• Հայ
  • Рус
  • Eng
Կլինիկական օրդինատորի պայքարն ընդդեմ վիրուսի և հանուն կյանքի
Կլինիկական օրդինատորի պայքարն ընդդեմ վիրուսի և հանուն կյանքի
26.07.2021

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի թորակալ վիրաբուժության 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Գոռ Հայրապետյանը պատերազմի օրերին աշխատել է Արարատի հիվանդանոցում որպես հերթապահ բժիշկ։

«Այդ օրերին Արարատի հիվանդանոցը մարզի միակ ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցն էր։ Մյուս բուժկենտրոնները վերապրոֆիլավորվել էին որպես Covid-կենտրոններ, իսկ Մասիսի հիվանդանոցը՝ որպես զինվորական հոսպիտալ։ Աշխատել ենք գերծանրաբեռնված ռեժիմով։ Օրական 60–ից ավել ամբուլատոր հիվանդ էր սպասարկվում։ Դրա հետ մեկտեղ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, որպես թորակալ վիրաբուժության կլինիկական օրդինատոր, մասնակցում էի վիրավոր զինվորների բուժման աշխատանքներին։ Պատերազմի ընթացքում բավական տարածված էր թորակալ վիրավորումները։ Աշխատանքը շատ էր։ Բոլորս այդ օրերին լծված էինք գործին»,-նշում է կլինիկական օրդինատորը։

Ըստ նրա՝ բժշկի աշխատանքը պատերազմի օրերին ավելի է արժևորվում. «Պատերազմի օրերին դառնում ես ընդհանուրի մի մասնիկը՝ զինվորի, հրամանատարի, փրկարարի, մանկավարժի, հացթուխի հետ միասին։ Բոլորի նպատակը մեկն է՝ պայքարը հանուն հայրենիքի, հանուն հավատքի, հանուն գոյության»։

Ապագա թորակալ վիրաբույժը պատերազմի օրերին սովորել է մոռանալ անձնականը, «ես»–ը, սեփական զգացումներն ու ֆիզիկական վիճակն ու մտածել միայն մարդկանց օգնելու մասին. «Բառիս ամենալայն իմաստով գիշեր–ցերեկ։ Ամենակարևորը սովորեցի ցավը ներսումս խեղդել, բայց երբեք սառնասիրտ չդառնալ»։

Պատերազմից առաջ՝ հուլիս-օգոստոսին, Գոռն աշխատել է Մասիսի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում որպես հերթապահ բժիշկ։ Այդ ժամանակ կար թշնամի, ու կար պատերազմ, բայց առանց կրակոցի։ Պատերազմ ընդդեմ վիրուսի, հանուն կյանքի, հանուն հիվանդի սատուրացիայի բարձր ցուցանիշների:

Մարդկանց օգնելու, ցավը, տառապանքը թեթևացնելու ցանկությունն է Գոռին ստիպել ընտրել բժշկի մասնագիտությունը։

«Ծնողներիս հպարտությունն ու ոգևորվածությունն ինձ ստիպեցին ավելի հասուն տարիքում հաստատակամ լինել որոշմանս մեջ։ Ընտրել եմ թորակալ վիրաբույժի նեղ մասնագիտացումը, որովհետև ուսանողական տարիներին, տարբեր առարկաներից միշտ հետաքրքրությամբ եմ վերաբերվել թոքերի և շնչառական համակարգի խնդիրներին ու դրանց լուծմանը։ Իսկ թորակալ վիրաբուժությունը, ինչպես գիտենք, մեծ մասամբ զբաղվում է շնչառական օրգանների վիրաբուժական խնդիրներով»,- նշում է սովորողը։

Գոռ Հայրապետյանի կարծիքով՝ բժշկին բնորոշ ամենակարևոր հատկանիշը սրտացավությունն է, մշտապես օգնելու պատրաստակամությունը։ Իսկ այս հատկանիշները ծնում են աշխատանքային որակներ՝ պարտաճանաչություն, ճշտապահություն և կարգապահություն։

Ապագա թորակալ վիրաբույժն անչափ հետաքրքրված է նաև տիեզերքով։ «Փորձում եմ հնարավորինս տիրապետել տիեզերական բոլոր նորություններին։ Նախասիրություններիս մեջ կարող եմ առանձնացնել նաև առողջապահական մենեջմենթը, որը հետագայում պլանավորում եմ հասցնել մասնագիտական մակարդակի՝ ստանալով առողջապահության կազմակերպչի որակավորում»,- ամփոփում է կլինիկական օրդինատորը: