• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ այս ուսումնական տարվա անվանական կրթաթոշակառուները
ԵՊԲՀ այս ուսումնական տարվա անվանական կրթաթոշակառուները
25.03.2021

Բժշկական մայր բուհը մասնագիտական գիտելիքներ փոխանցելուն զուգահեռ՝ շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ ի նպաստ որակյալ ու կրթված մասնագետներ ունենալուն: 2020-2021թ.թ. ուսումնական տարում բժշկական համալսարանն ունի ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ հաստատված 7 անվանական կրթաթոշակառու:

Բուհն անվանական կրթաթոշակ տրամադրում է այն հավակնորդներին, որոնք ունեն բացարձակ գերազանց առաջադիմություն, տպագրված գիտական աշխատանքներ, օտար լեզվի իմացություն, մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ներգրավվածություն բուհի, ֆակուլտետների ուսանողական և հասարակական աշխատանքներին:

Անվանական կրթաթոշակի են արժանացել Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողներ Իլոնա Մուշեղյանը (Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան կրթաթոշակ), Մանե Մանուկյանը (Գրիգոր Արեշյանի անվան կրթաթոշակ), Մարինե Բեջանյանը (Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակ), Անի Սարգսյանը (Վահան Արծրունու անվան կրթաթոշակ) և Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներ Լիլիթ Կարապետյանը (Մխիթար Հերացու անվան կրթաթոշակ), Էլվիրա Գասպարյանը (Կարլեն Եսայանի անվան կրթաթոշակ), Լալա Ղուկասյանը (Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակ):

Անվանական կրթաթոշակառուները պատմում են բժշկական բուհում սովորելու հետաքրքրության, դժվարությունների և դրանց հաղթահարման մասին:

Իլոնա Մուշեղյան

-Ձգտելով բարձր առաջադիմության՝ միշտ փորձել եմ ուսումը համատեղել ուսանողական ակտիվ կյանքի հետ։ Ուսանողական տարիները մեր կյանքի ամենածաղկուն տարիներն են։ Դասերին մատուցվող մեծ ծավալի տեղեկատվության ընկալումն ու մտապահումը ժամանակի ընթացքում դառնում է սովորական երևույթ, և արագ ինտեգրվում ես ուսումնական պրոցեսին։

Ցանկանում եմ ուռուցքաբան դառնալ։ Ուռուցքաբանության հանդեպ սերն իմ մեջ ծագեց դեռևս ախտաբանական անատոմիայի և ախտաֆիզիոլոգիայի դասերին, իսկ ուռուցքաբանությունը որպես կլինիկական առարկա անցնելուց հետո այդ սերը տասնապատկվեց։ Դա այն ոլորտն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում, բարձր պատասխանատվության զգացում, անկոտրում հավատ և հիվանդության նետած մարտահրավերներին մշտապես նոր լուծումներ փնտրելու ձգտում։ Կարծում եմ՝ բժշկի ուղին ընտրած ցանկացած մարդու կյանքում` սկսած համալսարանական առաջին տարիներից, չկա բացարձակ «հեշտ» որևէ բան։ Սակայն, երբ քո առջև հստակ նպատակ ես դնում, աշխատում մտովի նախնական լուծումներ տալ այդ խնդիրներին, նպատակին հասնելն ավելի դյուրին է դառնում։ Առհասարակ որևէ արդյունքի վերաբերյալ աշխատում եմ չունենալ շատ բարձր սպասումներ, այլ պարզապես անել այն ամենն, ինչ կախված է ինձանից և վայելել պրոցեսը։ Ի վերջո՝ հասնելով նպատակիդ՝ հասկանում ես, որ ամենակարևորը ոչ թե վերջնագիծն էր, այլ անցածդ ճանապարհը, որը քեզ հնարավորություն տվեց մի փոքր ավելի կատարելագործվել։

Անի Սարգսյան

-Սովորել եմ «Ուսում» հանրակրթական դպրոցում, ավարտել եմ ոսկե մեդալով: Ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊԲՀ: Սովորելուն բավական ժամանակ եմ տրամադրել, բայց դա չի խանգարել հետաքրքիր ուսանողական տարիներ ունենալուն, համոզված եմ՝ միշտ մեծ սիրով ու կարոտով եմ հիշելու: Դեռ շատ փոքրուց միակ ցանկությունս մասնագիտության հարցում եղել է բժիշկ դառնալը: Պատրաստվում եմ սրտաբան դառնալ: Սիրտ-անոթային համակարգում տեղի ունեցող մեխանիզմները հետաքրքրել են ինձ ու շարունակում են ինձ համար ամենահետաքրքիրը մնալ: Մինչև ընդունվելն էլ գիտեի, որ հեշտ չէ սովորել ԵՊԲՀ-ում, բայց իմանալով, թե որքան պատասխանատու մասնագիտություն եմ ընտրել, կարևորել եմ լավ սովորելն ու փորձել եմ հնարավորինս լավ անել դա: 

 

Մարինե Բեջանյան

-Բժշկական համալսարանում կրթությունն ասոցացվում է առաջին հերթին երկարատևության հետ, և եթե համեմատեմ անլիարժեք պատկերացումներս առաջին կուրսում ու հիմա` կստացվեն երկու իրար հակասող բառախմբեր։ Սկզբում` երկարատևություն, ծանրաբեռնվածություն, անորոշություն, երազանք։ Վերջում` ամենահաճելի սպասումը, որ երբևէ ունեցել եմ: Հիասթափություններ, որոնք վերանում են ամեն նոր առարկա ուսումնասիրելիս, քեզ դարձնում են փնտրող մարդ։ Որպես նեղ մասնագիտություն որոշել եմ ընտրել սրտաբանությունը։ Ինչ վերաբերում է առաջադիմությանը՝ հաջողելը պարզապես ամենօրյա աշխատանք է, ժամեր, որոնք երբեմն տհաճությամբ են լցվում, բայց կարևորն արդյունքն է: Ուրեմն` ի գործ ամեն օր առնվազն 2-3 ժամ։

 

Մանե Մանուկյան

-Բժշկական համալսարան ընդունվելու առաջին օրվանից նպատակ եմ ունեցել կրթությունս շարունակել անվճար համակարգում և ջանք չեմ խնայել այդ նպատակն իրագործելու համար։ Այս վեց տարվա ընթացքում սովորել եմ շատ հետաքրքիր մարդկանց և խոստումնալից ապագա բժիշկների հետ։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այստեղ իմ բոլոր խմբեցիներից և ընկերներից շատ բաներ եմ սովորել թե՛ բժշկության և թե՛ կյանքի մասին։ Ունեցել եմ հիանալի դասախոսներ։ Մարդիկ, որոնք ոչ միայն կրթում են բժշկության ոլորտում, այլև աջակցում են ուսանողներին այլ հարցերում։ Բուհում ուսումնառությանս ընթացքում շատ սիրելի առարկաներ եմ ունեցել, այդ պատճառով այժմ դժվարանում եմ կողմնորոշվել մասնագիտացման ընտրության հարցում։ ԵՊԲՀ-ում սովորելը հեշտ չէ: Անվանական կրթաթոշակին արժանանալու համար բարձր առաջադիմությունը շատ քիչ էր։ Այլ չափանիշներ կային, որոնց պետք էր համապատասխանել։ Այդ բոլորի արդյունքում արժանացա Գրիգոր Արեշյանի անվան կրթաթոշակին։

 

Լիլիթ Կարապետյան

-2016 թվականին ավարտել եմ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը և ընդունվել բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Եղել եմ մի շարք գիտական խմբակների անդամ, օլիմպիադաների մասնակից: Համալսարանում սովորելու ընթացքում հաճախել եմ Ամերիկյան համալսարանի General English Course-ի Advanced մակարդակի դասընթացներին և գերազանցությամբ ավարտել դրանք: Գիտական հոդվածի հեղինակ եմ: 2020 թվականին արժանացել եմ Մխիթար Հերացու անվան կրթաթոշակին: Մեծացել եմ բժիշկների ընտանիքում և դեռ մանկուց գիտեի, որ շարունակելու եմ ծնողներիս ուղին: Պապիկս ստոմատոլոգ էր, հայրս՝ նույնպես: Կարծում եմ ավելի նվիրյալ և պատասխանատու աշխատանք, քան բժիշկն է, դժվար է նշել: Հուսով եմ արժանի կլինեմ կրել «բժիշկ» բարձրագույն կոչումը:

Նեղ մասնագիտություն ընտրելու հետ կապված շատ մտորումներ եմ ունեցել և երկմտել վիրաբույժ-ստոմատոլոգ և օրթոդոնտ դառնալու հարցում: Բայց կարծում եմ՝ կընտրեմ վերջինը: Կա՞ ավելի լավ բան, քան մարդանց առողջություն և ժպիտ պարգևելն է: Համալսարանական տարիներն ամենահետաքրքիր և էմոցիաներով լեցունն են իմ կյանքում: Երբ կայանում ես որպես մարդ, անդադար սովորում հիանալի մասնագետներից, և՛ վայելում ուսանողական կյանքը: Ամենակարևորն է՝ սիրել այն, ինչով զբաղվում ես, և հստակ նպատակներ դնել քո առաջ:

 

Լալա Ղուկասյան

-Մասնագիտության ընտրության հարցում ինձ օգնեցին ծնողներս: Ստոմատոլոգիան, կարծում եմ՝ ապագայի գիտություն է, այն իսկապես հրաշալի և հետաքրքիր է: Գեղեցկության մասին պատկերացումները տարբեր են և գեղեցիկի չափանիշներից մեկն էլ առողջ և գեղեցիկ ժպիտն է: Ունեցել եմ հիանալի դասախոսներ, նրանցից ոմանք առանձնահատուկ դեր են ունեցել կյանքիս կարևոր փուլում։ Ուսանողական տարիներին ձեռք բերած փորձն ու գիտելիքը դեռ շատ են ինձ պետք լինելու ապագայում։ Մտածում եմ մանկական ստոմատոլոգիայի մասին, բայց ինչ ուղի էլ ընտրեմ, ձգտելու եմ լինել լավագույններից մեկը, ամեն բան անել բարձր մակարդակով, ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ և մշտապես կատարելագործվել: Հեշտ չէ սովորել բժշկականում, սակայն, երբ սիրում ես մասնագիտությունդ, անտեսում ես ցանկացած դժվարություն: Պետք է ուղղակի գտնել լուծումներ և հաղթահարել դրանք, լինել նախաձեռնող, նպատակասլաց և պատասխանատու: Ուրախանում և լիցքավորվում եմ ամեն փոքր հաջողությունով, գրանցած աճով և արդյունքներով: Ձախողումներն էլ համարում եմ հաջողության ճանապարհի անբաժան մաս, դասեր քաղում դրանցից, չէ որ դրանք են մեզ դարձնում ավելի իմաստուն և փորձառու։ Ոչինչ հեշտ չի տրվում: Կարծում եմ՝ տարիների համառ աշխատանքն իր արդյունքը կունենա:

 

Էլվիրա Գասպարյան

-Ուսանողական տարիներս, անշուշտ, ամենահիշարժանն են դարձել իմ կյանքում, դրանք լավագույնն են, քանի որ ջանք չեմ խնայել սիրելի մասնագիտությունս սերտելու: Բժշկությունը արյանս մեջ է: Ուսումնառության տարիներին ցուցաբերած բարձր առաջադիմության շնորհիվ արժանացել եմ անվանական կրթաթոշակի, որի համար հպարտ եմ։ Բժշկի մասնագիտությունը սովորելը, ինչ խոսք, բարդ է և պատասխանատու: Դեպի նպատակ տանող ճանապարհը հաղթահարելի է, իսկ ես ունեմ նպատակ դառնալ լավագույններից մեկը ընտրածս մասնագիտության մեջ։

 

Պատրաստեց Արփինե Թովմասյանը