• Հայ
  • Рус
  • Eng
Լարիսա Ավետիսյանը կյանքում հաջողության հասնելու համար կրթությունն առաջին տեղում է դասում
Լարիսա Ավետիսյանը կյանքում հաջողության հասնելու համար կրթությունն առաջին տեղում է դասում
18.05.2021

Սերունդներ կրթող բժշկական բուհի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բ.գ.դ. պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանն բուհն ավարտելուց հետո իր աշխատանքային գործունեությունը ծավալել է բժշկական համալսարանում:

1975-1981 թվականներին սովորել է ԵՊԲՀ սան-հիգիենիկ ֆակուլտետում, 2005-ից առ այսօր ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչն է, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից: 

Համալսարանական լսարանին ենք ներկայացնում Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի հաջողության հասնելու բանաձևը և բուհի առաջընթացի նրա տեսլականը: 

-Ձեր ճանապարհը բժշկական բուհի հետ սկսել եք ավելի քան չորս տասնամյակ առաջ: Կպատմե՞ք` ինչպե՞ս ընտրեցիք մասնագիտությունը, ուսանողական տարիների և համալսարանում ձեր գործունեության մասին: 

-Ինձ միշտ շատ հոգեհարարազատ է եղել ֆիզիկամաթեմատիկական բնագավառը, որոշ չափով նաև միջազգային հարաբերությունները, սակայն ծնողներիս խորհրդով ընտրեցի բժշկությունը: Համալսարանն ավարտելուց հետո ընդունեցի բուհում աշխատելու առաջարկը և մինչ այս պահը հաճույքով կատարում եմ այն: Սովորելու տարիներին եղել եմ շատ ակտիվ, դպրոցում ղեկավարել եմ «Դրուժինայի խորհուրդը», ապա կոմերետմիության քարտուղարն էի, հետագայում ղեկավարել եմ համալսարանի կոմերետմիության աշխատանքները: Ինչպես մեր օրերում, այնպես էլ իմ սովորելու տարիներին, բժշկական համալսարանում առաջինից երրորդ կուրսերում սովորելը շատ ժամանակ էր պահանջում: Դա էր պատճառը, որ այդ ընթացքում չեմ ցուցաբերել որևէ հասարակական ակտիվություն: Չորրորդ կուրսում ֆակուլտետի, իսկ բուհն ավարտելուց հետո համալսարանի կոմերետմիության կոմիտեի քարտուղարն էի: Նշեմ, որ դա հետաքրքիր դպրոց էր, որն օգնել է ինձ հասկանալ կյանքի, ճիշտ ապրելու և արարելու փիլիսոփայությունը:

Պետական ավարտական քննությունների ժամանակ, ինչպես արդեն ասացի, առաջարկ ստացա աշխատել ամբիոնում, ինչին սիրով համաձայնեցի: Այդ օրվանից մինչ այս պահը ես բուհի պատերի ներսում եմ և այն ինձ համար դարձել է երկրորդ տուն:

-Յուրաքանչյուրն ունի հաջողության հասնելու իր բանաձևը: Ո՞րն է ձեր բանաձևը, և ի՞նչ տեղ ունի կրթությունը՝ կյանքում հաջողությունների հասնելու հարցում: 

-Կյանքում հաջողության հասնելու համար կրթությունն, իհարկե, առաջին տեղում է: Հաջորդ կարևոր գործոնն աշխատասիրությունն է: Պարտադիր պայմաններից է նաև կարգապահությունը, և ինչու ոչ նաև հաջողակ լինելը. կարևոր է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը: 

-Դուք աշխատանքային երկար տարիներ եք նվիրել բուհին, ունե՞ք այլ հետաքրքրություններ, որոնցով լցնում եք ձեր ազատ ժամանակը: 

-Վերջին շրջանում, չնայած ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, այն փորձում եմ նվիրել ընտանիքիս, մայրիկիս, քանի որ ծնողներին խիստ անհրաժեշտ է, հատկապես, մեծ տարիքում մեր ուշադրությունն ու հոգատարությունը: Ինձ հետաքրքրում են նաև աշխարհի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները. դրանք փոխկապակցված են, և, անպայման, որևէ կերպ պրոեկտվում են մեր երկրի վրա: Կարծում եմ՝ իրավիճակի ճիշտ վերլուծություն կատարելու համար, անհրաժեշտ է հիմնվել ինֆորմացիայի սկզբնաղբյուրների օբյեկտիվ ցուցանիշների վրա: 

-Ինչո՞վ պետք է առաջնորդվեն ուսանողները մասնագիտություն ընտրելիս: Ձեր զավակների մասնագիտական կողմնորոշման վրա դուք ազդեցություն ունեցե՞լ եք: 

-Ցանկացած բնագավառում հնարավոր է հասնել խորքային հաջողությունների՝ աշխատանքը սիրով կատարելու պարագայում միայն: Ի տարբերություն ծնողներիս՝ զավակներիս մասնագիտական ընտրության հարցում ես ազդեցություն չեմ ունեցել: Ավագ դուստրս զբաղված է ստեղծագործ աշխատանքով. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, ապա կրթությունը շարունակել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում և այժմ զբաղվում է իր սիրած աշխատանքով:  Կրտսեր դուստրս ընտրեց բժշկի մասնագիտությունը, և չնայած այժմ բնակվում է արտերկրում՝ ես հույս ունեմ, որ մի օր անպայման կվերադառնա հայրենիք:

Հավելեմ, որ եթե այնպես է ստացվում, որ քո ընտրած մասնագիտության մեջ չես գտնում քեզ, երբեք ուշ չէ երկրորդ մասնագիտություն ընտրելու հնարավորությունն օգտագործելը: Մի պահ ես փորձեցի մասնագիտանալ իրավաբանության բնագավառում՝ ինձ հետաքրքրող ոլորտները խորքային իմանալու համար, բայց հանգամանքների բերումով այն չկարողացա իրականացնել: 

-Ուսումնամեթոդական ծրագրերը փոփոխությունների են ենթարկվում ժամանակին համընթաց: Որո՞նք են այսօրվա հրամայականները և դրանց անցում կատարելու համար ի՞նչ առաջնահերթություններ կան: 

-Տարիներ առաջ Հայաստանում ներդրված չէր կրթության որակի գնահատման և ապահովման համակարգը: Մասնակցելով կրթության որակի ապահովման դրամաշնորհային բազմաթիվ ծրագրերի և լինելով եվրոպական առաջատար բուհերում՝ ես ունեմ մեր կրթական դաշտը միջազգային կրթության որակին համապատասխանեցնելու  առկա հիմնական խնդիրների լուծման իմ տեսլականը: Երբ ինձ առաջարկվեց համակարգել ուսումնական աշխատանքները, ես արդեն պատկերացնում էի խնդիրների առաջնահերթությունը: Ակադեմիական ոլորտը դանդաղ շարժվող մեխանիզմ է, և փոփոխություններն անմիջապես չեն տալիս իրենց արդյունքները. տարիներ են պահանջվում: Պայմանավորված վերջին մեկուկես տարվա իրադարձություններով՝ համավարակ, պատերազմ, մեր կողմից պլանավորված և իրականացվող աշխատանքների տեմպը փոքր ինչ դանդաղել է, սակայն վստահ եմ, որ համալսարանի ղեկավարության և կոլեկտիվի  հետ համատեղ աշխատանքների արդյունքում կապահովենք նախատեսված արդյունքը: Հատկապես կարևորում եմ  ուսուցման պրոցեսում կիրառվող գործիքակազմի լրամշակման, նոր մեթոդների ներդրման և դասախոսների վերապատրաստումների հետ կապված խնդիրների լուծումը: Առաջին անգամ բժշկական կրթության մեջ ներդրվել է արհեստական ինտելեկտի գործիքը: Մենք աշխատել ենք IT ոլորտի մասնագետների հետ, մշակվել են արհեստական ինտելեկտի գործիքի ուսումնական գործընթացում օգտագործելու ճանապարհները և այս ամենի արդյունքում ուսանողները կլինիկական դեպքերի վերլուծություն կատարելու անսահմանափակ հնարավորություն կունենան: Կլինիկական բոլոր առարկաները ներառվելու են այդ համակարգի մեջ: Այս ծրագիրն արդեն պատրաստ է և փորձնական ներդրվել է 2 կլինիկական ամբիոնում: Հետագայում նախատեսում ենք այսպիսի ծրագիր ունենալ նաև տեսական բժշկական առարկաների համար:

Այսօր մեր խնդիրներից մեկը կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի ներդրումն է: Մենք մշակել ենք «Հետազոտության հիմունքները» նոր առարկայական մոդուլ, որը փորձարարական ձևով 1 տարի է կիրառվում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետում: Նոր ուսումնական տարում այդ մոդուլի արդյունավետությունն ամփոփելուց հետո այն կներդրվի նաև մյուս ֆակուլտետներում` հնարավորություն տալով ամրապնդել ուսումնառության, հետազոտական աշխատանքների և գիտության կապը:

Բժշկական համալսարանը վերջերս վեց տարի ժամկետով անցավ ինստիտուցոնալ հավատարմագրում: Առաջիկայում դիմելու ենք միջազգային բժշկական կրթության որակավորման կենտրոնին՝ կրթական ծրագրերի հավատարագրման հայցով: Եթե ունենանք կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրում՝ կմեծացնենք մեր համալսարանում կրթություն ստանալու շահագրգիռ անձանց թիվը:Դա շատ կարևոր է նախևառաջ այն պատճառով, որ ըստ կրթության մասին օրենքի բժշկական կրթական ծրագրերը պետք է լինեն հավատարմագրված և նաև այն պատճառով, որ օրինակ արտասահմանյան շատ երկրներ մի քանի տարի հետո միջազգային հավատարմագրում չանցած կրթական ծրագրերը չեն ճանաչելու: 

-Բժշկական համալսարանի կողմից վերջին տարիների ընթացքում կատարվում են լայնածավալ բարեփոխումներ: 100-ամյա բուհը, հատկապես ո՞ր ոլորտներում է առավել մեծ հաջողություններ գրանցում:

-Բուհի թիվ մեկ առաքելությունը բժիշկներ կրթելն է: Այստեղ հաջողություններն ակնհայտ են. մեր շրջանավատները փայլուն գործունեություն են ծավալում և՛ հայրենիքում, և՛ սահմաններից այն կողմ՝ աշխարհի զարգացած երկրներում: Չնայած, ինչպես արդեն ասացի, կրթության ոլորտում անելիքները շատ են, այնուամենայնիվ, 100-ամյա բուհը արժանահավատ կատարել է իր առաքելությունը կրթության դաշտում:

Ես համոզված եմ, որ պլանավորված ծրագրերը և այն առաջընթացը, որը բուհն այսօր ապահովում է, կնպաստեն նրան, որ ԵՊԲՀ-ն կդառնա տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը: Մենք ունենք փայլուն երիտասարդություն: Ես հավատում եմ եկող սերնդին, նրանք ունեն աշխատելու ավելի լայն  հնարավորություն և վստահ եմ, որ արձանագրելու են շատ ավելի լավ արդյունքներ:

Հարցազրույցը` Մարգարիտա Մխիթարյանի

Նկարները` Լարիսա Ավետիսյանի անձնական արխիվից