• Հայ
  • Рус
  • Eng
Գերմանացի մասնագետն առցանց դասախոսություն անցկացրեց բժշկական համալսարանում
Գերմանացի մասնագետն առցանց դասախոսություն անցկացրեց բժշկական համալսարանում
15.04.2021

Հանրային առողջության ֆակուլտետի նախաձեռնությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Հանովերի բժշկական կենտրոնի անվանի բժիշկ, Քաղցկեղի բազմապրոֆիլ կենտրոնի գործադիր տնօրեն, ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի հրավիրված պրոֆեսոր, Յորգ Հայերի դասախոսությունը «Քաղցկեղի կառավարումը Գերմանիայում Covid-19 համավարակի պայմաններում» թեմայով: Առցանց դասախոսությանը մասնակցեցին Հանրային առողջության ֆակուլտետի ուսանողները:

Ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը ներկայացնելով բանախոսին՝ նշեց, որ անվանի մասնագետի հետ համագործակցությունն ունի տարիների պատմություն: Յորգ Հայերի և այլ գերմանացի մասնագետների հետ ֆակուլտետն արդեն համաժողովների և աշխատաժողովների կազմակերպման փորձ ունի:

«Ինչպես գիտեք Գերմանիայի առողջապահական համակարգն աշխարհի առաջատարներից է: Հետևաբար դասախոսության ընտրված թեման արդիական է հանրային առողջության ապագա մասնագետների համար»,- ասաց Մարինե Հովհաննիսյանը:

Յորգ Հայերը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի  Հանթինգթըն Բիչ քաղաքի Մոլեկուլյար բժշկության ինստիտուտի այցելու հետազոտող պրոֆեսոր է, Գերմանիայի քաղցկեղի կենտրոնների ասոցիացիաների անդամ, Գերմանա-ինդոնեզական բժշկական ասոցիացիայի նախագահ, Կլինիկական քաղցկեղի ռեգիստրների միջազգային աուդիտոր, Առողջապահության տարբեր նախարարությունների խորհրդատու:

Ներկայացնելով «Քաղցկեղի կառավարումը Գերմանիայում Covid-19 համավարակի պայմաններում» թեման ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի հրավիրված պրոֆեսորը փաստեց, որ վերջին մեկ տարում փոխվել են պացիենտների ախտորոշման և բուժման եղանակները, վերանայվել են ռիսկի գործոնները:

Նշենք, որ գերմանացի մասնագետների կողմից անցկացվող այս դասախոսությունների շարքը շարունակական է լինելու՝ ամրապնդելով հայ բժիշկների հետ արդյունավետ համագործակցությունը և հարստացնելով բժշկական բուհի կողմից ձևավորված ավանդույթները:   Հաջորդ հանդիպումը նախատեսված է մայիսին: