• Հայ
  • Рус
  • Eng
Միջազգային աշխատաժողով՝ նվիրված որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրներին և մարտահրավերներին
Միջազգային աշխատաժողով՝ նվիրված որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրներին և մարտահրավերներին
28.06.2019

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ հունիսի 25-26-ը Աղվերանում կայացավ ‹‹Որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրները և մարտահրավերները›› խորագրով միջազգային աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ բուհերի, ՀՀԿԳՄՍ նախարարության, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներ և  միջազգային փորձագետներ՝ Բելգիայի Լյովեն քաղաքի Թոմաս Մոր համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հիլդա Շելսը, նույն համալսարանի Լրագրության ֆակուլտետի դեկան Իրիս Դե Ռուվերը, Բարձրագույն ուսումնական հաստատութունների Եվրոպական ասոցիացիայի (European Association of Institutions in Higher Education) նախկին գլխավոր քարտուղար Յոհան Կլոեն և կառավարման խորհրդատու` Էրիկ Թամբորին: Համաժողովին ԵՊԲՀ-ն ներկայացված էր Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի 3 աշխատակիցներով:

Երկու օրերի ընթացքում միջազգային փորձագետներն անդրադարձան որակի ապահովման հիմնախնդիրներին հետևյալ թեմաներով՝

  • Բուհի կառուցվածքի և ռազմավարության փոխհարաբերությունը/ Կրթական կոմպետենցիաների  վերջնարդյունքները՝ բուհի կառուցվածքի ձևավորման հիմքում
  • Արդյունավետ և բարձրորակ բարձրագույն կրթության իրականացման մեթոդներն ու մոտեցումները
  • Դասավանդման որակի գնահատում
  • Շահակիցների ներգրավման քայլերի, գործողությունների պլան
  • Դասավանդման, ուսումնառության մեթոդների կապը կրթական վերջնարդյունքների և գնահատման մեթոդների հետ
  • Միջազգայնացում, ակադեմիական և վարչական համակազմի հմտությունների ձևավորում

 

Համաժողովի շրջանակներում միջազգային փորձագետներն անցկացրին վարժանքներ, որտեղ մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքներ, ներկայացրին իրենց բուհերի փորձն ու ձեռքբերումները:

Ամփոփելով երկօրյա աշխատաժողովը՝ փորձագետները բոլոր մասնակիցներին հանձնեցին մասնակցության հավաստագրեր: