• Հայ
  • Рус
  • Eng
Մի՛ վախեցեք տարբերվել, մի՛ խուսափեք պատասխանատվությունից, մի՛ ընկճվեք դժվարություններից. հորդորում է ԵՊԲՀ երիտասարդ գիտնականը
Մի՛ վախեցեք տարբերվել, մի՛ խուսափեք պատասխանատվությունից, մի՛ ընկճվեք դժվարություններից. հորդորում է ԵՊԲՀ երիտասարդ գիտնականը
29.06.2020

Գիտությունը բժշկական համալսարանի առանցքային և ամենակարևոր ուղղություններից է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել որևէ բարձրագույն կրթական հաստատության առաջընթացը։ ԵՊԲՀ գիտական ոլորտում տասնամյակներ շարունակ իրենց առաջին քայլերն են անում երիտասարդ գիտնականներն ու հետազոտողները, ովքեր հետագայում դառնում են գիտական այս կամ այն ուղղության զարգացման երաշխավորը։ Պահելով ձեռքը գիտական զարկերակին, համալսարանական երիտասարդ գիտնականները լուրջ հաջողություններ են գրանցում։ ԵՊԲՀ երիտասարդ գիտական համայնքի վառ ներկայացուցիչներից է Կենսաքիմիայի ամբիոնի դասախոս, Նեյրոգիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Կատարինե Ֆերեշետյանը,  ով բուհն ավարտելուց անմիջապես հետո՝ 2013թ.-ից, աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում։ Նրա հետ զրուցել ենք առաջիկա անելիքների և մասնագիտական այլ թեմաների մասին։ 

Կատարինե, ինչպե՞ս ընտրեցիք կենսաքիմիկոսի մասնագիտությունը։

Մասնագիտական ուղղվածությունը որոշված էր դեռ դպրոցական տարիներին, և դա միանշանակ կենսաբժշկության հետ առնչություն ունեցող ոլորտ պետք է լիներ: Մտածում էի դառնալ անասնաբույժ կամ բժիշկ, բայց բարձր դասարաններում, երբ գիտելիքներս արդեն թույլ էին տալիս ինչ-որ չափ պատկերացնել ներբջջային մոլեկուլային կյանքը, որոշեցի, որ պիտի սկսեմ հենց «խորքից», ամենակարևորից: Երկար տարիներ սովորելով և ապրելով Մոսկվայում և ստանալով ռուսական կրթություն, բուհի ընտրությունը շատ ավելի հեշտ ստացվեց. ընդունվեցի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կենսաբժշկական ֆակուլտետի բժշկական կենսաքիմիայի բաժին:

ԵՊԲՀ երիտասարդ գիտնականների խմբի հետ ի՞նչ ուղղություններով եք աշխատում հիմա,  գիտական ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

Հետազոտական աշխատանքները սկսել եմ Կենսաքիմիայի ամբիոնում գործող լաբորատորիայում, որտեղ վերջին տարիների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նյարդային համակարգի զարգացման և գործունեության խանգարումների ուսումնասիրությունները: Այս պահին պրոֆ. Կ.Բ. Ենկոյանի ղեկավարությամբ զբաղվում ենք սաղմնային և վաղ հետծննդյան շրջանում նյարդային համակարգի զարգացման խնդիրների ուսումնասիրությամբ, որոնք բերում են աուտիզմ հիվանդության զարգացմանը: Ձևավորված են մի քանի ենթախմբեր, որոնք, օգտագործելով աուտիզմի տարբեր կենդանական մոդելներ, փորձում են բացահայտել հիվանդության պաթոգենեզի ուղիները: Բացի գիտական նախագծերից, ներգրավված եմ նաև գիտության զարգացմանն ուղղված աշխատանքերում: Ինչպես գիտեք, նախորդ տարվա ընթացքում ԵՊԲՀ-ն շահեց երկու միջազգային դրամաշնորհային ծրագրեր՝ Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում իրականացվող «COBRAIN» նախագիծը և «Ուղեղի հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը: Թիմային մեծ աշխատանք է իրականացվել և դեռ երկար ու բարդ ճանապարհ է սպասվում առջևում:

Ի՞նչ նպատակներ եք նախանշել Ձեզ համար, ինչպիսի՞ հաջողությունների եք ձգտում հասնել։

Կարճաժամկետ նպատակներից է թեկնածուական թեզի ամփոփումը և պաշտպանությունը: Այնուհետև հիմնականում կկենտրոնանամ «ՔՈԲՐԵՅՆ» նախագծի և «Ուղեղի հետազոտությունների գիտակրթական կենտրոն»-ի ստեղծման աշխատանքների վրա: Պլանավորված են երկարաժամկետ վերապատրաստումներ Գերմանիայում և Շվեդիայում: Ձեռքբերված գիտելիքների և հմտությունների ներդրման շնորհիվ, հուսով եմ, կկարողանամ աջակցել համալսարանի նյութատեխնիկական և մեթոդական գիտական բազաների վերակառուցմանը և նորացմանը, ինչը շատ կարևոր է ժամանակակից և մրցունակ գիտության համար:

Երիտասարդ դասախոս եք, հե՞շտ է համատեղել դասախոսական աշխատանքը գիտականի հետ, ինչպե՞ս կբնորոշեք Ձեր ուսանողներին։

Հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտի բարդությունը և կարևորությունը, պատասխանատվության մեծ զգացումով եմ մոտենում թե՛ դասախոսական թե՛ հետազոտական գործունեությանը: Փորձում եմ օրվա մեջ երկուսին էլ հավասար ժամանակ հատկացնել, չնայած երբեմն դասերը շատ ավելի ուշադրություն են պահանջում: Այդ իսկ պատճառով, շաբաթ օրերը հաճախ ամբողջությամբ նվիրում եմ գիտահետազոտական աշխատանքներին: Պետք է նշեմ, որ մեծ սիրով եմ աշխատում ուսանողների հետ, կիսում եմ և նրանց հետ վայելում նորը սովորելու ցանկությունը, նրանցից շատ բաներ սովորում: Փորձում եմ ներգրավել ուսանողներին հետազոտական աշխատանքների մեջ, ամբիոնական, ուսանողական, գիտական խմբակի շրջանակներում և դրանից դուրս շատ փորձեր ենք իրար հետ անում: Դասասենյակից դուրս՝ լաբորատորիայում, շփման ձևաչափն այլ է. բոլորս մտածում ենք մեկ խնդրի ուղղությամբ և փորձում լուծում գտնել: Հաճախ դասամիջոցներին գալիս են ամբիոն, որպեսզի կիսվեն մտահղացումներով, ստանան իրենց առաջ քաշած վարկածն ինքնուրույն ստուգելու հնարավորությունը: Դա միանշանակ ոգեշնչում և ուրախացնում է ինձ: 

Առաջիկայում ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանն է, ինչ կմաղթեք բուհին, նաև այն երիտասարդներին, ովքեր Ձեզ նման առաջիկայում  կենսաքիմիկոս են որոշելու դառնալ:

Սիրով շնորհավորում եմ ԵՊԲՀ ամբողջ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմին, ներկա ուսանողներին և բոլոր շրջանավարտներին ԵՊԲՀ հոբելյանի կապակցությամբ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար շատ կարևոր և պատասխանատու է լինել 100-ամյա պատմության մի մասնիկը: Կրթությունը մարդկության զարգացման անբաժան և շարժիչ բաղադրիչն է, հետևաբար մենք պարտավոր ենք աշխատել անընդհատ՝ հետևելով ժամանակի (դարի) տենդենցներին և մնալով ամուր կանգնած երկար տարիների ընթացքում ձեռք բերված մեր գիտելիքների և արժեքների վրա:

Բոլորիս մաղթում եմ առողջություն, մեծ ուժ ու եռանդ մեկ դար առաջ մեծ սրտացավությամբ և նվիրվածությամբ սկսած գործը պատվով շարունակելու համար: Եվ, օգտվելով առիթից, խորհին շնորհակալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, ի դեմս ԵՊԲՀ բուժանձնակազմին, այս դժվար ամիսներին մեր կողքին լինելու և հոգ տանելու համար:

Իսկ ինչ վերաբերվում է երիտասարդներին, ովքեր նոր են սկսելու իրնեց մասնագիտական ուղին, ապա միանշանակ առաջնահերթ եմ համարում մաղթել ազատամտություն, ազնվություն գործի նկատմամբ և աշխատասիրություն: Մի՛վախեցեք տարբերվել, մի՛ խուսափեք պատասխանատվությունից, մի՛ ընկճվեք դժվարություններից:

 

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները՝ Կատարինե Ֆերեշետյանի անձնական արխիվից