• Հայ
  • Рус
  • Eng
«Մերօրյա հերոսները». Միքայել Հովսեփյան
«Մերօրյա հերոսները». Միքայել Հովսեփյան
27.01.2021

Միքայել Հովսեփյան… Լուսավոր մարդ, գերազանցիկ ուսանող … Այսպես են ընկերներն ու դասախոսները բնութագրում Արցախյան 2020 թվականի պատերազմում զոհված 20-ամյա Միքայելին:  

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Միքայել Հովսեփյանը ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ): Այս տարվա հունվարին պիտի զորացրվեր: Մինչև ԵՊԲՀ ընդունվելը Միքայելն ավարտել էր «Հերացի» ավագ դպրոցը:

Հերոսի կուրսընկերուհին՝ Գերցինա Պետրոսյանը, պատմում է, որ Միքայելը ծառայության էր մեկնում շատ ոգևորված: «Երբ նրան հարցնում էինք՝ ինչու է ընտրել հենց բժշկի մասնագիտությունը, պատասխանում էր. «Ես պիտի կյանքեր փրկեմ»: Համոզված եմ, որ հրաշալի մասնագետ էր դառնալու», - ասում է Գերցինան: Միքայելն  ընտանիքի միակ զավակն էր: «Մոր համար նա ամեն ինչ էր: Եթե ասեմ, որ մեր Միքայելը լուսավոր անձ էր, դա կնշանակի ոչինչ չասել նրա մասին: Այդ փոքրամարմին տղայի մեջ այնքան ուժեղ ոգի կար: Դժվար է պատկերացնել՝ նա այլևս մեզ հետ չէ: Ես, ուղղակի, չեմ կարողանում դա գիտակցել: Մենք պիտի նրա անավարտ գործն ավարտին հասցնենք», - ընդգծում է համակուրսեցին:

Քննությունների օրերին, շարունակում է նա, ծառայության մեջ գտնվող Միքայելը հաճախ էր զանգում ընկերներին, անհանգստանում նրանց համար: «Ցավալի է, որ համավարակի օրերին այդպես էլ չկարողացանք այցելել նրան», - ափսոսանքով նշում է Գերցինան:

Միքայելի դասախոսներից Գայանե Մխիթարյանը պատմում է, որ նա շատ խելացի և ընդունակ ուսանող էր. «Ամեն րոպե միտքը բանակն էր», - ասում է դասախոսը:

Բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոս Քրիստինե Եղիազարյանը բարձրահասակ և ուժեղ Միքայելին բնութագրում է որպես երիտասարդ, բայց արդեն ձևավորված տղամարդ: «Երբեք թույլ չէր տա իրեն դիտողություն անել: Ուժերի վերջինը ներդնում էր՝ լավագույնը սովորելու համար: Ինքն իր «ես»-ը միշտ ուներ: Կեցվածքը, միանշանակ, բժշկին հարիր էր: Իսկ պահվածքն այնպիսին էր, որ դասախոսներն էլ էին նրան վերաբերվում որպես հասուն, ձևավորված մարդու, որպես արդեն կայացած բժշկի», - նշում է դասախոսը:

Ցանկացած հարցմանը, շարունակում է նա, Միքայելը կատարյալ գերազանցությամբ պատասխանում էր: «Տրամաբանությունը շատ ուժեղ էր, գերազանց էր սովորում, խմբից լիարժեքորեն տարբերվում էր: Եթե որոշ ուսանողների մոտ սովորելու ընթացքում դժկամություն էր լինում, նրա մոտ դա չկար: Միքայելը շատ լավ վիրաբույժ էր դառնալու: Իսկական տղամարդուն բնորոշ բոլոր հատկանիշներն ուներ մեր Միքայելը. նրա ամեն խոսքն արժեք ու կշիռ ուներ: Նրանից սովորելու շատ բան ունեին կուրսընկերները», - թախիծով ավելացնում է դասախոսը:

Անմահ հերոս Միքայել Հովսեփյան… Խոնարհվում ենք…