• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական բժիշկները հերթական բարդ վիրահատությամբ փրկել են զինվորի կյանքը
Համալսարանական բժիշկները հերթական բարդ վիրահատությամբ փրկել են զինվորի կյանքը
29.11.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանն ու համալսարանական հիվանդանոցի ուրոլոգները համատեղ իրականացրել են բարդ վիրահատություն: Արցախում ծառայության ժամանակ հրազենային վիրավորում ստացած ժամկետային 19-ամյա զինծառայողը, ով ծանր վիճակում տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առաջատար ուրոլոգների մասնակցությամբ բժշկական կոնսիլումից հետո տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց:

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի խոսքով՝ զինվորն ունեցել է աջ ազդրի, որովայնի և կրծքավանդակի հրազենային ծանր վիրավորում, որի արդյունքում ստացել է ներքին օրգանների լուրջ վնասվածքներ։ «Ուրոլոգների հետ համատեղ կատարել ենք բարդ վիրահատություն՝ վերականգնել ենք վնասված բոլոր օրգանները»,- ասաց պլաստիկ վիրաբույժը՝ վստահեցնելով, որ զինվորի վիճակը գնահատվում է լավ, և հրաշքով փրկված երիտասարդն ապագայում առողջական խնդիրներ չի ունենա: