• Հայ
  • Рус
  • Eng
Հոկտեմբերի 20-ն Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 20-ն Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
20.10.2021

Հոկտեմբերի 20-ին աշխարհը նշվում է Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հիմնական նպատակը հիվանդության և նրա կանխարգելման մեթոդների մասին տեղեկատվության տարածումն է:

Ավելի քան 200 միլիոն մարդ աշխարհում տառապում է օստեոպորոզով: Օստեոպորոզը ոսկրերի հիվանդություն է՝ կապված ոսկրային հյուսվածքների խտության նվազման և նրանց փխրունության բարձրացման հետ, ինչը բերում է կոտրվածքների առաջացման:

Մինչև 30 տարեկանը մարդը ֆիզիոլոգիապես հավաքում է ամենաշատ ոսկրային զանգվածը: Շատ կարևոր է այդ տարիքում հավաքել համապատասխան քանակությամբ ոսկրային հյուսվածք, քանի որ ֆիզիոլոգիապես 30 տարեկանից հետո մարդը սկսում է կորցնել այն:

Վիճակագրության համաձայն` 50 տարեկանից բարձր յուրաքանչյուր երեք կանանցից մեկն օստեոպորոտիկ կոտրվածք է ունենում: Յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ նույն վտանգի առաջ է կանգնած։ Այնուամենայնիվ, օստեոպորոզով հիվանդների միայն 20 տոկոսն է ախտորոշվում և բուժվում:

Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է Միացյալ Թագավորությունում՝ 1996 թվականին: Օստեոպորոզի միջազգային հիմնադրամն այդ նախաձեռնությանը սկսեց աջակցել 1997 թվականից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես եկավ որպես Օստեոպորոզի համաշխարհային օրվա համահովանավոր 1998 և 1999 թվականներին:

Այսօր օստեոպորոզի դեմ պայքարին նվիրված միջոցառումներն անցկացվում են աշխարհի ավելի քան 90 երկրում: