• Հայ
  • Рус
  • Eng
Հնդիկ ուսանողը Երևանը երազանքի քաղաք է համարում
Հնդիկ ուսանողը Երևանը երազանքի քաղաք է համարում
18.02.2021

Բժիշկներն ամենաաշխատասեր և նվիրված մարդկանցից են: Այս կարծիքին է հնդիկ ապագա նյարդաբան Աբհիշեկ Թափլիալը:

Շարունակում ենք ներկայացնել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարերկրացի ուսանողների պատմությունները: Հայաստանի և բժշկական բուհի վերաբերյալ նրանց տպավորությունները հիմնականում համընկնում են, սակայն այդ պատմություններն ունեն նաև իրենց առանձնահատկությունները: 

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Աբհիշեկ Թափլիալը ծնվել և մեծացել է Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում:

22-ամյա ապագա բժիշկը պատմում է, որ տևական ժամանակ հետաքրքրված էր միմյանց հետ կապ չունեցող ոլորտներով, բայց մի օր հասկացավ, որ պետք է հստակ ընտրություն կատարել:

«Շատ էի զբաղվում լուսանկարչությամբ: Ամբողջ ժամանակն անցկացնում էր գեղարվեստի և գիտաֆանտաստիկայի աշխարհներում: Եթե հակիրճ ամփոփենք, սա իմ դպրոցական կյանքն էր», - պատմում է Աբհիշեկը:

Ավագ դպրոցում ուսուցիչների մեծ մասը նրան խորհուրդ էր տալիս սովորել իրավաբանություն:

Յուրաքանչյուր մասնագիտություն, նրա կարծիքով, հետաքրքիր է յուրովի, անկախ նրանից՝ խոհարար ես, հրշեջ թե օդաչու:

 «Մորս հետ մասնագիտության մասին հերթական քննարկման ընթացքում նա ինձ ասաց, որ կարող եմ ընտրել ցանկացած մասնագիտություն, բայց ինչ էլ ընտրեմ, պետք է նվիրվեմ ամբողջովին: Ծնողներս պատրաստ են աջակցելու ինձ ընտրածս ցանկացած գործում, ինչի համար շնորհակալ եմ», - ասում է Աբհիշեկը:

Հայաստանը նա իր համար բացահայտեց 2015 թվականին, երբ դիտում էր ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Կոնան Օ՛Բրայենի հաղորդումը:

 «Ինձ շատ հետաքրքրեց Հայաստանը: Առավել հասուն տարիքում ինքնակրթվելով՝ ես տեղեկացա ոչ միայն հայկական հրաշալի կոնյակի և գինու արտադրության մասին, այլև ծանոթացա այս երկրի ուժին ու քաջությանը, որոնց օգնությամբ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սարսափելի իրադարձություններից հետո պահպանվել են հայկական մշակույթն ու ժառանգությունը», - շեշտում է հնդիկ ապագա բժիշկը:

Ավելի շատ կարդալով կրթության և զարգացման ոլորտում Հայաստանի ներուժի մասին՝ Աբհիշեկն ավելի հեշտ որոշում կայացրեց. բարձրագույն կրթություն ստանալու առաջիկա 6 տարվա ընթացքում Հայաստանը նրա երկրորդ տունն էր լինելու:

«Ակնհայտ է, որ Երևանը երազանքի քաղաք է ցանկացած ուսանողի համար: Իսկ հարևան կանաչ քաղաքների երկար ցուցակը, որում ընդգրկված են Գորիսը, Նոյեմբերյանը, Մեղրաձորը, կարելի է անվերջ շարունակել:  Հիշում եմ առաջին օրը, երբ հասա Հայաստան. ես և սենյակակիցներս հսկայական պատուհանից նայելով՝ մոտավորապես 30-40 րոպե անցկացրինք մանուշակագույն երկինքը լուսանկարելու համար: Երևանը ստիպում է սիրահարվել իրեն առաջին հայացքից», - փաստում է Աբհիշեկը:

Իսկ ԵՊԲՀ-ում ապագա նյարդաբանը հանդիպեց իր կյանքի լավագույն մարդկանց: «Բժշկական համալսարանը ուսանողին տալիս է բոլոր գործիքները` լավագույններից մեկը լինելու համար, նույնիսկ՝ ավելին: Դասախոսները միշտ պատրաստ են օգնել», - ընդգծում է հնդիկ ուսանողը:

Եթե չլիներ ճանապարհորդելու և աշխարհն ուսումնասիրելու անհագ ցանկությունը, Աբհիշեկը կցանկանար մնալ և աշխատել Հայաստանում: Այս պահին նա առավել հետաքրքրված է նյարդաբանության և ռոբոտաշինության ճյուղերով:

«Բժշկի մասնագիտությունն ընտրելու դեպքում պետք է միաժամանակ և՛ զգոն, և՛ հանգիստ լինել», - վստահեցնում է Աբհիշեկը՝ ավելացնելով, որ բժիշկը պետք է հոգեպես շատ ուժեղ լինի:

Բոլոր ապագա բժիշկներին և առողջապահական համակարգի աշխատողներին նա խորհուրդ է տալիս համառորեն պահպանել առաջ շարժվելու մղումը և աշխատանքային էթիկան:

«Չի կարելի մեկ օրվա ընթացքում հաջողության մի ամբողջ պատ կառուցել, բայց լավագույնը, որ կարելի է անել, օրեցօր այդ պատին ևս մեկ աղյուս ավելացնելն է, պետք է դա անել ամեն օր: Իսկ դժվարությունների դեպքում պետք է ինքդ քեզ առաջ մղես և հիշեցնես բուն պատճառի, անցած ուղուդ մասին, որպեսզի հասնես այն հաջողակ մարդուն, որի կարգավիճակում տեսնում ես քեզ ապագայում», - եզրափակում է Աբհիշեկ Թափլիալը:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան