• Հայ
  • Рус
  • Eng
Կորոնավիրուսային համավարակն էլ ավելի արժևորեց համաճարակաբանի մասնագիտությունը
Կորոնավիրուսային համավարակն էլ ավելի արժևորեց համաճարակաբանի մասնագիտությունը
24.03.2021

Բժիշկ-համաճարակաբանների համար անցած մեկ տարին ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով է ընթացել: Ամենօրյա լարված աշխատանքը դեռ չի ավարտվել: Կորոնավիրուսի դեպքերի թվի աճով պայմանավորված շարունակում է օրակարգային մնալ հակահամաճարակային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:

ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանը մեկն է համավարակի դեմ տարվող պատերազմի մասնագետ-մարտիկներից, որը մեր երկրում Covid-19-ը համավարակի առաջին դեպքի հաստատումից սկսած, նաև դրան նախորդող ժամանակահատվածում այլ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված  լայնածավալ աշխատանք է իրականացնում: Համաճարակաբանը հետահայաց պատմում է մեկ տարում կատարված թիմային աշխատանքի մասին:  

«Բժշկական համալսարանում արդեն հունվարին, երբ Չինաստանում արձանագրվում էին դեպքերը, մշակվեցին կորնավիրուսային հիվանդության, սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդությունների կանխարգելման, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման կարգերը: Մեր խնդիրը ոչ միայն հիվանդանոցային համալիրներում հակահամաճարակային ռեժիմի իրականացումն էր, այլև ուսումնական գործընթացի հետ կապված, հանրակացարանում բնակվող օտարերկրացի ուսանողների շրջանում վարակի կանխարգելման կազմակերպչական խնդիրները: Կազմվեցին այդ նպատակով միջոցառումներ՝ իրենց սցենարներով»,-նշում է Կարինե Պողոսյանը՝ շարունակելով, որ արտերկրից Երևան ժամանած ուսանողները մեկուսացվեցին Ծաղկաձորում, որտեղ վարակաբանների հետ միասին հսկողություն էր սահմանված մինչև կարանտինից դուրս գալը:

Մասնագետը պատմում է, որ  նաև սահմանների փակ լինելու պատճառով եղավ այնպիսի իրավիճակ, երբ խնդիրներ առաջացան անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու հետ կապված, սակայն ԵՊԲՀ ղեկավարության աջակցությամբ՝ ճիշտ կառավարման շնորհիվ համալսարանական կառույցներն ապահովվել են անհրաժեշտ պարագաներով` դեղեր, ախտահանիչներ,  բուժանձնակազմի անհատական պաշտպանիչ միջոցներ, թթվածնի օքսիգենատորներ և այլն:

Հունիս-հուլիս ամիսներին, ինչպես նաև պատերազմի ընթացքում  դեպքերի կտրուկ ավելացում արձանագրվեց, երբ հիվանդանոցային մահճակալները չէին բավականացնում, հերթագրված հիվանդները տանը սպասում էին իրենց հոսպիտալացմանը: Համալսարանական կլինիկաներում մեծ հոսքերի ժամանակ կասկածելի պացիենտների առանձին մեկուսացումն ապահովելու համար վերանորոգվեցին, կահավորվեցին նոր տարածքներ, ինչպես նաև վերապրոֆիլավորվեցին բաժանմունքներ:

«Ինձ մի պահ  թվում էր, թե էլ ավելի սարսափելի վիճակ չէր կարող լինել կյանքում, սակայն ամենասարսափելին պատերազմն էր, երբ երկու ուղղությամբ էինք պայքարում, երբ զինվորների մոտ կորոնավիրուսային հիվանդության դեպքեր էին արձանագրվում»,- ընդգծում է Հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետը:

Նրա գնահատմամբ՝ դժվարություններ, իհարկե, եղել են, սկզբնական շրջանում խուճապ կար բուժանձնակազմի կողմից, առկա էին  կազմակերպչական հարցեր:

«Մեր բաժնի աշխատակիցներով բուժանձնակազմի հետ զուգահեռ եղել ենք կարմիր գոտում՝ հիվանդներին նմուշառելով, մեկուսացման ռեժիմներն ապահովվելով, տեղափոխելով այլ մասնագիտացված կլինիկաներ: Ամեն մի բուժաշխատողի հիվանդացման դեպք շատ ծանր է ինձ համար, անհանգստանում եմ մինչև յուրաքանչյուր պացիենտի առողջանալը»,- ասում է Կարինե Պողոսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում բուժաշխատողները մեծ փորձ են ձեռք բերել:

Փորձառու համաճարակաբանի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը համաճարակաբանությունը որպես մասնագիտություն ավելի արժևորվեց:

Այն ապագա բժիշկները, որոնք պատրաստվում են ընտրել այս նեղ մասնագիտացումը, պետք է առաջին հերթին սիրեն այն, լինեն լավատես, պատրաստ դիմակայել դժվարություններին և նվիրվեն իրենց գործին:

«Դժվարություններն ու հիասթափություններն անմասն չեն յուրաքանչյուր աշխատանքից, սակայն պետք է հասկանալ, որ ոչ մի չլուծվող խնդիր չկա և պայքարը պետք է լինի թիմային, ինչպես եղավ մեր պարագայում: Եթե բուհում չլինեին արհեստավարժ ղեկավարներ, վարակաբանների բանիմաց թիմ,  շատ դժվարությունների կբախվեինք»,- շեշտում է մասնագետը:

 Նա շնորհակալ է բոլորից, որոնք աջակցել են, օգնել են և մինչև այսօր բժիշկների թիմի կողքին են, որովհետև ինչպես տեսնում ենք հիվանդությունը չի նահանջել, դեռ պայքարում ենք և, քանի որ գործ ունենք  նոր վիրուսի հետ, որը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ, սակայն  կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ կարող ենք թուլացնել  վարակի տարածումը, ապա կոչ է անում պահպանել հետևյալ 3 կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և իրականացնել ձեռքերի հիգիենիկ մշակում:

Նշենք, որ բժշկական բուհն ավարտելուց հետո Կարինե Պողոսյանը մասնագիտական կայացման երկար ճանապարհ է անցել՝ տարբեր առողջապահական կազմակերպություններում աշխատելով որպես  բժիշկ համաճարակաբան՝ համաճարակաբանության ծառայության ղեկավար: Վերապատրաստվել է Հայաստանում և արտերկրում: Այսօր նա իր հարուստ փորձը փոխանցում է նաև ապագա բժիշկներին: