• Հայ
  • Рус
  • Eng
Նարեկ Պողոսյանի ուղենիշն է՝ բժշկական բուհի ուսանողը միջակ սովորելու տարբերակ չունի
Նարեկ Պողոսյանի ուղենիշն է՝ բժշկական բուհի ուսանողը միջակ սովորելու տարբերակ չունի
23.08.2021

Ընտրած մասնագիտության մեջ լավագույնը լինելու ձգտումը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Նարեկ Պողոսյանին բերել է բժշկական: Երբ ընտրում էր բժշկական բուհը, վստահ էր, որ 100-ամյա պատմություն ունեցող բժիշկների դարբնոցն ամենապատասխանատու մասնագիտության հենասյունն է, որտեղ սովորողները պետք է հիշեն` միջակ սովորելու տարբերակ չունեն: «Պետք է լավագույնը լինենք մեր գործում, քանի որ ցանկացած պահի մեզնից շատ բան է կախված»,-ասում է 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենիքի և մասնագիտության առջև պարտքը կատարած ապագա բժիշկը: 

Ծնունդով Արցախից ԵՊԲՀ ուսանողը պատերազմի առաջին օրերին կամավորական աշխատանք է կատարել Երևանում գործող Արցախի ներկայացուցչությունում: Վիրավոր տեղափոխելու նպատակով շտապօգնության բժշկի հետ Արցախ կատարած առաջին այցն առիթ է դառնում, որ բժշկական բուհի ուսանողն իր ներուժն օգտագործելով, պատերազմի ժամանակ շարունակի աշխատանքը շտապօգնության ծառայությունում: 

«Այն, ինչ կարող էի անել շտապօգնությունում, նույնը չէր, ինչ ներկայացուցչությունում»,- մանրամասնում է բուհի սովորողը, որը հիվանդանոցներից և հոսպիտալներից վիրավորներ տեղափոխելու առաքելությամբ մինչև նոյեմբերի 4-ը գրեթե 35 այց է կատարել Արցախ, ապա Վարդենիս: «Հնարավորության դեպքում Երևանից Արցախ տեղափոխում էինք նաև սննդամթերք, դեղորայք, պատգարակներ, այն, ինչ անհրաժեշտ էր և հնարավոր»,- պատմում է ուսանողը: 

Անդրադառնալով դժվարություններին` առաջին հերթին նշում է հայրենիքի համար կյանքը տված ընկերների կորուսը: «Ամենապատասխանատու պահերին գիտակցում էի, որ չնայած դժվարություններին, ինքս պետք է ուժեղ լինեմ` վիրավորներին ավելի օգտակար լինելու համար: Իմ հպարտությունն ավելանում էր, երբ տարբեր վիրավորումներով հայրենիքի պաշտպանները խոսում էին արագ ապաքինվելու և սահման վերադառնալու մասին»,- հիշում է նա` ավելացնելով, որ երբևէ չէր ցանկանա, որ իր ժողովորդն այս հանգամանքում զգար իր կարիքը: 

Խոսելով մասնագիտության ընտրության մասին`ապագա բժիշկն ընդգծում է, որ չկա ավելի վեհ բան, քան կյանքեր փրկելու կարողությունը: «Իսկ Հիպոկրատի երդում տված բժիշկը նա է, որը ցանկացած պահի պատրաստ է զոհողության` մարդկանց օգնություն ցույց տալու համար»,-կարծում է նա: 

Որպես բժիշկ՝ իր առջև դրված չափանիշները մատնանշելով, շեշտում է` եթե ոչ լավագույնը, ապա լավ մասնագետներից մեկն է լինելու:

Պատերազմի ավարտից հետո առաջարկ է ստացել աշխատել COVID շտապօգնության ծառայությունում: 

Նրա կարծիքով` սովորելու տարիներին աշխատանքը փորձ ձեռք բերելու լավագույն հնարավորությունն է ուսանողի համար: «Մի բան է կարդալ ու հասկանալ, այլ բան, երբ սովորածդ կիրառում ես գործնականում և հմտանում մասնագիտությանդ մեջ»,-ավելացնում է ԵՊԲՀ ուսանողը, որը սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրված և անմնացորդ ծառայության համար արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրի: