• Հայ
  • Рус
  • Eng
Գառնիկ Ավետիսյանը համոզված է՝ երբեք ուշ չէ զբաղվել  սիրած գործով
Գառնիկ Ավետիսյանը համոզված է՝ երբեք ուշ չէ զբաղվել սիրած գործով
13.07.2021

ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ Գառնիկ Ավետիսյանը վստահ է՝ որակյալ, պատշաճ ախտորոշումն ամենակարևորն է հիվանդի արդյունավետ բուժման գործում:

Երկար տարիներ աշխատելով բժշկական մայր բուհում, շփվելով սովորողների տարբեր սերունդների հետ, Գառնիկ Ավետիսյանը համոզված է, որ լավ երիտասարդներ ու մասնագետներ են մշտապես համալրելու սպիտակ բանակի շարքերը:

Պրոռեկտորի հետ խոսել ենք մասնագիտության ընտրության, ախտորոշիչ ճառագայթաբանի մասնագիտության կարևորության, հետբուհական կրթության զարգացման և առաջընթացի մասին: 

-Կպատմե՞ք` ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը՝ խոսելով նաև ուսանողական տարիների մասին: 

-Երկար եմ մտածել, թե ինչ մասնագիտություն ընտրեմ: Ինձ երբեք ծնողներս չեն ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում, իսկ ես ընտրությունս կատարում էի բժշկության և իրավաբանության մեջ, քանի որ երկու մասնագիտությունն էլ շատ սիրել եմ: Սակայն  մասնագիտության վերջնական ընտրության մեջ նշանակալի դեր ունեցավ իմ ֆիզիկամաթեմատիկական կրթությունը, որը ինձ ստիպեց գնալ դեպի սարքավորումներ, ախտորոշում, հաշվարկներ... 1996 թվականին ընդունվել եմ բժշկական համալսարան և մեծ հաճույքով եմ սովորել: Հուրախություն ինձ, դասախոսներիս մեծ մասը մինչև հիմա աշխատում են այստեղ: Բոլորն ինձ ճանաչում են արդեն 25 տարի՝ կյանքի բոլոր փուլերում, ուսանողական տարիներից բոլորին շատ սիրում ու հարգում եմ: Իմ ուսանողական տարիները լի են եղել շատ հետաքրքիր միջադեպերով: Ուսանող էինք, երիտասարդ, աշխույժ կուրս ենք եղել, ուրախ: Կուրսընկերներով մինչև հիմա էլ պահպանում ենք ընկերությունը՝  արդեն ընտանիքներով, երեխաներով: 

-Դուք նեղ մասնագիտությամբ ախտորոշիչ ճառագայթաբան եք: Բժշկագիտության ոլորտում որքանո՞վ է այս նեղ մասնագիտացումը կարևոր: 

-Ինչպես նշեցի ֆիզիկամաթեմատիկական կրթությունն իր դերը խաղաց, և այն գիտակցումը, որ որակյալ, պատշաճ ախտորոշումը ամենակարևորն է հիվանդի արդյունավետ բուժման մեջ, ինձ ստիպեցին որպես նեղ մասնագիտություն ընտրել ճառագայթաբանությունը: Այն բավական հետաքրքիր ոլորտ է, որը շատ արագ, սրընթաց զարգանում է:  Ժամանակին միայն ռենտգեն հետազոտությունն էր, այնուհետև ուլտրաձայնային հետազոտությունը, բայց երբ եկավ արդեն ավելի մանրակրկիտ հետազոտման՝ ավելի բարակ շերտով հետազոտության հնարավորությունը, և բուժող բժիշկը, վիրաբույժը ավելի հստակ կարողացան պատկերացնել, թե ինչի հետ գործ ունեն, շրջակա հյուսվածքները որքանով են ներգրավված պրոցեսի մեջ և այլն:  Ցավոք, ժողովրդի մեջ մի մոտեցում կա. եթե կա  համակարգչային տոմոգրաֆիա, ապա մյուս հետազոտություններն ինչի՞ համար են դեռ իրականացվում: Սա շատ սխալ մոտեցում է, որովհետև շատ պաթալոգիաներ կան, որոնց ախտորոշման համար տարբեր մեթոդներ հանդիսանում են  ոսկե ստանդարտ: Չպետք է թերագնահատել հետազոտության որևէ մեթոդի դերը, յուրաքնաչյուրն իր հերթին անհրաժեշտ է, որպեսզի բժիշկը կարողանա առավելագույն տեղեկատվություն ստանա ախտահարման վերաբերյալ: 

-Ըստ Ձեզ՝ ուսանողների հետաքրքրությունը որքանո՞վ է մեծ ճառագայթային ախտորոշում մասնագիտության նկատմամբ:

-Հետաքրքրությունը շատ մեծ է: Ուսանողության մեծ հատվածը գիտակցված, իմանալով, թե ինչ է իրենից ներկայացնում ախտորոշիչ ճառագայթաբանությունը, ընտրություն են կատարում: Սակայն կան ուսանողներ, որոնք ընտրում են մասնագիտությունը՝ հաշվի առնելով, օրինակ, որ MRT-ն անհետաձգելի հետազոտության մեթոդ չէ, շատ լավ է՝ չենք հերթապահի, ունենք մասնագիտություն, որի ժամանակ հերթապահելու կարիք չկա: Բայց հիմա կամաց-կամաց հասնում ենք նրան, որ սա էլ է դառնում անհետաձգելի հետազոտման մեթոդ: Շատ ուսանողներ էլ կան մտածում են՝  ավարտելուց հետո ինքս սոնոգրաֆիայի սարք ձեռք կբերեմ, կգնամ կաշխատեմ: Սխալ մոտեցում է: Ձգտումը ճառագայթային ախտորոշման մասնագիտության ձեռք բերելուն չափից դուրս շատ է, հետո իրենց մասնագիտությամբ աշխատում են ոչ բոլորը: Ես յուրաքանչյուր տարի առաջին կուրսի օրդինատորների հետ զրույցում առաջարկում եմ ևս մեկ անգամ մտածել, որովհետև ավարտելուց հետո պետք է կարողանան աշխատանքով ապահովվել: Հայաստանում  չեն կարող այդքան հետազոտման կենտրոններ լինել: 

-Դուք 2016թ.-ից ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտորն եք: Ինչպես կգնահատեք հետբուհական կրթության ոլորտի զարգացումը բժշկական բուհում, ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում առաջիկայում: 

-Ամեն ինչ պետք է սկսվի պլանավորումից: Բժշկական համալսարանը, իհարկե, կարող է մասնակցել պլանավորմանը՝ հետբուհական բժշկական կրթության մասով, բայց որոշողը պետական քաղաքականության մեջ, բնականաբար, չի կարող լինել. համալսարանը կրթական ծառայություն է մատուցում: Պլանավորումը թույլ կտա հասկանալ, թե Հայաստանում այս կամ այն մասնագիտությունների մասով որքան  թափուր տեղեր են առկա, որպեսզի  հետո աշխատատեղերով կարողանան ապահովված լինել:  Սա ոչ միայն հետբուհական, այլև բազային բարձրագույն կրթությանն է վերաբերում: Այսինքն՝ այնքան մարդ պետք է ավարտի, որոնք մասնագիտություն ստանալով պիտի համալրեն աշխատաշուկան, պետք է ունենանք պլանավորված պահանջարկ, որպեսզի մենք կարողանանք լավ մասնագետներ տալ աշխատաշուկային: Մարզային առողջապահությունը կարևոր է, որ քաղաքի առողջապահությանը զուգահեռ զարգանա, համընթաց քայլի: Կան մասնագիտություններ, որոնք լրիվ կենտրոնացել են Երևանում, օրինակ MRT-ն բացի Երևանից կա միայն Գյումրիում ու վերջ: Այսպիսի խնդիրներ շատ կարելի է թվել այս ոլորտում:

Իսկ ինչ վերաբերվում է բարեփոխումներին՝ դրանց համար միշտ տեղ կա: Վերջերս, օրինակ, քննարկում էինք, որ պետք է լինի առողջապահական ոլորտի մասնագիտությունների ցանկից բխող կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի մասնագիտությունների ցանկ, որը հստակ պետք է գրված լինի՝ ինչ բազային մասնագիտություն ստացած շրջանավարտը մասնագետ կարող է դառնալ, ինչ ծրագրի արդյունքում ինչ գիտելիքներ, ինչ հմտություններ պետք է ունենա և ինչ իրավասությունների շրջանակ: Մյուս տարվանից, հուսով եմ, բազմաթիվ փոփոխություններ կլինեն կլինիկական օրդինատուրայի մասնագիտությունների մեջ: 

-Լավ սովորելուց, գիտելիքներ ստանալուց բացի ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի ուսանողը՝ ապագա բժիշկը: 

-Ուսանողը գիտելիք կստանա բազային կրթության, հետբուհական կրթության ընթացքում, աշխատանքի ընթացքում, անընդհատ... Բայց պետք է իր մեջ մեծ սեր ունենա դիմացինի, անծանոթ մարդու հանդեպ, դաստիարակություն պետք է ունենա, հոգատար լինի: Շփվելով ուսանողության հետ՝ համոզված եմ լավ երիտասարդների սերունդ  է գալիս հնին փոխարինելու: Երիտասարդների մտահոգության առիթները քիչ չեն, ինչպես մեր ժամանակ. պատերազմ, հետպատերազմական շրջան, պանդեմիա... ժամանակաշրջանը, որում ապրում ենք դժվար է:  Հանդուրժող, ներողամիտ պետք է լինեն: 

-Իր աշխատանքի ընթացքում ինչպիսի՞ դժվարությունների է հանդիպում բժիշկը: 

-Բժիշկը բազմաթիվ դժվարությունների կարող է բախվել: Շատ բարդ է, երբ հիվանդը կասկածելի աղբյուրներից ինչ-որ բան է կարդում և գալիս է քեզ մոտ ի սկզբանե որոշած, որ եթե իր կարդացածի համապատասխան ախտորոշում կամ բուժման տակտիկա չասես՝ քեզ չի հավատալու: Կամ հիվանդի հարազատները, կապ չունենալով մասնագիտության հետ, հարևանական, բարեկամական «խորհրդում» արդեն որոշում են ախտորոշումը, ու եթե դեղեր
չես նշանակում ուրեմն լավ բժիշկ չես:  Կամ այս մոտեցումը՝ երեք հոգու մոտ եղել եմ կարող եմ չորրորդի մոտ էլ լինել, որ ճիշտ բուժում ստանամ: Տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ, տարբեր մտահորիզոններ, տարբեր ոլորտներ, հիմնականում տրամադրվում են վատ՝ կասկածամտորեն են բերաբերվում: Սակայն կան նաև շատ դրական կողմեր, երբ գնահատված ես, և բուժելուց հետո երախտիքի ու շնորհակալության անկեղծ խոսքեր ես լսում, գալիս և հարազատի պես գրկում են քեզ: 

-Բացի համալսարանական առօրյայից, ի՞նչ հետաքրքրություններ ունեք, որոնցով լցնում եք Ձեր ազատ ժամանակը: 

-Շատ եմ սիրում մարդկանց իրար գլխի հավաքել՝ ընկերներով, ընկերների ընտանիքներով: Իմ ժամանակի մի մասը ընտանիքիս համար է: Նաև սիրում եմ հեծանիվ քշել: 

-Կպատմեք նաև Ձեր ընտանիքի մասին: Ձեր զավակներին  ուղորդե՞լ եք ընտրել բժշկի ուղին: 

-Ինչպես ինձ իմ ծնողները չեն ուղղորդել մասնագիտություն ընտրելիս, այնպես էլ ես նրանց երբեք չեմ ուղղորդի, որովհետև մի բան ինձ համար հստակ է. եթե չսիրեց, ապա 10 տարի հետո, երբ ավարտի բժշկականը, արդեն ավելի ինքնուրույն ու հասուն կլինի, կսկսի զբաղվել նրանով, ինչը  սիրում էր: 

-Որպես հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին: Հատկապես նեղ մասնագիտություն ընտրելիս ի՞նչն է պետք կարևորել: 

-Միայն մեկ խորհուրդ: Երբեք ուշ չէ կանգնել և զբաղվել նրանով, ինչը ավելի շատ են սիրում: Որ տարիքում էլ լինի, որ կուրսում էլ լինի, եթե հասկացաք, որ չեք աշխատելու բժիշկ՝ մի տանջեք ոչ ձեզ, ոչ հարազատներին, ոչ էլ ժամանակ կորցրեք: Առավել ևս հետբուհական կրթության ժամանակ, երբեք նորաձևության հետևից չընկնեք, հեշտին չնայեք: Երբ մարդ պետք է տհաճությամբ աշխատի, պետք է չաշխատի, այդպիսով կփչացնի գործը: 

Թող նման անհետաձգելի իրավիճակներ, որոնք ստեղծեցին պանդեմիան և պատերազմը,  չլինեն  ուսանողների և մեր բոլորի կյանքում:  Արհավիրքները շատ են փոխում մարդու կյանքը: Ուժ, եռանդ, ձգտում բոլորիս:

 

Հարցազրույցը՝ Արփինե Թովմասյանի