• Հայ
  • Рус
  • Eng
Գերազանց առաջադիմությամբ ավարտած ապագա սրտաբանը նախատեսում է սեփական ներդրումն ունենալ առողջապահության ոլորտում
Գերազանց առաջադիմությամբ ավարտած ապագա սրտաբանը նախատեսում է սեփական ներդրումն ունենալ առողջապահության ոլորտում
25.10.2021

Քրիստինե Մանգասարյանն այս տարի գերազանցությամբ ավարտելով բժշկական համալսարանը՝ որպես սրտաբան մասնագիտանում է  օրդինատուրայում: 2012-ին, երբ ավարտում էր դպրոցը, վստահ չէր, որ կկարողանա սիրով հաղթահարել բժիշկ դառնալու ճանապարհին հանդիպած բոլոր դժվարությունները: «Երբ արդեն մոտ էին ընդունելության ամիսները, Աբովյան փողոցով անցնելիս միշտ հայացք էի գցում բժշկական համալսարանին և օրերն էի հաշվում՝ երբ եմ մուտք գործելու բժշկական բուհ: Ինձ համար այս բուհի ուսանող, շրջանավարտ լինելը միշտ հպարտություն է եղել»,-նշում է ԵՊԲՀ շրջանավարտը:

Քրիստինե Մանգասարյանը 2015 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր են խաղացել արձակուրդի ընթացքում Երևանի բուժկենտրոններից մեկում սրտային վիրաբուժության բաժանմունքում անցկացրած օրերը: «Դա ինձ ցույց տվեց, որ սրտաբանությունը բժշկության այն ուղղությունն է, որն առնչվելով բոլոր օրգան համակարգերի հետ, հնարավորություն է տալիս զարգացնել կլինիկական մտածողությունը և դիտարկել օրգանիզմը՝ որպես մեկ ամբողջություն»,-նշում է ապագա սրտաբանը:

Ընտանիքում բժիշկներ չկան, նա առաջինն է: «Բժշկի մասնագիտությունն ընտրելիս պետք գիտակցել դրա ամբողջ պատասխանատվությունը: Այն մասնագիտություն է որը պահանջում է անընդհատ աշխատանք, նվիրում: Անկախ բոլոր դժվարություններից՝ չեմ մտածել, որ կարելի էր ընտրել այլ մասնագիտություն, որն ինձ այնքան հոգեհարազատ կլիներ, որքան բժշկական ոլորտը»,-նշում է Քրիստինե Մանգասարյանը:

Բացի մասնագիտական գիտելիքներից, ըստ նրա, բուհն իրեն տվել է նաև ընկերներ, լավ հիշողություններ, հնարավորություն շփվելու այնպիսի մասնագետների հետ, ինչպիսին ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմն է: «Նրանցից շատերն աչքի են ընկնում ոչ միայն իրենց մասնագիտական բարձր որակներով, այլև մարդկային որակներով, և նրանք կարևոր դեր են կատարում ուսանողի կերպարի կերտման հարցում՝ դառնալով բժշկի և մարդու լավ օրինակ»,-ասում է երիտասարդ բժիշկը:

Նրա հավաստիացմամբ՝ իր ապագայի ծրագրերը միայն Հայաստանի հետ են կապված: Նրա համար սկզբունքային է հայրենիքում մնալը՝ անկախ դժվարություններից: «Ցանկանում եմ ապրել, արարել այստեղ, ունենալ սեփական ներդրումն առողջապահության ոլորտում մի շարք բարեփոխումների իրականացման մեջ: Հատկապես կարևորում եմ բնակչության շրջանում պարտադիր կանխարգելիչ բուժզննումների կազմակերպան և իրականացման հարցը»,- ասում է ապագա սրտաբանը:

Քրիստինե Մանգասարյանն այժմ աշխատում է ապահովագրական ընկերություններից մեկում՝ որպես բժիշկ-խորհրդատու: