• Հայ
  • Рус
  • Eng
Հնդիկ շրջանավարտի կյանքի լավագույն 6 տարին անցել է ԵՊԲՀ-ում
Հնդիկ շրջանավարտի կյանքի լավագույն 6 տարին անցել է ԵՊԲՀ-ում
21.01.2021

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ ընտանիքը երբեք թույլ չի տվել, որ զգամ տնից և ընտանիքից հեռու լինելու փաստը», - այս անգամ իր պատմությունն է ներկայացնում բուհի հնդիկ շրջանավարտ, Ուսանողական խորհրդարանի ակտիվ ներկայացուցիչ, ապագա օրթոպեդ Պրաբհջոտ Սինղը:

Նա ծնվել է Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում, ներկայումս ապրում է Չանդիգարհում: Ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտել է 3 տարի առաջ՝ 2018 թվականին:

25-ամյա Պրաբհջոտը խոստովանում է, որ իրականում բժշկի մասնագիտության ընտրությունն իր անձնական որոշումը չէր. դա ավելի շատ ընտանիքի ցանկությունն էր: «Բայց ԵՊԲՀ-ն առանցքային դեր խաղաց իմ՝ բժիշկ դառնալու գործում: Ես ուղղակի սիրահարված եմ իմ մասնագիտությանը՝ բժշկությանը», - ուրախությամբ նշում է Պրաբհջոտը:

Համալսարանի մասին շրջանավարտն իմացել է, երբ դպրոցն ավարտելուց հետո հանձնում էր մեկ այլ ընդունելության քննություն Հնդկաստանում: «Հետագայում ես ավելի շատ տեղեկություններ հավաքեցի բուհի մասին համացանցի, ինչպես նաև Հնդկաստանում ԵՊԲՀ պաշտոնական ներկայացուցչի շնորհիվ ապահովված որոշ շփումների միջոցով: Ես պարզեցի, որ ավագ դպրոցի իմ ընկերներից մեկը սովորում էր բժշկականում, և ողողեցի նրա ֆեյսբուքյան մեսենջերն իմ բազմաթիվ հարցերով: Ստանալով բոլոր հարցերիս պատասխանները՝ ես հասկացա, որ ԵՊԲՀ-ին միանալը լավ որոշում կլինի: Մինչ այս պահը կյանքիս լավագույն 6 տարիները ես անցկացրել եմ հենց այստեղ», - ընդգծում է Պրաբհջոտ Սինղը:

Շարունակելով իր պատմությունը՝ հնդիկ շրջանավարտը հիշում է, որ երբ  ոտք դրեց Հայաստան 2012 թվականի սեպտեմբերին, որոշ մտավախություններ ուներ, քանի որ Հայաստանն օտար երկիր էր, իսկ նա երբեք ծնողներից հեռու չէր ապրել: «Սակայն Հայաստանի ժողովուրդն իսկապես բարեսիրտ և, միևնույն ժամանակ, հասարակ է: Մի քանի օր Հայաստանում մնալուց հետո իմ անհանգստությունը վերացավ»,- խոստովանում է Պրաբհջոտը: Երևանը, նրա համոզմամբ, լավագույն վայրերից  է, որտեղ երբևէ ապրել է: «Ես այցելել եմ նաև Երևանից դուրս բազմաթիվ տեսարժան վայրեր և միշտ զարմանալի փորձ եմ ձեռք բերել՝ նոր մարդկանց հանդիպելով: Ես շատ հայ ընկերներ ունեմ. դա հնարավոր է դարձել միայն այն պատճառով, որ Հայաստանում մարդիկ այնքան բարեհամբույր են, որ յուրաքանչյուրը կցանկանար շփվել նրանց հետ: Հիմա հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանն իմ 2-րդ տունն է», - ավելացնում է նա:

Պրաբհջոտը սեփական փորձով վերահաստատում է այն փաստը, որ բժշկական համալսարանում կրթությունը միջազգային չափանիշներով է: «Հնդկաստանում շատերը կարծում են, որ օտարերկրյա բժշկական ոլորտի շրջանավարտները կլինիկական հմտություններ չունեն, բայց ԵՊԲՀ շրջանավարտների դեպքում, վստահաբար,  այդպես չէ»,- ասում է շրջանավարտը: Սիմուլյացիոն կենտրոնը և գործնական հմտությունների ամառային դասընթացներն, ըստ նրա, օգտակար են բժշկական ոլորտի ցանկացած ուսանողի համար:

«Ինչպես արդեն նշեցի, Հայաստանն իմ 2-րդ տունն է, և ես, իհարկե, կցանկանայի մնալ ու աշխատել Հայաստանում», - նկատում է Պրաբհջոտը:

Բժշկի կարծիքով, չափազանց կարևոր է կարեկից լինել, ինչպես նաև հիվանդի խնամքի ընթացքում հուզական և մասնագիտական հավասարակշռություն պահպանել: «Բժիշկը երբեք չպետք է դադարի սովորել, որովհետև բժշկական գիտությունն ամեն օր թարմացվում է: Եթե բժիշկը կարծում է, որ գիտի ամեն ինչ, ապա դա նրա ամենամեծ և ամենակոպիտ սխալն է: Իսկ եթե բժիշկը մշտապես ունի բավարար գիտելիքներ և լավ կլինիկական հմտություններ, հաջողությունն, անշուշտ, կսլանա նրա հետևից և ինքնաբերաբար կբախի նրա դուռը», - վստահեցնում է սովորողը:

Երիտասարդ բժիշկներին նա խորհուրդ է տալիս միշտ հիշել, որ մի օր կանգնած կլինեն ինչ-որ մեկի կյանքի և մահվան սահմանագծին:

 «Միշտ ուսումնասիրե՛ք բժշկությունը՝ մտապահելով սա: Իհարկե, նկատի չունեմ, որ պետք է սովորել օրը՝ 24 ժամ, և շաբաթը՝ 7 օր, քանի որ մարդկային միտքը նույնպես հանգստի կարիք ունի: Ես, օրինակ, ուսանելու ընթացքում զբաղվում էի նաև ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության ծրագրերով, որոնք առանցքային դեր խաղացին իմ կյանքում», - վերհիշում է Պրաբհջոտը:

Եզրափակելով իր պատմությունը՝ հնդիկ ապագա օրթոպեդն անկեղծ շնորհակալություն է հայտնում ԵՊԲՀ մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամին, ինչպես նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպանությանը, որոնք մշտապես իր կողքին են եղել Երևանում գտնվելու ընթացքում:

 

 Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան