• Հայ
  • Рус
  • Eng
Նորվեգիայի թագավորական ոսկե մեդալակիր Հայրազատ Ղազարյանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Արցախի առողջապահության զարգացմանը
Նորվեգիայի թագավորական ոսկե մեդալակիր Հայրազատ Ղազարյանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Արցախի առողջապահության զարգացմանը
15.03.2021

Աշխարհահռչակ բժիշկ-գիտնական Հայրազատ Ղազարյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր է:

Ծնվել է Երեւանում 1977 թվականին: 2001 թվականին ավարտել է Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիան: 2003 թվականին պաշտպանել է գիտական թեզ «Վերերիկամային հորմոնալ-ակտիվ ուռուցքների լապարասկոպիկ եւ ավանդական վիրաբուժական մոտեցումների համեմատական գնահատական» թեմայով և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում` աշխատելով վիրաբուժության ամբիոնում՝ 2001-2007թթ.:

2007 թվականին Օսլոյի համալսարանական հիվանդանոցի դոկտորանտուրա ընդունվելու առթիվ տեղափոխվել է Նորվեգիա։ Այժմ աշխատում է Նորվեգիայի Օստֆոլդ հիվանդանոցի որովայնային վիրաբուժության բաժանմունքում:

Բացի լյարդի և վերերիկամային վիրաբուժությունից, բժիշկ Ղազարյանը նպաստել է այլ ոլորտներում, այդ թվում` ենթաստամոքսային գեղձի, հաստ աղիքի, լեղաքարային հիվանդության եւ խոլեդոխոլիթիազի վիրաբուժության ոլորտներում հետազոտություններին:

Հայ հետազոտող Հայրազատ Ղազարյանը 2014 թ. սեպտեմբերի 2-ին Օսլոյում պարգևատրվել է Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի ոսկե մեդալով: Այս պատվավոր պարգևը, որը տրվում է գիտական հետազոտությունների մեջ նշանակալի ներդրում ունեցող ակնառու երիտասարդ հետազոտողներին, Հայրազատ Ղազարյանին է հանձնվել Օսլոյի համալսարանում տեղի ունեցող ամենամյա մրցանակաբաշխության և թագավորական ոսկե մեդալի պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ:

Հայրազատ Ղազարյանի նախաձեռնությամբ և համահեղինակությամբ աշխարհահռչակ բժշկական “Lancet Global Health” ամսագրում հրապարակվեց 65 հայտնի բժշկի նամակը պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական աղետի մասին: 

-Բժի՛շկ, կպատմե՞ք մի փոքր Ձեր և Ձեր ընտանիքի մասին:

-Ծնվել եմ Երևանում, մեծացել եմ ակադեմիական ընտանիքում: Պապիկս՝ Հայրազատ Գաբրիելի Ղազարյանը, երկար տարիներ աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ որպես Անատոմիայի ամբիոնի վարիչ: Տատիկս՝ Սերիկ Օսիպի Վանունին, Հայաստանում հայտնի գինեկոլոգ էր, Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ: Մայրս՝ Արփիկ Աշոտի Հասրաթյանը, նույնպես բժիշկ էր, համաճարակաբանության պրոֆեսոր: Հայրս՝ Միշիկ Հայրազատի Ղազարյանը, ականավոր ֆիզիկոս էր, Գիտության և տեխնիկայի ոլորտում ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ. նա սպեկտորի տեսանելի մասի  ամենավառ իմպուլսային-պարբերական լազերի՝ պղնձե լազերի ստեղծողն է: 

 - Ինչպե՞ս և ինչու՞ որոշեցիք բժիշկ դառնալ: Արդյո՞ք դա Ձեր երազանքն էր:

-Մեծացել եմ բժշկական գործունեության և գիտական հետազոտությունների միջավայրում: Դա, անխոս, էական դեր խաղաց բժշկի մասնագիտության ընտրության, ինչպես նաև գիտական գործունեության նկատմամբ առաջացած սիրո, հարգանքի և ձգտման հարցում: Դա ինձ համար հեռավոր երազանք չէր. ես դա դիտարկում էի որպես օրինաչափ գործընթաց: Իմ գործունեությունը՝ որպես բժիշկ-վիրաբույժ և գիտնական, իհարկե, կյանքիս կարևոր մասն է: 

-Պատմե՛ք, խնդրում եմ, Ձեր մասնագիտական գործունեության մասին:

-Ես ակադեմիական վիրաբույժ եմ ընդհանուր և որովայնային վիրաբուժության ոլորտում: 2001 թվականին ավարտել եմ Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիան, որտեղ էլ սկսել եմ իմ ակադեմիական և կլինիկական վիրաբուժական կարիերան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Շուլուտկոյի ղեկավարությամբ: 2003 թվականին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսությունս:

1999-2000թթ. գիտական ուսանողական վերապատրաստումը Օսլոյի համալսարանում սկիզբ դրեց երկար տարիների իմ բեղմնավոր համագործակցությանը լապարասկոպիկ վիրաբուժության ռահվիրաներից մեկի՝ պրոֆեսոր Բյորն Էդվինի հետ: 2007 թվականին պրոֆեսոր Էդվինի կողմից հրավիրվեցի դոկտորանտուրա Օսլոյի համալսարանական հիվանդանոց նվազագույն ինվազիվ վիրաբուժության ոլորտում:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում մեր խումբը զգալի ներդրում է ունեցել միջազգային մակարդակով առաջատար լապարասկոպիկ վիրաբուժության զարգացման գործում: Ինձ բախտ վիճակվեց լինելու այդ խմբի ակտիվ անդամներից մեկը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության ոլորտում հետազոտություններին:

Փորձում եմ հնարավորության սահմաններում աջակցել նաև Հայաստանում վիրաբուժության զարգացմանը և վիրաբուժական կադրերի պատրաստմանը,  ԵՊԲՀ-ում գիտական հետազոտությունների ոլորտի զարգացմանը:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկը: Ի՞նչն է առավել կարևոր այս մասնագիտության համար:

-Առաջին հերթին, բժիշկը պետք է ունենա գիտելիք: Իհարկե, կարևոր է նաև մասնագիտության նկատմամբ սերը և պացիենտների հանդեպ կարեկցանքը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա բժիշկներին:

-Լավ սովորե՛ք: Սովորե՛ք նաև անգլերեն, որպեսզի կարողանաք անմիջականորեն ծանոթանալ բժշկության վերջին ձեռքբերւմներին, որոնք առաջնահերթ հրապարակվում են անգլալեզու ամսագրերում: Ի լրումն մասնագիտական գրականության՝ կարդացե՛ք նաև գիտական բժշկական ամսագրեր բժշկության այն ոլորտի վերաբերյալ, որտեղ պատկերացնում եք ձեր աշխատանքն ապագայում: Դա կձևավորի ավելի լայն մտածելակերպ, ինչն էլ անպայման կօգնի ձեզ ապագայում:

-Բժի՛շկ, հասցնում ե՞ք հանգստանալ:

-Փորձում եմ, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում գործնականում հանգստանալու ժամանակ չի լինում: Ընտանիքիս հետ եմ անցկացնում ժամանակը, հանդիպում եմ ընկերներիս հետ, փորձում եմ հնարավորության դեպքում մարզվել: Շատ հաճախ ստիպված եմ լինում պաշտոնապես ոչ աշխատանքային, «ազատ» ժամանակը ծախսել գիտական գործունեության վրա, քանի որ բուն աշխատաժամանակս ծանրաբեռնված է կլինիկական գործունեությամբ:

-Պլանավորում ե՞ք այցելել Հայաստան և Արցախ ապագայում:

-Չնայած՝ ես արդեն մի քանի տարի Հայաստանում չեմ ապրում, միշտ տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում եմ Հայաստան, մի քանի անգամ եղել եմ նաև Արցախում: Իհարկե, պլանավորում եմ այցելել Հայաստան մոտ ապագայում, հավանաբար՝ ամռանը: Կփորձեմ համատեղել բարեկամներիս և ընկերներիս այցելությունները մասնագիտական միջոցառումների հետ՝ հօգուտ Հայաստանի և Արցախի առողջապահության զարգացման: 

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան