• Հայ
  • Рус
  • Eng
Հայ մասնագետները մեծ ներուժ ունեն. գերմանացի բժիշկ-գիտնական
Հայ մասնագետները մեծ ներուժ ունեն. գերմանացի բժիշկ-գիտնական
18.06.2021

Գերմանացի բժիշկ-գիտնական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավիրված պրոֆեսոր Մատիաս Շվաբը Հայաստան ժամանելու դեպքում, առաջին հերթին, վերապատրաստման դասընթաց կանցկացնի ապագա դեղագետների համար:

Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, Թյուբինգենի համալսարանական հիվանդանոցի Կլինիկական ֆարմակոլոգիայի բաժանմունքի վարիչ, Շտուտգարտի Ռոբերտ Բոշ հիվանդանոցի Կլինիկական ֆարմակոլոգիայի՝ Բժիշկ Մարգարետ Ֆիշեր-Բոշ ինստիտուտի տնօրեն Մատիաս Շվաբի հետ զրուցել ենք բժիշկ դառնալու և մասնագիտական վերելքի դժվարին ճանապարհի, ինչպես նաև Հայաստան այցի մասին:  

- Պրոֆեսո՛ր, սկսենք բժիշկ դառնալու Ձեր որոշումից: Արդյո՞ք դա Ձեր երազանքն էր:

Ծնողներս դեղագործներ էին. զբաղվում էին ոչ միայն դեղերի վաճառքով, այլև հիվանդների ախտորոշմամբ և բուժմամբ: Հենց այդ էր պատճառը, որ ես հետաքրքվեցի բժշկությամբ և որոշեցի սովորել այդ մասնագիտությունը: 

Սկզբում ՝10-13 տարի, աշխատում էի որպես մանկաբույժ, ապա ավելի ու ավելի սկսեցի հետաքրքրվել դեղերով և ստացա երկրորդ մասնագիտություն՝ կլինիկական դեղագետի: Այժմ ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձով մանկաբույժ և կլինիկական դեղագետ եմ:

- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել մասնագիտական վերելքի ճանապարհին:

Մի բան է, երբ դու որոշում ես զբաղվել անմիջականորեն հիվանդների բուժմամբ, այլ բան է, երբ դու որոշում ես զբաղվել դեղերի հետազոտությամբ: Ես որոշեցի լինել հետազոտող-գիտնական: Գիտության աշխարհը հրաշալի է, բայց, միաժամանակ, դժվար: Դու պետք է լինես այլ երկրներում, անցնես մասնագիտական վերապատրաստում, ունենաս միջազգային փորձ, այլապես հնարավոր չէ աշխատել հեղինակավոր հաստատություններում: Պետք է հաշվի առնել նաև ընտանիքի շահերը: Ես, օրինակ, ստիպված էի ԱՄՆ վերապատրաստման մեկնել ընտանիքիս հետ: Բացի դրանից, պետք է ապահովված լինել համապատասխան գումարով: Այս ամենն, իհարկե, հեշտ չէր, բայց ինձ հաջողվեց:

- Ինչու՞ որոշեցիք տեղափոխվել գիտության ոլորտ՝ լքելով պրակտիկ բժշկությունը:

Պատճառներից մեկն այն էր, որ ես ուզում էի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են աշխատում դեղի մեխանիզմները, որքանով են արդյունավետ դեղերը, արդյո՞ք կլինիկական ոլորտում կա նոր դեղեր ստեղծելու անհրաժեշտություն: Կարծում եմ՝ սրանով էր պայմանավորված իմ ձգտումը դեպի հետազոտական աշխատանքը:

- Արդյո՞ք բժշկի մասնագիտությունն ունի առավելություններ:

Չեմ կարծում, որ մենք ունենք որևէ առավելություն: Մենք ունենք ավելի շատ պարտականություններ, մեր մասնագիտությունը ներառում է հավելյալ առաջադրանքներ: Օրինակ, ես՝ որպես գիտնական-պրոֆեսոր, ունեմ սովորեցնելու առաքելություն: Սա ես չեմ համարում առավելություն, դա պարզապես իմ ընտրությունն է:

- Ինչպե՞ս կբնութագրեք այն ժամանակաշրջանը, երբ աշխատում էիք որպես մանկաբույժ:

Այդ ժամանակաշրջանը շատ կարևոր էր ինձ համար: Որպես մանկաբույժ՝ ես ծանոթացա կլինիկական աշխատանքին: Շատ բան սովորեցի պացիենտի բուժման, նրանց հետ շփվելու, հիվանդությունները, պացիենտի էմոցիաները հասկանալու տեսանկյունից: Այժմ, լինելով կլինիկական դեղագետ, ես օգտագործում եմ ստացածս փորձը, ինչն օգտակար է իմ հետազոտությունների համար:

- Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Կպատմե՞ք Ձեր հոբբիների մասին:

Այո, իհարկե: Գերմանիայում բժշկություն սովորելու ընթացքում ես սովորեցի նաև եկեղեցական երաժշտություն կատարել: Ազատ ժամանակ ես երգեհոն եմ նվագում եկեղեցում: Իսկ ուսանողական տարիներին եկեղեցում նվագելն ինձ օգնում էր նաև գումար վաստակել՝ բժշկական կրթություն ստանալու համար:

Զբաղվում եմ սպորտով, ինչն օգտակար է առողջության համար: Հասցնում եմ նաև գրքեր կարդալ: Սակայն ազատ ժամանակս միշտ սահմանափակ է: 

- Երբևէ եղե՞լ եք Հայաստանում:

Ցավոք, դեռ ոչ: Իմ այցը Հայաստան նախատեսվում էր 2019-2020 թվականներին, սակայն համավարակի պատճառով դա անհնար դարձավ: Բայց ես ունեմ հայ կոլեգա՝ բժիշկ Լուսինե Դանիելյանը. նա աշխատում է ինձ հետ նույն ինստիտուտում: Եվ հենց նրա շնորհիվ ես շատ բան գիտեմ Հայաստանի մասին: Գիտեմ, որ այն հրաշալի երկիր է՝ հնագույն պատմությամբ և ճարտարապետությամբ, հատկապես՝ եկեղեցիներով: Հայ մասնագետները բավականին կրթված են և տիրապետում են մեծ պոտենցիալի: 

- Պլանավորու՞մ եք, արդյոք, այցելել Հայաստան:

Իհարկե, եթե պատվաստման գործընթացը հաջողությամբ ավարտվի, մենք կայցելենք Հայաստան և, առաջին հերթին, հանդիպում կկազմակերպենք ԵՊԲՀ ուսանողների հետ՝ վերապատրաստման դասընթաց անցկացնելով դեղագետների համար: 

- Որպես փորձառու բժիշկ և գիտնական՝ ի՞նչ խորհուրդ կտաք ապագա բժիշկներին:

Ապագա բժիշկների համար ամենակարևորը կրթությունն է և վերապատրաստումը: 

- Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի լավ բժիշկը:

Նա պետք է լինի շրջահայաց և բաց քննարկումների համար: Բժիշկը պետք է կարողանա խոսել, զրուցել պացիենտի հետ՝  որքան հնարավոր է շատ ինֆորմացիա ստանալու և արդյունավետ բուժում կատարելու համար:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան