• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ դիմորդները մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշված են. փաստում է ընդունող հանձնաժողովի նախագահը
ԵՊԲՀ դիմորդները մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշված են. փաստում է ընդունող հանձնաժողովի նախագահը
24.06.2021

Բժշկական մայր բուհի 2021-2022 ուս տարվա ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմել է շուրջ 931 դիմորդ, որոնցից 591-ն՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 229-ը՝ ստոմատոլոգիական, 90-ը՝ դեղագիտական: Նախորդ տարվա համեմատ նվազել է ռազմաբժշկական ֆակուլտետ դիմողների թիվը` 20 տեղի համար դիմել է 21 դիմորդ:

ԵՊԲՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Կոնստանդին Մանուկյանի խոսքով՝ վերջին տարիների քննական արդյունքները ցույց են տվել, որ բժշկական համալսարան դիմած 1000 դիմորդից միայն 10 տոկոսն է ստանում անբավարար. 900-ն ունենում է դրական միավոր: Մյուս բուհերում պատկերն այլ է:

«Բժշկական համալսարանի դիմորդները մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշված են»,-նշում է ընդունող հանաձնաժողովի նախագահը՝ փաստելով, որ ընդունելության հայտը լրացնելիս, 1000 դիմորդից 800-ն ընտրում է բացառապես իր նախընտրած մասնագիտությունը: 

Անդրադառնալով բուհերի ընդունելության նոր կարգին, որտեղ արվել է երկու հիմնական փոփոխություն, Կոնստանդին Մանուկյանը դրական գնահատեց, այն հանգամանքը, որ հայտագրման 1-ին և 2-րդ փուլերում սովորողն ընտրում է մեկ բուհ և մեկ մասնագիտություն, այսինքն՝ դիմորդը պետք է լինի հստակ կողմնորոշված մասնագիտության ընտրության հարցում։ Մյուս փոփոխությունը վերաբերում է   ընդունելության քննությունների հայտագրման եղանակին, որն անցկացվում է ամբողջությամբ առցանց ու հայտագրման փուլերով՝ հիմնական և երկրորդ։

Հայտագրման առաջին փուլն ամփոփելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, անցկացվում է երկրորդ փուլ։ Այս անգամ հայտի մեջ դիմորդը կարող է նշել վեց բուհ, վեց մասնագիտություն, որոնք պահանջում է իր հանձնած քննությունների փաթեթը: Երկրորդ փուլով մրցույթում հաղթում է բարձր բալ ստացած դիմորդը։

Ընդունելության արդյունքները կամփոփվեն 1-ին և 2-րդ փուլերի ավարտից հետո: Հուլիսի 18-ին կհրապարակվեն ընդունելության ցուցակները, իսկ հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում թափուր տեղերի համար դրական գնահատական ստացած դիմորդները կմասնակցեն լրացուցիչ մրցույթի:

Բանակից զորացրված դիմորդներն անվճար տեղերի համար համար մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով, արտոնությունը վերաբերում է վճարովի բուհ ընդունված, մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայած դիմորդներին, որոնք կընդունվեն առանց մրցույթի և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կարող են օգտվել որոշակի զեղչերից: