• Հայ
  • Рус
  • Eng
Մուշեղ Միրիջանյանը վստահ է՝ վիրաբուժությունը մասնագիտություն է, որը պետք է սիրել՝ նվիրվել
Մուշեղ Միրիջանյանը վստահ է՝ վիրաբուժությունը մասնագիտություն է, որը պետք է սիրել՝ նվիրվել
17.09.2020

ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» շարքի 30-րդ թողարկումը Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, վաստակավոր բժիշկ  Մուշեղ Միրիջանյանի մասին է:  

Հմուտ մասնագետը կյանքի մեծ մասը նվիրել է վիրաբուժությանը: 

Տասնամյակներ շարունակ նա հաջողությամբ համատեղում է կլինիկական, գիտական և մանկավարժական գործունեությունը: Բազմաթիվ երիտասարդ մասնագետներ նրա անմիջական ղեկավարությամբ այսօր կայացած վիրաբույժներ են:   

Ցանկացել է բժիշկ դառնալ դպրոցական տարիքից

Քչերը գիտեն, որ պրոֆեսորը բժիշկ դառնալու ցանկություն ունեցել է դեռ դպրոցական տարիքից: Նա շատ սիրել ու կապված է եղել իր պապիկի հետ, որը ուրոլոգիական բարդ վիրահատության ենթարկվելուց հետո, ցավոք, մահանում է: Տարիներ անց Մուշեղ Միրիջանյանն ընտրում է այնպիսի մասնագիտություն, որի շնորհիվ օգնում և առողջացնում է մարդկանց: Անգամ բարձր կուրսում նա վստահ էր, որ մասնագիտանալու է ուրոլոգիայի ոլորտում, սակայն տարիներ անց՝ հանգամանքների բերումով, դառնում է ընդհանուր պրոֆիլի վիրաբույժ: Խոստովանում է՝ չի զղջում: «Վիրաբուժությունը բարդ, բայց իմ սրտին ավելի մոտիկ մասնագիտություն է»,- նկատում է բժիշկը:  Ուսանողական տարիներին նա նախագահել է ուրոլոգիական ուսանողական գիտական խմբակը: Մասնագիտական գործունեության հենց սկզբից շատ է հերթապահել հիվանդանոցներում, ինչպես ինքն է ասում՝ հիվանդանոցներից չի կտրվել:

Բժիշկ-գիտնականը հարուստ կենսագրականը տվյալներ ունի

Մուշեղ Միրիջանյանը 1973-1979թթ. սովորել է  ԵՊԲԻ-ում՝ արժանանալով գերազանցության դիպլոմի: 1979-1981թթ. ինտերնատուրա, ապա կլինիկական օրդինատուրա է անցել այն ժամանակ «Մալաթիա» կոչվող բժշակական կենտրոնում: 1983-1986թթ.-ին Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ինստիտուտում օպերատիվ եղել է վիրաբուժության ամբիոնի նպատակային ասպիրանտ:  1981-1983թթ.-ին աշխատել է Քաջարանի հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ: 1987-90թթ.-ին օպերատիվ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ էր, 1990թ.-ին վիրաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ էր, դոցենտ, այնուհետև՝ պրոֆեսոր, առ այսօր՝ ամբիոնի վարիչ է:  1993-1994թթ. բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալն էր, 1997թ. «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավարը, 2001-2010 թթ. բուժական ֆակուլտետի դեկանը: 1986թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1997թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2004թ.-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում: Տարբեր տարիների կտրվածքով արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ ՀՀ ԱՆ պատվոգրի, ԵՊԲՀ ոսկե շքանշանի, ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է «Մխիթար Հերացի» ոսկե շքանշանի, ՊՆ-ի կողմից՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալի: Նա ՀՀ ԱՆ ընդհանուր վիրաբուժության լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարն է, Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի անդամ, վերահսկիչ հանձնաժողովի նախագահ: 2008-2012թթ.-ին ԵՊԲՀ 027-Վիրաբուժություն պաշտպանական մասնագիտական խորհրդի նախագահն էր, 2015թ. վիրաբույժների հայկական ասոցացիայի նախագահը, 2016թ.-ից ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ է:

Վիրահատում է չորս տասնամյակից ավելի

Մուշեղ Միրիջանյանն արդեն 41 տարի է վիրաբուժության բնագավառում է: Երկար տարիների փորձ ունեցող մասնագետը լիրիկական կամ սենտիմենտալ մեջբերումներ անել չի սիրում, միայն դիպուկ նկատում է՝ վիրաբուժությունը դժվար մասնագիտություն է, որը պետք է սիրել ու նվիրվել:  Համաձայն չէ, այն մտքի հետ, որ վիրահատարանը համեմատում են մարտի դաշտի հետ: Ըստ նրա՝ նրանք, ովքեր եղել են մարտի դաշտում, կփաստեն՝ խոսքը տարբեր բաների մասին է:

Նա ուրախությամբ է փաստում՝ այսօրվա երիտասարդների շրջանում տեսնում է  շնորհալի մասնագետների, ովքեր ավագների գործի արժանի շարունակողն են: Նա կարծում է, երիտասարդ մասնագետներին պետք է աջակցել, որպեսզի ապահովվի ոչ միայն վիրաբուժության, այլև ցանկացած այլ ոլորտի զարգացումը:

Խոսելով իր անցած ուղու մասին՝ բժիշկը չի մոռանում նաև սիրելի ուսուցիչներին: Մասնագիտական կայացման ճանապարհի սկզբին է հանդիպել անվանի վիրաբույժ, Երևանի բժշկական ինստիտուտի՝ այն ժամանակվա ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի («Մալաթիա» հիվանդանոցում) վարիչ, դոցենտ Հարություն Մինասյանին, որից շատ բան է սովորել: Նրա գնահատմամբ՝ իր ուսուցիչները լավագույնն են, որոնցից ստացած անփոխարինելի գիտելիքների համար շնորհակալ է:  

Անդրադառնալով մեկ այլ անվանի վիրաբույժի՝ պրոֆեսոր, ակադեմիկոս Հովհաննես Սարուխանյանին, նա ընդգծում է, որ իրենից ոչ միայն վիրաբուժություն այլև կյանքի դասեր է քաղել: Նա մեծ երախտապարտությամբ է հիշում նաև վաստակաշատ  բժիշկներ Կամիս Մարտիրոսյանին, Ալեքսանդր Կանայանին:

Բժշկի կոչմանը հավատարիմ պրոֆեսոր Միրիջանյանն հենց այն վիրաբույժներից է, որն առողջություն է պարգևել հարյուրավոր մարդկանց: Մարդկային կյանքերի փրկությունն ու նրանց առողջացումը բժիշկ-գիտնականի առաքելությունն է:  

Մասնագիտական երկար տարիների ընթացքում կատարել է ամենատարբեր բարդության և տևողության վիրահատություններ: Կատարած վիրահատությունների ստույգ թիվը չի կարող նշել, քանի որ երբևէ չի հաշվել, միայն որպես օրինակ նշում է՝ երբ որպես վիրաբույժ օրդինատուրան ավարտելուց հետո 1981-1983թթ. աշխատել է  Քաջարանի հիվանդանոցում երկու տարում կատարել է շուրջ 700 վիրահատական միջամտություն:  

Քաջարանում աշխատելիս նա վայելել է տեղի բնակչության հարգանքը: Այն ժամանակ վիրաբույժներն  աշխատել են ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում: Հիշում է՝ մի օր իրեն անհապաղ տարել են մի հիվանդի մոտ, որը գրեթե մահացած է եղել: Վիրակապարանում երիտասարդ բժիշկ Միրիջանյանը տեսնում է արյան մեջ կորած մի մարդու, որը խոտ հնձող սարքի պատճառով լուրջ վնասվաքներ էր ստացել: Բժշկին օգնության է հասել  սառնասրտությունը. նա սենյակից դուրս է հրավիրել բոլորին, իր փոխանցմամբ՝ կարել, կարկատել և մեկ բառով ասած՝ փրկել է երիտասարդի կյանքը, որը, իհարկե, գոհ է մնացել բժշկի կատարած աշխատանքից:

Նա մարդկային շատ հատկանիշների կողքին բժշկի համար կարևորում է հատկապես գիտելիքները: Նշում է, որ շատ է ընթերցել մեծ ծավալի մասնագիտական գրականություն, այդ թվում՝ ռուսերեն և անգլերեն:

Առհասարակ նա գտնում է, որ խորհրդային ժամանակներում կիրառվող մոտեցումը, երբ նորավարտ մասնագետներին ուղեգրում էին մարզեր շատ ուսուցողական էր ու նպաստում էր մասնագիտական կորողությունների զարգացմանը: Մարզում աշխատելու տարիներին մտաբերում է ևս մեկ դեպք: Պատմում է՝ բուժօգնության է տեղափոխվում երկու հարկանի տան բարձրություն ունեցող բեռնատար ավտոմեքենայից ընկած մի մարդու, որի մոտ ախտորոշվում է երկու սրունքի բաց կոտրվածք: Բժիշկը խոստովանում է՝ շփոթվում է, սակայն սթափվելով՝ ճիշտ որոշում քայլերի հաջորդականությունը: Իր սենյակից վերցնում է վնասվածքաբանության մասին դասագիրքը և հանգիստ ու վստահ գործընկերների օգնությամբ կարողանում է դուրս գալ բարդ իրավիճակից: 

Չի պատկերացնում կյանքն առանց ԵՊԲՀ-ի

Բուհի 100-ամյա հոբելյանը բժիշկ-գիտնականի համար ուրախալի առիթ է: Ինչպես ինքն է բնորոշում, մի ամբողջ կյանք բժշկական համալսարանում է, և չի պատկերացնում իր կյանքն առանց բժշկական բուհի:

Նրա գնահատմամբ՝ ԵՊԲՀ-ն հարուստ է ավագ  մասնագետներով, դասախոսներով, ովքեր եղել են նաև իր ուսուցիչները և կերտել են մեկ դարյա բուհի հարուստ պատմությունը: Նա գտնում է, որ բուհը տարբեր տարիների կտրվածքով շահել է նաև ղեկավարների դիտակետից, քանի որ բոլորն էլ իրենց կարևոր ներդրումն են ունեցել կրթական հաստատության առաջընթացի գործում:

Փորձառու վիրաբույժի խոսքով՝ այն երիտասարդները, ովքեր ընտրել են բժշկի ուղին, պետք է գիտակցեն, որ այն հեշտ չի լինելու, և պետք է շարունակ աշխատեն ու ձգտեն առավելագույնին՝ այն է օգտակար լինեն մարդկանց, փորձեն լինել այս մասնագիտության առաջամարտիկները:

Բժշկի մասնագիտությունն են ընտրել նաև Մուշեղ Միրիջանյանի երկու որդիները: Երկուսն էլ ԵՊԲՀ շրջանավարտ են: Միսակ Միրիջանյանն այժմ զբաղվում է անհատ ձեռներեցությամբ, իսկ Գագիկ Միրիջանյանը՝ Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դոցենտ է, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականը: Պրոֆեսորը դեմ չէ և հպարտ կլինի, եթե առաջիկայում թոռներն էլ ընտրեն բժշկի մասնագիտությունը, սակայն ինքը երբեք ոչ մեկին չի պարտադրում մասնագիտության ընտրությունը և կարծում է, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է կայացնի նման կարևոր որոշում: 

 

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները՝ Մուշեղ Միրիջանյանի անձնական արխիվից

և Մարի Գալստյանի