• Հայ
  • Рус
  • Eng
Ինքնակրթության անվերջանալի ուղին է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին. Համայակ Սիսակյան
Ինքնակրթության անվերջանալի ուղին է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին. Համայակ Սիսակյան
14.04.2021

Սիսակյան ազգանունն իր հաստատուն տեղն ունի բժշկական  աշխարհում: Պրոֆեսոր Համայակ Սիսակյանն արդեն շուրջ երկու տասնամյակ մասնագիտական գործունեություն է ծավալում 100-ամյա բժշկական կրթօջախում՝ շարունակելով հոր՝ անվանի բժիշկ-կենսաբան, Բժշկական կենսաբանության ամբիոնի երկարամյա նախկին վարիչ Սոս Սիսակյանի՝ ապագա բժիշկներին կրթելու, մարդկանց օգնելու առաքելությունը:  Խոստովանում է՝ դժվար է կյանքը պատկերացնել առանց ԵՊԲՀ-ում տիրող ակադեմիական միջավայրի:

 «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի և «Թոմաս Ջեֆերսոն» ուլտրաձայնային ուսումնական կենտրոնի ղեկավարի մասին է «Բժշկի ուղին» շարքի 37-րդ թողարկումը:

«Բժշկական մթնոլորն ինձ հարազատ է եղել փոքր հասակից: Դեռ դպրոցական տարիներից էի հետաքրքրվում բժշկագիտությամբ: Մեծացել եմ դասախոսների և բժիշկների շրջապատում: Հորեղբայրս ու մորաքույրս նույնպես բժիշկներ էին:»,- պատմում է ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը՝ նշելով, որ իր կինը ևս բժիշկ է՝ մանկական հեմատոլոգ, իսկ ավագ դուստրը շարունակում է ընտանիքում ձևավորված ավանդույթը՝ ընտրելով բժշկի մարդասիրական մասնագիտությունը:  

Անցնելով մասնագիտական կայացման հարուստ ճանապարհ

Սերը դեպի ներքին հիվանդությունները ձևավորվել է արդեն բարձր կուրսերում, կլինիկական առարկաներ ուսումնասիրելիս, երբ զուգահեռ հերթապահել է նաև Հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում, իսկ արդեն 6-րդ կուրսում ֆելդշեր է աշխատել շտապօգնության ծառայությունում:

«Հիվանդանոցային կյանքին ծանոթանալն ինձ թույլ տվեց ընտրել իմ նախասիրությունը, այն ուղղությունը, որի շրջանակում ձեռք բերեցի նեղ մասնագիտացում»,- պատմում է պրոֆեսորը:

Բժշկական բուհի Պրոպեդևտիկայի և Ներքին հիվանդությունների ամբիոնում ուսանելիս բժիշկ-գիտնականներ` պրոֆեսոր Ռաֆայել Մամիկոնյանը և դոցենտ Ռոզա Շահնազարյանը,  մեծ դեր են խաղացել նրա մասնագիտական կողմնորոշման, կայացման գործում:   

Հետագայում արդեն բժշկական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում աշխատանքի անցնելու ընթացքում իր գիտական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել կենտրոնի ղեկավար, «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագիր ղեկավար Արտո Զիլֆյանը: Պատահական չէ, որ արդեն 14 տարի է նա այս գիտական հրատարակության գլխավոր խմբագրի տեղակալն է:

«Հիշում եմ՝ հորս հետ ամեն շաբաթ քննարկումներ էինք ունենում տարբեր գիտական, հետազոտական թեմաների շուրջ: Հորս օրինակն իսկապես մեծ ազդեցություն ունեցավ իմ ընտրած մասնագիտական ուղու վրա»,- մանրամասնում է Համայակ Սիսակյանը՝ ընդգծելով, որ հոր ներկայությունը բժշկական համալսարանում, նրա զավակը լինելն, ինչ խոսք, պարտավորեցնող էր, սակայն ինքը միշտ ձգտել է անկախության, ինչն ապացուցել է իր անցած ճանապարհով:

1995 թվականին ապագա բժիշկ-գիտնականն իր ցանկությամբ է որոշել վերապատրաստվել արտերկրում: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայտարարած դրամաշնորհի շրջանակում տասը բժիշկներից 4-ի կազմում նա Ֆիլադելֆիայում տեղակայված Թոմաս Ջեֆերսոն համալսարանում անցնում է վերապատրաստում: Գիտելիքների կատարելագործման այս հնարավորությունը սրտաբանի կյանքում շրջադարձային էր, քանի որ մի քանի ամսվա ընթացքում իրեն հաջողվել է ձեռք բերել կարևորագույն գիտելիքներ: 

Արխիվային լուսանկարներից մեկում նա առանձնացնում է հենց այդ՝ համալսարանի Ռադիոլոգիայի բաժանմունքի էխոսրտագրության ինստիտուտի տնօրեն  Բարի Գոլդբերգի (Barry Goldberg) հետ լուսանկարը:

Վերհիշելով բժշկական համալսարանում անկացրած ուսանողական հագեցած տարիները նշում է՝ բժշկագիտություն ուսուցանողները ժամանակի գերակշիռ մասը պետք է անցկացնեն  հիվանդանոցներում, բժշկական գրադարաններում, սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում:

«Ապագա բժիշկը պետք է շատ կարդա և սովորի, հենց սա է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին»,- փաստում է  փորձառու մասնագետը: Նրա խոսքով՝ իրեն հաջողվում է համատեղել գիտամանկավարժական, կլինիկական գործունեությունը՝ շնորհիվ աշխատանքային լավ կոլեկտիվի, աշխատանքի ճիշտ բաշխվածության:  

Կենսագրական տվյալներ

Համայակ Սիսակյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ 1992-1994թթ. կլինիկական օրդինատուրա է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնում։ 1994-1999թթ. ԵՊԲՀ ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի ասիստենտ է եղել, 2000-2003թթ.՝ դոցենտ։ 1994թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1999-2004թթ. ղեկավարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի սիրտ-անոթային ախտորոշման բաժանմունքը։ 2004–2010թթ.  ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ներքին հիվանդությունների և սրտաբանության կլինիկայի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր և ղեկավարն էր։ 2001 թվականին Մոսկվայի Սեչենովի անվան ակադեմիայում պաշտպանել է գիտական թեզ «Միոկարդիալ ռեմոդելավորման կլինիկական և պաթոգենետիկ բնութագրերը իդիոպաթիկ դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքում» թեմայով և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։  1999թ.-ից համագործակցում է Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի, Ջեֆերսոն ուլտրաձայնային ուսուցման և հետազոտական ինստիտուտի, 2003թ.-ից՝ Բազելի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հետ։ Վերապատրաստումներ է անցել Համառուսական սրտաբանական գիտական կենտրոնում (Մոսկվա, 1994թ.), Թոմաս Ջեֆերսոն համալսարանական հիվանդանոցում (Ֆիլադելֆիա, 1995թ.), Թոմաս Ջեֆերսոն համալսարանական հիվանդանոցում (1999թ.)։ Ամերիկայի Սրտի ասոցիացիայի անդամ (fellow), 2019թ. -ին ընտրվել է Հայաստանի Սրտաբանական ասոցիացիայի նախագահ: Անդամակցում է Եվրոպական Սրտաբանական ասոցիացիային, Սրտային անբավարարության ասոցիացային, Եվրոպայի սրտաբանների միության էխոկարդիոգրաֆիայի ասոցիացիային: Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական միության անդամ է։ 2007թ.-ից ԵՊԲՀ  «Նոր հայկական բժշկական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալն է: 2007-2012թթ. Ռուսական սրտաբանական ամսագրի խմբագրակազմի անդամ էր։ Պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալով» (2005թ., 2010թ.), «Մխիթար Հերացի» մեդալով (2017թ.)։ Հեղինակ է 100 -ից ավելի գիտական, այդ թվում միջազգային աշխատանքի։

Հաջողությամբ ղեկավարում է հանրապետության սրտաբանական առաջատար կլինիկաներից մեկը

Համայակ Սիսակյանի  ղեկավարած Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկան հանրապետության սրտաբանական առաջատար ծառայություններից մեկն է։ Այստեղ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման բարձր որակ և արդյունավետություն: Կլինիկայի փորձառու և ճանաչում ունեցող բժիշկները մշտապես ձգտում են սիրտ-անոթային հիվանդությունների վերաբերյալ իրենց գիտելիքներն ու պատկերացումները խորացնել և լայնացնել գիտահետազոտական և կլինիկական աշխատանքների միջոցով:

Ղեկավարի խոսքով՝ կլինիկայում ապագա մասնագետների, կլինիկական օրդինատորների ընտրությունը բծախնդիր է կատարվում՝ հարցազրույցի միջոցով առաջնահերթություն է տրվում բարձր առաջադիմություն ունեցող, մոտիվացված, հետազոտական աշխատանքի հանդեպ հետաքրքրություն ունեցող, կարգապահ սովորողներին:  Սովորողների հետաքրքրությունը սրտաբանության հանդեպ մեծ է: Այս պահին կլինիկայում մասնագիտացում է ձեռք բերում 40 կլինիկական օրդինատոր:

Համայակ Սիսկայանը սրտաբանության ոլորտում սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտման և բուժման նոր մեթոդների ներդրողներից է:

Նա առաջիններից է, որ Հայաստանում կիրառել է ներկերակրափողային էխոսրտագրության մեթոդը: 2015 թվականին առաջին անգամ հենց իր ղեկավարած կլինիկայում է իր կողմից կիրառվել սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան՝ սրտի ՄՌՏ-ն: Հետևողական աշխատանքի և կրթական, նյութատեխնիկական առաջխաղացման արդյունքում մեթոդը լայն կիրառում է ստացել: Այսօր համալսարանական կլինիկայում ամսական 10-ից ավելի սրտի ՄՌՏ է կատարվում:

2020 թվականին աշխարհում և նաև Հայաստանում կորոնավիրուսային  համավարակը փոփոխեց նաև սրտաբանների՝ վարակված պացիենտներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությունները: Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավարը փաստում է, որ համավարակի պայմաններում աշխատելու իրավիճակը նոր էր նաև բժիշկների համար: Չափորոշիչների բացակայությունը դժվարեցնում էր պացիենտների բուժման ընթացքը:

Մեկ տարվա ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ, այսօր մահացության ավելի ցածր ցուցանիշներ են առկա, քան նախորդ տարի: Սպիտակ բանակի ներկայացուցիչների պայքարը տվեց իր արդյունքը. ամբողջ աշխարհում հստակեցում կա բուժման մեխանիզմներում: Ինչպես ցույց տվեց փորձը, Covid-19 ախտորոշմամբ պացիենտների մոտ սիրտ-անոթային խնդիրներ կարող են առաջանալ անկախ քրոնիկ հիվանդությունների առկայության, հետևաբար սրտաբանը կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացող բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի:

Համայակ Սիսկայանը նաև համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝  ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ընդծգում է, որ իր համար այս պաշտոնը պարտավորեցնող է: Նա իր մասնակցությունն է ունենում համալսարանական կարևոր նախաձեռնությունների իրականացման, որոշումների կայացման գործում: Որպես բժշկագիտության դարբնոցում թրծված բժիշկ՝ ցանկանում է, որպեսզի համալսարանը շարունակի զարգանալ կրթական և հետազոտական ամուր հիմքերի վրա՝ ապահովելով միջազգային ճանաչում:


Լուսանկարները՝ Համայակ Սիսակյանի անձնական արխիվից