• Հայ
  • Рус
  • Eng
Համալսարանական բժիշկը էխոսրտագրության նորագույն և առաջադեմ մեթոդների ուղղությամբ վերապատրաստվել է Եվրոպայում
Համալսարանական բժիշկը էխոսրտագրության նորագույն և առաջադեմ մեթոդների ուղղությամբ վերապատրաստվել է Եվրոպայում
11.08.2021

ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ, «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի բժիշկ-սրտաբան Լաուրա Սահակյանը անցել է վերապատրաստում էխոսրտագրության նորագույն և առաջադեմ մեթոդների՝ մասնավորապես եռաչափ (3D) էխոսրտագրության և Strain-էխոսրտագրության կիրառման ծրագրով (3D and speckle tracking training programme)։

Ծրագիրն իրականություն է դարձել վերապատրաստման դրամաշնորհի միջոցով, որը շնորհվել է Եվրոպայի սրտաբանների միության սրտանոթային հետազոտման ասոցիացիայի կողմից։

Դրամաշնորհը տրամադրվում է յուրաքանչյուր տարի՝ աշխարհի տարբեր երկրներից լավագույն 4-5 դիմորդներին։ Նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ բժիշկներին ձեռք բերել փորձ սրտի ոչ ինվազիվ հետազոտության մեթոդների վերաբերյալ, ստանալ մասնագիտացված ուսուցում աշխարհի տարբեր բարձրակարգ կլինիկական կենտրոններում:   

«Կրկնակի հաճելի էր նման հեղինակավոր կրթաթոշակ ստանալ իմ մասնագիտական ոլորտում, քանի որ ես ներկայացնում էի Հայաստանը և Երևանի պետական բժշկական համալսարանը։ Ես իրականացրի իմ նպատակը և անցա եռամսյա վերապատրաստում էխոսրտագրության լավագույն կենտրոններից մեկում՝ Իտալիայի Միլան քաղաքում։ Շատ արդյունավետ և հաճելի էր անմիջականորեն գիտելիք ստանալ էխոսրտագրության համաշխարհային ուղեցույցերի հեղինակներից՝ պրոֆեսոր Լուիջի Բադանոյի ղեկավարությամբ»,- նշում է համալսարանական մասնագետը:  

Էխոսրտագրությունը սրտի կառուցվածքի և ֆունկցիայի գնահատման հիմնական ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդ է: Լաուրա Սահակյանն ընդգծում է, որ այս ոլորտում նշանակալի առաջընթացներից մեկը սրտի եռաչափ (3D) պատկերների մշակումն ու կատարելագործումն էր:  Եռաչափ էխոսրտագրության հիմնական առավելությունը սրտի խոռոչների ծավալների լիարժեք գնահատման, ճշգրտության և վերարտադրելիության բարձրացումն է:

Եռաչափ պատկերման մեկ այլ առավելություն է սրտի փականների կառուցվածքի և բնածին անոմալիաների, ներստային գոյացությունների և կարդիոմիոպաթիաների ավելի հստակ գնահատումը։ Այս մեթոդը կիրառվում է նաև սրտի կառուցվածքային հիվանդությունների ինտերվենցիոն միջամտությունների ժամանակ:  Եռաչափ էխոսրտագրության առավելությունները կիրառելով՝ կարող ենք շատ ավելի հստակ և ճշգրիտ պատկերացում կազմել սրտի կառուցվածքի և ֆունկցիայի վերաբերյալ, ինչն ուղղակիորեն կանդրադառնա բուժման ճիշտ ուղղվածության և որակի վրա։

 «Կարևորում եմ նորագույն ախտորոշիչ մեթոդների կիրառումն ու համապատասխան նորագույն սարքավորումների առկայությունը ցանկացած կլինիկայում, քանի որ ժամանակակից աշխարհում բժշկության բնագավառում մրցունակ լինելու, որակյալ բուժօգնություն տրամադրելու նախապայմաններից է համապատասխան ախտորոշիչ հնարավորությունների ճշգրիտ կիրառումն ու մասնագիտացված բուժանձնակազմի առկայությունը»,- նկատում է ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտը։     

Նշենք, որ համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայում՝ պրոֆեսոր Համայակ Սիսակյանի ղեկավարությամբ, մշտապես իրականացվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման նորարարական մեթոդների ներդրումը և կիրառումը։