• Հայ
  • Рус
  • Eng
Նուբար Աֆեյանը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր. Քննարկվեց պատվաստումների հնարավորություններն ու համավարակի դեմ պայքարը
Նուբար Աֆեյանը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր. Քննարկվեց պատվաստումների հնարավորություններն ու համավարակի դեմ պայքարը
21.07.2021

Գիտխորհրդի անդամների հետ համատեղ անցկացվեց հանդիպում՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ:

Հասարակությանը հետաքրքրող հարցերը՝ կապված պատվաստման գործընթացի, համաճարակային իրավիճակի, համավարակի ազդեցության, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորությունների մասին քննարկվեցին ԵՊԲՀ մասնագետների և հայազգի գիտնականի կողմից:

Հանդիպման մեկնարկին, բարձր գնահատելով բժշկագիտության ոլորտում ունեցած ներդրումն ու հաջողությունները, ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

«Մեր հայրենակիցն ամենահայտնի պատվաստանյութերից մեկի ստեղծողն է»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ պատվաստումների հարցը համարելով օրակարգային:

Նրա խոսքով՝ հանրային լրջագույն խնդիր է ապահովել պատվաստումների այնպիսի ծածկույթ, որը հնարավորություն կտա նվազեցնել վիրուսի տարածման ռիսկերը:

Նուբար Աֆեյանը շեշտեց, որ հետաքրքրված է Հայաստանի հետագա ծրագրերով՝ հաշվի առնելով համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը: «Պատվաստումների մասին պատկերացում կազմելու համար պետք է տարբերակել ճիշտ և սխալ տեղեկատվությունը: Կարևորը, որ որոշումները հիմնվեն գիտության վրա»,-շեշտեց նա՝ հավելելով. «Մեր ընկերությունը 10 տարի առաջ զբաղվում էր այնպիսի գործունեությամբ, որի նպատակն էր ստեղծել մի դեղամիջոց, որը մարդու բջիջներում կարողանա առաջացնել մեզ անհրաժեշտ սպիատակուցը: Մոտ 6 տարի առաջ աշխատեցինք մեր ստեղծած տեխնոլոգիան փորձել որպես պատվաստանյութ: Իրականում, մեր աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան կորոնավիրուսային համավարակի ի հայտ գալը»,- ներկայացնելով պատվաստանյութի ստեղծման նախապատմությունն ու գրանցած հետագա հաջողությունները՝ նշեց Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով, որ «Moderna»-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում և շուրջ 500 միլիոն դեղաչափ արդեն օգտագործվել է կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստելու նպատակով:

Նուբար Աֆեյանը պատասխանեց համալսարանական մասնագետներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես անդրադառնալով հարցին՝ ինչպես է ազդում պատվաստանյութն արդեն վիրուսով հիվանդացած և լավացած մարդկանց վրա: Ըստ Նուբար Աֆեյանի՝ տարբերությունն էական չէ:

Անդրադառնալով՝ կա՞ արդյոք հակամարմինների նվազագույն շեմ, որն ինչպես պատվաստված, այնպես էլ արդեն վարակված մարդկանց կարող է պաշտպանել, ի պատասխան հայ գիտնականը հավելեց, որ դեռևս ընդունված շեմ չկա, սակայն համավարակի ուսումնասիրությամբ զբաղվող տարբեր գիտական կենտրոններ աշխատում են այդ ուղղությամբ:

ԵԲՊՀ մասնագետների կողմից հնչեցված հաջորդ հարցը վերաբերում էր կորնավիրուսի մուտացված տեսակներին և նրան, թե պատվաստումից հետո որքա՞ն ժամանակ է կարելի պաշտպանված լինել դրանից: Նուբար Աֆեյանն ասաց, որ այս հարցը նույնպես տարբեր ընկերությունների կողմից ուսումնասիրությունների առարկա է և արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերը, որոնք հակամարմին են առաջացնում covid-19-ի  դեմ, պետք է միտված լինեն կատարելագործվելու՝ վիրուսի մուտացված տեսակներից պաշտպանելու համար:

Ամփոփելով հնչեցրած հարցերը՝ Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ չկա որևէ պատվաստանյութ, որն ամբողջությամբ անվտանգ է, ինչպես բժշկության մեջ ցանկացած միջամտություն: «Այս վիրուսի ազդեցությունը մարդու առողջության վրա վատ կամ ավելի վատ է: Ցանկացած պարագայում այն թողնում է որևէ հետևանք առողջության վրա: Հետևաբար պաստվաստանյութի բացասական ազդեցության ռիսկերն ավելի փոքր են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը հասարակության առաջ՝ չվարակվել և վիրուսը չփոխանցել ուրիշներին:

ԵՊԲՀ ռեկտորը կարևորելով պատվաստումների հանրայնացումը՝ նշեց, որ բոլորը պետք է գիտակցեն՝ վարակվելուց հետո առաջացած հակամարմինները ժամանակի ընթացքում սպառվում են և մեծացնում համավարակի տարածման ռիսկերը:

Նուբար Աֆեյանը պատասխանելով բժշկական բուհի ղեկավարի հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր ապահովել պատվաստումների ցանկալի ծածկույթ Հայաստանում, և ե՞րբ մեր երկրում կլինի «Moderna» տեսակի պատվաստանյութը, ընդգծեց, որ առաջին հերթին դա կապված է պետության ունեցած հնարավորությունների և համավարակի ռիսկերը ճիշտ գնահատելու հետ: «Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության և այն երկրների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել, որ Հայաստանը նույնպես հնարավորություն ունենա ձեռք բերել «Moderna» տեսակի պատվաստանյութը»,-եզրափակեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:

ԵՊԲՀ ռեկտորը կարևորելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեց հայազգի գիտնականին հյուրընկալվելու համար՝ հույս հայտնելով, որ հասարակությունը համավարակի դեմ պայքարում կունենա գիտակցված մոտեցում: