• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ շրջանավարտն առավել քան երբևէ վերարժևորում է ընտրած մասնագիտությունը
ԵՊԲՀ շրջանավարտն առավել քան երբևէ վերարժևորում է ընտրած մասնագիտությունը
16.08.2021

2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտ Սյուզաննա Միքայելյանը բացի բժշկական բուհում ձեռք բերած գիտելիքներից, շատ սովորողների պես գործնական հմտությունները կատերագործեց կորոնավիրուսային համավարակի ընթացքում: Նշված ժամանակաշրջանը դարձնելով նոր գիտելիքների ձեռքբերման շրջափուլ, պատրաստակամ ծառայեց բնակչության առողջության պահպանմանը,  մարդկանց:

«2020 թվականի ապրիլից կամավոր եմ եղել վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Կովիդ-19» բաժանմունքում, այնուհետև սկսել եմ աշխատել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքում՝ մոտ ութ ամիս»,- պատմում է Սյուզաննան:

Ուսմանը զուգահեռ, մեկ տարուց ավելի լինելով կամավոր, ԵՊԲՀ շրջանավարտն առավել խորությամբ է ճանաչել իր ընտրած մարդասիրական մասնագիտությունը:

«Oրեր շարունակ, լինելով հիվանդի կողքին, գիշերները լուսացնելով հիվանդասենյակում, սովորեցի ուրախանալ հիվանդի առողջական վիճակի դրական աննշան դինամիկայով` վերարժևորել ընտրածս մասնագիտությունը»,- նկատում է Սյուզաննա Միքայելյանը, որը պետական քննությունները հանձնել է գերազանց: 

Պատերազմի ընթացքում միաժամանակ և՛ հերթապահում էր քովիդ բաժանմունքում և՛ կամավորական աշխատանք կատարում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

Համավարակի ընթացքում հերթապահել է նաև նրա նշանածը, արդեն ամուսինը, որը շտապօգնության ծառայության կազմում մեկնում էր Արցախ՝ վիրավոր զինվորներ տեղափոխելու նպատակով:

Ապագա մանկաբարձ-գինեկելոգը վերարտադրողական առողջության ոլորտում նեղ մասնագիտացումը ցանկացել է ընտրել հենց առաջին կուրսից. պատերազմն ու դրա անդառնալի հետևանքներն առավել վերահաստատել են նրա ընտրությունը:  

Կոչումով բժշկի իր օրինակը եղել է մայրը: Խոստովանում է, որ իր համար բժշկի մասնագիտությունն ավելին է քան ուղղակի մասնագիտություն:

Իր գնահատմամբ՝  բժիշկը պետք է լինի մեծ մարդասեր, սրտացավ, նվիրված իր առաքելությանը:  Համավարակի ընթացքում հասկացել է, թե բժշկի աշխատանքում որքան կարևոր է վերաբերմունքը հիվանդի նկատմամբ. «Ունեի մեծահասակ հիվանդներ, որոնք ջերմ վերաբերմունքից ավելի շուտ էին լավանում. այնքան թանկ ու հաճելի էր լսել նրանց օրհնանքները»: 

Խոսելով հարազատ բուհի մասին՝ ընդգծում է, որ իր համար ԵՊԲՀ-ն հանրապետության լավագույն կրթական հաստատություններից է, որտեղ սովորելու մասին մանկուց է երազել:

«Անմոռամալի 6 տարի եմ ունեցել, շատ են եղել լարված, անքուն, սթրեսային պահեր: Գաղտնիք չէ, որ բավական դժվար է սովորել մեր բուհում, սակայն շատ ուրախ եմ, որ հաղթահարել եմ ու այսօր բժշկական համալսարանի շրջանավարտ եմ»,- եզրափակում է այս տարվա շրջանավարտը: