• Հայ
  • Рус
  • Eng
Միքայել Ադամյանը լավ գիտի կյանք փրկող յուրաքանչյուր րոպեի գինը
Միքայել Ադամյանը լավ գիտի կյանք փրկող յուրաքանչյուր րոպեի գինը
06.02.2021

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանի աշխատանքային օրը գերհագեցած է: Աշխատասենյակի դիմաց երբեք այցելուների պակաս չզգացող բժիշկը պատրաստ է լսել, օգնել և ուղղորդել յուրաքանչյուրին: Պացիենտների հսկա բանակը, ինչպես նաև բժշկական մթնոլորտից երբևէ հեռու չլինելու ցանկությունը, նրան որևէ ղեկավար պաշտոնում թույլ չեն տալիս կտրվել հիվանդանոցային ակտիվ մթնոլորտից:

«Տարիների ընթացքում հիվանդների հետ ձևավորվում է փոխվստահության, ընկերական ջերմ մթնոլորտ, որից չես կարող անմասն մնալ: Բժշկությունն ամբողջ կյանքի համար է»,- ընդգծում է փորձառու սրտաբանը՝ հավելելով, որ բացի դեղերից,  որը բժիշկը նշանակում է պացիենտին, կարևոր և բուժիչ ազդեցություն ունի նաև նրա հետ տարվող հոգեբանական աշխատանքը:

Տարբեր տարիներին հմուտ մասնագետն աշխատել է հանրապետության առաջատար մի շարք բժշկական կազմակերպություններում:

Կենսագրական տվյալներ

Միքայել Յուրիի Ադամյանը ծնվել է 1978 թվականին, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո 1995-2001 թթ. բժշկական կրթություն է ստացել Սամարայի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում, այնուհետև նույն համալսարանում 2001-2003թթ.  նեղ մասնագիտացում է ձեռք բերել սրտաբանության ուղղությամբ:

Միքայել Ադամյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել է հենց «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» (2003-2005թթ.): Այնուհետև 2005-2008 թթ. աշխատել է «Քանկոր» կլինիկայում, 2008-ից մինչև 2012 թվականը ղեկավարել է 3-րդ բժշկական միավորման սրտաբանական կլինիկան («Արամյանց» ԲԿ), 2012-ից մինչև 2018 թվականը ղեկավարել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունը: 2018 թվականի սեպտեմբերից Երևանի քաղաքապետարանի հրամանով զբաղեցրել է «Նորք–Մարաշ» կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի, իսկ 2019 թվականի հունվարից տնօրենի պաշտոնը: Բազմաթիվ վերապատրաստումներ է անցել արտերկրում. Ֆրանսիայում, Ռուսաստանում:

Սրտաբանների դարբնոց համարվող բժշկական կենտրոնի ղեկավարը նշում է, որ բժիշկ դառնալով իրականացրել է հոր երազանքը: Տարիների աշխատանքը վկայում է  այն մասին, որ ճիշտ ընտրություն է կատարել:

Ինվազիվ սրտաբանությունը, որը նա ընտրել է որպես մասնագիտացում, բժշկագիտության արագ զարգացող ճյուղերից է, որը գրավիչ ոլորտ է նաև ապագա բժիշկների համար: 

Նրա գնահատմամբ՝ ինվազիվ միջամտություններն ապագայում ևս արդիական են լինելու և ապահովելու են բժշկության այս ճյուղի սրընթաց առաջընթացը:

Բժշկի խոսքով՝ այս ուղղության զարգացումը պատահական չէ, քանի որ կատարվող միջամտությունները քիչ տրավմատիկ են, պացիենտներն առողջանում են կարճ ժամանակահատվածում, արագ է ընթանում նաև վերականգնողական փուլը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵՊԲՀ կլինիկական բազա հանդիսացող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ձևավորվել է սրտաբանների հզոր թիմ, որը ամենահեղինակավորներից մեկն է հանրապետությունում։

Հիմնականում աշխատելով կլինիկական օրդինատորների հետ՝ մասնագետն ընդծում է, որ մշտապես ցանկանում է սովորեցնել երիտասարդներին սիրել աշխատանքը, բժշկությունը, սիրահարվել մասնագիտությանը, նվիրվել հոգով և սրտով:

Իր աշխատանքային գործունեության տասնամյակների ընթացքում և այժմ էլ կատարելով հարյուրավոր ինվազիվ միջամտություններ՝ նա լավ գիտի կյանք փրկող յուրաքանչյուր րոպեի գինը:

Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ անցած տարի փոխվեց նաև սրտաբանական խոշոր կենտրոնի գործունեությունը: Հենց այստեղ տեղափոխվեցին և բժշկական անհրաժեշտ օգնություն ստացան COVID-19 ախտորոշմամբ, սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող առաջին պացիենտները:  Առ այսօր այստեղ են դիմում ոչ միայն սրտամկանի, այլև կրծքավանդակի շրջանում վնասվածքներ ստացած զինվորականները: Պատերազմի մեկնարկից օրեր առաջ Միքայել Ադամյանը ԵՊԲՀ ռեկտորի գլխավորությամբ ձևավորված պատվիրակության կազմում մեկնեց Արցախ: Ընդգծում է, որ Արցախի  գործընկերներն իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնում էին բարձր արհեստավարժությամբ և նվիրվածությամբ:

Սրտաբանի մասնագիտական կայացման գործում, նրա գնահատմամբ՝ կարևոր ներդրում է ունեցել Ազգային հերոսի կոչում ստացած, անվանի սրտաբան Հրայր Հովագիմիանը, ով նաև մեր երկրում սրտաբանության զարգացման ակունքներում է կանգնած: Հենց Հրայր Հովագիմիանի օրինակով է Միքայել Ադամյանը տեսել, թե ինչպես է բժշկի կյանքում բժշկությունը դառնում ապրելակերպ: Նրա բնորոշմամբ՝ ավագ ուսուցիչն առողջապահության, բժշկագիտության իսկական նվիրյալ է, երդվյալ:  Իր ուսուցիչների շարքում ընդգծում է նաև սրտաբան Շահեն Խաչատրյանի դերակատարումը:

Չնայած նրան, որ Միքայել Ադամյանը ԵՊԲՀ շրջանավարտ չէ, նրա համար բժշկական բուհն առավել քան հարազատ է: Առողջապահության կազմակերպման աշխատանքից բացի, Միքայել Ադամյանը 2020 թվականի օգոստոսից իրականացնում է ևս մեկ կարևոր աշխատանք: Կես տարի առաջ նա միաձայն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում: Ինչպես ինքն է խոստովանում՝ հպարտ է, որ անմիջական մասնակիցն է 100-ամյա բժշկական բուհի պատմության, հատկապես պատերազմով և համավարակով պայմանավորված անցած տարվա պես դժվարին ժամանակաշրջանում:

«Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը մեծ պատասխանատվություն է: Ես հպարտ եմ, որ խորհրդի մյուս անդամների հետ, ԵՊԲՀ ռեկտորի անմիջական մասնակցությամբ մեծ, թիմային աշխատանք ենք իրականացնում, որը հաջողություններ է գրանցում»,- նշում է խորհրդի նախագահը, որը բուհի զարգացմանը միտված  աշխատանքներում կարևորում է կառուցողական աշխատանքը՝ միասնականությունն ու ազնվությունը:

Անդրադառնալով ԵՊԲՀ-ի կատարած հսկայական աշխատանքին, նա շեշտում է, որ բարձր պատրաստվածությամբ և ճիշտ կառավարման շնորհիվ պատերազմի պայմաններում և համաճարակային իրավիճակում բուհին հաջողվեց դիմակայել դժվարություններին և ապահովել զարգացում, ձևավորել բժշկական նոր ծառայություններ, ինչպես նաև կյանքի կոչել հայրենիքի պաշտպանների վերականգնողական բուժմանն ուղղված նոր ծրագրեր:   

Հպարտ է, որ բժշկական բուհն ունի հսկայական հաջողություններ, որոնք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում են տեսանելի: Նրա մեծագույն ցանկությունն է ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապագա բժիշկների սերունդների համար ապահովել որակյալ բժշկական կրթություն: