կատարած առաջին քայլերով։

Նշենք, որ «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» գիտաժողովն անցկացվում է Ուղեղի Հետազոտությունների միջազգային կազմակերպության (IBRO) հետ համատեղ։