• Հայ
  • Рус
  • Eng
Լևոն Մկրտչյանը՝ վեց տասնամյակ  բժշկական համալսարանում
Լևոն Մկրտչյանը՝ վեց տասնամյակ բժշկական համալսարանում
08.07.2021

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Մկրտչյանը Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս հեղինակություն վայելող գիտնական է, որին ճանաչում են բժիշկների տասնյակ սերունդներ: 100-ամյա բուհի հոբելյանի շրջանակում «Բժշկի ուղին» շարքի հերթական՝ 39 -րդ մասը նվիրվում է նրան:

«Մարդկային կյանքը աշխատանքի դիմաց լավագույն գնահատականն է»,- այս համոզմանն է անվանի բժիշկ-գիտնականը, որն ուղիղ 60 տարի է մասնագիտական կայացման երկար ճանապարհ է անցել հարազատ բուհում, կյանքի գերակշիռ մասը նվիրել է բժշկագիտությանը, գիտամանկավարժական գործին:

Անատոմիական մասնաշենքի իր աշխատասենյակում՝ իր սերնդակիցների նման, փակցված են հիշարժան հանդիպումների մասին վկայող, ականավոր բժիշկ-գիտնականների լուսանկարներ, փաստաթղթեր, մասնագիտական նյութեր: Այստեղ գիտական, պատմական հետաքրքիր մթնոլորտ է տիրում, որն, անշուշտ, բնորոշ է բուհի այս մասնաշենքին:

Նա բժիշկ է դարձել հոր օրինակով, որը Սանկտ Պետերբուրգի համալսարանի շրջանավարտ էր: Նեղ մասնագիտացում  էր ձեռք բերել ներքին հիվանդություննի, թերապիայի գծով:

«Մայրս մահացել է, երբ 3 տարեկան էի, քաղցկեղի հետևանքով: Եվ այս հանգամանքը ևս պատճառ է դառնում, որպեսզի հետագայում ուսումնասիրեմ ուռուցքաբանության բնագավառը»,- պատմում է Լևոն Մկրտչյանը, որը շուրջ 300 գիտական աշխատանքի, 13 մենագրության, ՀՀ և ՌԴ 7 պատենտի հեղինակ է:

Բժիշկ-գիտնականը եղել է ստալինյան կրթաթոշակառու, գիտական գործունեությամբ սկսել է  զբաղվել դեռ ուսանողական տարիներից:  Բժշկական ինստիտուտի ուսանողական գիտական ըտնկերության նախագահն էր, այնուհետև գիտական ղեկավարը:  

32-տարեկանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ դառնալով Ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր: 1976 թվականին նշանակվել է Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, որը ղեկավարել է 23 տարի:

Պրոֆեսոր Մկրտչյանը աշխատել է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշորագույն համալսարանական և օնկոլոգիական գիտական կենտրոններում: Պատրաստել է բժշկական գիտությունների 20-ից ավելի դոկտոր և թեկնածու: Իր գիտական նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների՝ ոսկե մեդալների: Անգլիայում, Չինաստանում, Բելգիայում մասնակցել է նորարարական ցուցահանդեսերի, որոնցից մեկում արժանացել է Կոմանդորի շքանշանի:

Անվանի ուռուցքաբանը Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրն է, որը ներառվել է Բժշկության համաշխարհային ակադեմիայում (PANEL):

Փարիզում, Պեկինում և Կուալա Լումպուրում նա ներկայացրել է հակաքաղցկեղային պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ կատարված իր հետազոտությունները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել գիտական հանրության շրջանում:

Գիտնականն իր ազգանունը կրող՝ Մկրտչյանի անվան էմբրիոնալ հակաուռուցքային մոդուլյատորի ստեղծողն է (эмбрионального противоопухолевого модулятора (ЭПОМ-LM), որը շատ չափորոշիչներով նմանեցվում է հակաքաղցկեղային պատվաստանյութի, որը գրանցված է ՌԴ գյուտարարների պետական ռեեստրում:  

2013 թվականի «Գիտության աշխարհում» (Scientific American)  ամսագրի առաջին համարում, որը տպագրվում է 16 երկրում՝ 18 լեզվով, լույս է տեսնում խորհրդային և ռուս գիտնական-ֆիզիկոս, «Գիտության աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի Բնական գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, «Ակնհայտ-անհավանական» գիտական հեռուստահաղորդման ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս  Սերգեյ Կապիցայի հարցազրույցը Լևոն Մկրտչյանի հետ: Հրապարակումը լույս է տեսել Կապիցայի մահվանից հետո:

 

Կենսագրական տվյալներ

Լևոն Նիկիտի Մկրտչյանն ուռուցքաբան է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ, ՀՀ ԲԳԱ բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:

Ծնվել է 1938 թվականին Գանձակում (Կիրովաբադ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)։ 

Նա 1961 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1961-1977 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, նախ  որպես պաթոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ և պրոֆեսոր:  1977-1999 թվականներին եղել է Ուռուցքաբանության գիտական կենտրոնի տնօրեն,  1999 թվականից՝ քաղցկեղի կանխարգելման լաբորատորիայի վարիչ, 2000 թվականից՝ Առողջապահության նախարարության  պրիոնային լաբորատորիայի ղեկավար։

Զբաղվում է չարորակ նորագոյացությունների կանխարգելման և բուժման հարցերով։1984-1999թթ. եղել է Ուկրաինայի նախարարների կաբինետի «Վիդգուկ» քվանտային բժշկության կենտրոնի գիտական խորհրդատուն: Ստեղծել է բազմարժեք սաղմնային հակաուռուցքային պատվաստանյութ։ 

1982-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ բժշկական գիտական ընկերությունների խորհրդի նախագահ, 1996 թվականից՝ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Պարգևատրվել է «Ոսկե սկավառակ» (ԱՄՆ, 1995), Քեմբրիջի «Ոսկե աստղ» ( 1996) մեդալներով:  Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից 1996 թվականին արժանացել է «Տարվա մարդ» մրցանակին:

Մի շարք հեղինակավոր հայ և օտարերկրացի մասնագիտական միավորումների անդամ է:

Անդրադառնալով անցած ճանապարհին՝ սեփական օրինակով փաստում է, որ կանխարգելիչ բժշկությունն ապագային է միտված, ապագայի բժշկությունն է: Ինչպես քաղցկեղի, այնպես էլ այլ հիվանդությունների դեպքում նա կարևորում է կանխարգելման աշխատանքի իրականացումը: Իր գործունեությամբ առաջնահերթությունը հենց կանխարգելիչ բժշկությանն է տալիս:

Բժշկագիտության կանխարգելիչ ուղղությունները նա առավելապես սկսել է գնահատել Հեդելբերգի (Գերմանիա) և Քեմբրիջի բժշկական համալսարաններում աշխատելիս:

Ապագա բժիշկներին դասավանդելով 3-րդ և 6-րդ կուրսերում (կլինիկական մորֆոլոգիա)՝ նկատում է, որ մեծ բավարարվածություն է ստանում աշխատանքից:

Կարծում է, որ առաջիկա զարգացման համար կարևոր է նյութատեխնիկական բազայի հզորացումը, ինչպես նաև կարևոր է համարում՝ բժշկի կոչում ստանալու չափանիշների խստացումը:

«Գտնում եմ, որ պետք է բարձրացնել բժիշկ-մասնագետներ պատրաստելու մակարդակը, և առավել բարձր չափանիշներ սահմանել ուսումնական գործընթացքում»,- կարևորում է փորձառու դասախոսը՝ այս համատեքստում ընդգծելով, որ հավասարապես էական է բժիշկների տեսական գիտելիքներին զուգահեռ գործնական հմտությունների զարգացումը:

Լևոն Մկրտչյանի կինը՝  Լուզինա Հայրումյանը լեզվաբան է, ռուսերենի մասնագետ, որը նույնպես երկար տարիներ աշխատել է բժշկական մայր բուհի նախկին Ռուսաց լեզվի ամբիոնում, ղեկավարել է այն: Տարբեր տարիների կտրվածքով արժանացել է բարձր, այդ թվում ՌԴ նախագահի պարգևի իր հեղինակած աշխատությունների համար:

Ամուսիններն ունեն մեկ որդի՝ Արմեն Մկրտչյանը, որը ուռուցքաբան է, բժշկական գիտությունների թեկնածու:

Բժիշկ-գիտնականի երկու թոռները Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ են:

Ապագա բժիշկներին իր դասախոսություններից զատ՝ Լևոն Մկրտչյանը խորհուրդ է տալիս ընթերցել նաև գեղարվեստական գրականություն, ինքնակրթվել: