• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ ռեկտորը հյուրընկալեց Հնդկաստանի դեսպանին
ԵՊԲՀ ռեկտորը հյուրընկալեց Հնդկաստանի դեսպանին
09.02.2021
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
 
Հանդիպման ընթացքում բուհի ղեկավարն ընդգծեց, որ հնդկական կողմի հետ բոլոր պայմանավորվածությունները միշտ շարունակական են և հաստատական:
 
«Օրերս մենք բացեցինք երկու կարևոր համալսարանական տարածք. առաջինը՝ հերոսների նախասրահը, որը կոչվեց պատերազմում ընկած մեր բժիշկների անունով, և երկրորդը՝ մեծ լսարան անվանի բժշկի անունով», - նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ համալսարանը իրականացնում է «Վերադարձ» ծրագիրը, որի շրջանակում անվանի բժիշկների, շրջանավարտների անուններով լսարաններ են հիմնանորոգվում և անվանակոչվում:
 
Դեսպան Դեվալը, շնորհակալություն հայտնելով ռեկտորին հնդիկ ուսանողների անվտանգությունը համավարակի ընթացքում Հայաստանում ապահովելու համար, փաստեց, որ 2020 թվականը շատ դժվար տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ համալսարանի համար:
 
«Գիտեմ, որ շատ բժիշկներ և երիտասարդ ուսանողներ կորցրին իրենց կյանքը պատերազմում: Մարդկության համար պատերազմը շատ վատ բան է: Թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո ես փորձել եմ աջակցել Հայաստանին իմ հնարավորությունների շրջանակում», - ընդգծեց դիվանագետը:
 
Ներկայացնելով նորաբաց լսարանները՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ դրանք շատ ժամանակից են, բայց՝ խիստ ակադեմիական: «Կարծում եմ՝ այստեղ սովորող ուսանողները մշտապես սովորելու են այն կարգախոսով, որ պետք է սովորել այնպես, կարծես ապրելու ես 100 տարի, և պետք է ուրախանալ այնպես, կարծես մեկ օր է մնացել: Այդ խոսքերը, կարծում եմ, շատ տպավորիչ են այսօրվա երիտասարդության համար», - նշեց բուհի ղեկավարը:
 
Դեսպանը տեղեկացրեց, որ ծրագրվում է բժշկական համալսարանում Հնդկաստանի ազգային առաջնորդ, անվանի պետական և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի անվան լսարան բացել, ինչին համալսարանն իր հավանությունն է տվել: