• Հայ
  • Рус
  • Eng
Հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին
Հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին
19.03.2021

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ:

«Կիմին հայրենասիրությունը փոխանցվել է ոչ թե դաստիարակության, այլ գենի միջոցով: Նա առանց վայրկյան մտածելու կամավորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին՝ «ով, եթե ոչ ես» խոսքերը շուրթերին»,- ասաց անմահացած հերոսի մայրը՝ Նարինե Միքայելյանը, շեշտելով, որ որդին զինվորագրվել և պատերազմ է գնացել դրոշները ձեռքին ծածանելով, ավա՛ղ, ափսո՛ս, վերադառնալով դրոշն իր վրա կրելով՝ միացել է հանուն հայրենիքի նահատակված քաջ հայորդիներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ անմահացած հերացիականները հայրենասիրության, մարդասիրության և գթասրտության օրինակ են: Նրանք բժշկի այն կերպարներն են, որոնք պատրաստ են մարտի դաշտում պաշտպանել հայրենիքն ու ազգի արժանապատվությունը, միևնույն ժամանակ հավատարիմ մնալ ամենամարդասիրական մասնագիտությանը՝ բժշկի կոչմանը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի բնորոշմամբ՝ դասախոսների և ընկերների կողմից սիրված Կիմը հայրենասիրության իրական կերպար էր: Նա ռազմաճակատ մեկնեց հայրենիքի նկատմամբ պարտքի մղումով: «Բոլորս խոնարհվում ենք անմահացած հերոսի հիշատակի և ընտանիքի առաջ»,-նշեց դեկանը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած սովորողի ընկերներն ու ապագա բժիշկները նրա ծննդյան օրվա առթիվ և ի հիշատակի՝ ոչ թե սգալու, այլ նրա գաղափարներն օրինակ դարձնելու համար «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագրի շրջանակում ներկայացրին մերօրյա հերոսի կողմից սիրված ստեղծագործություններն ու ռազմահայրենասիրական երգերը:

Ինչպես նշեց բժշկական բուհի ղեկավարը, այս միջոցառումները պարտավորեցնող են յուրաքանչյուրի համար: Բուհի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է միջնորդել ԵՊԲՀ գիտական խորհրդին հաստատելու կարգ, որպեսզի կլինիկական օրդինատուրա ընդունվելու դեպքում սովորողներն անցնեն ռազմաբժշկական հատուկ կուրս: «Յուրաքանչյուր սովորող, որը ավարտում է բժշկական համալսարանը և բժշկելու իրավունք է ստանում, պետք է պատրաստ լինի թե՛ աղենտների, թե՛ ռազմական գործողությունների ժամանակ իրականացնել իր առջև դրված խնդիրները»,-ընդգծեց ԵՊԲՀ ռեկտորը:

Կիմ Խաչատրյանի հիշտակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում ամփոփվեց նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից անմահ հերոսի պատվին անցկացվող զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության միջֆակուլտետային մրցույթների արդյունքները, որին մասնակցելու համար դիմել էին մեծ թվով ապագա բժիշկներ: Մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ հաղթողներն արժանացան մրցանակների:

Կիմ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 31-ին՝ արկի պայթյունի հետևանքով: