• Հայ
  • Рус
  • Eng
Լիոնից ժամանած  բժիշկները ԵՊԲՀ-ում էին
Լիոնից ժամանած բժիշկները ԵՊԲՀ-ում էին
22.03.2021

Լիոնից ժամանած անվանի բժիշկների պատվիրակությունը հյուրընկալվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Հանդիպման ընթացքում ռեկտոր Արմեն Մուրադյանը, ներկայացնելով հյուրերին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գործունեությունը, ընդգծեց, որ ապրիլի 20-ին «Զինվորի տանը» կբացվի Պրոթեզավորման կենտրոն:

«Մեզ համար կարևոր է, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կիրառեք ձեր գիտելիքները», - նշեց բժշկական բուհի ղեկավարը: Ֆրանսահայ հայտնի ձեռքի վիրաբույժ, Ֆրանսիայի ձեռքի փոխպատվաստման վիրաբուժական թիմի ղեկավար, «Երկիր եւ մշակույթ» բարեգործական կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղի նախագահ Արամ Ղազարյանն ընդգծեց գիտելիքի կարևորությունը վիրաբուժության ոլորտում:

«Առաջընթացը մեծապես կախված է գիտելիքի փոխանակումից: Մենք միշտ փորձում ենք նոր գիտելիքն ու մտքերը համապատասխանեցնել տվյալ իրավիճակին, ստեղծել նոր կապեր, որոնք օգտակար կլինեն երիտասարդ վիրաբույժների համար», - հավելեց մեր հայրենակիցը: Արամ Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա մայիսի 13-ին և 14-ին Երևանում կկայանան հանդիպումներ տարբեր համալսարանական հիվանդանոցների ներկայացուցիչների միջև, որոնց ընթացքում կքննարկվի վիրաբուժության ոլորտի ապագան: Լիոնի համալսարանական հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքի համանախագահ Տրիստան Ֆերրին նկատեց, որ շատ կարևոր է զինծառայողների վերականգնման ճիշտ կազմակերպումը:

Հանդիպման ավարտին ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստակամություն հայտնեց՝ Լիոնի համալսարանի հետ համագործակցության խորացման նոր ձևաչափ մշակելու: