• Հայ
  • Рус
  • Eng
Օտարերկրացի շրջանավարտի համոզմամբ՝ բժիշկը պացիենտի առողջության երաշխավորն է
Օտարերկրացի շրջանավարտի համոզմամբ՝ բժիշկը պացիենտի առողջության երաշխավորն է
08.04.2021

24-ամյա Դիվյա Տյագին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ է: Հնդիկ ապագա վիրաբույժը վստահ է, որ բժիշկը պացիենտների առողջության երաշխավորն է:  

«Ի սկզբանե հետաքրքրված էի մարդու մարմնի առանձնահատկություններով, իսկ բժիշկ դառնալու որոշումս պայմանավորված էր կյանքեր փրկելու ցանկությամբ: Բժշկությունն ինձ միշտ շատ է հետաքրքրել: Ձգտում եմ ավելի ու ավելի շատ բան իմանալ բժշկության մասին, որպեսզի կարողանամ բուժել մարդկանց: Դա ինձ նույնպես երջանկություն է պատճառում», - ասում է Դիվյան՝ հավելելով, որ ողջունելի է, երբ մեծ է կարիերայում հաջողությունների հասնելու ձգտումը:

Անդրադառնալով Հնդկաստանում պարտադիր FMGE (Foreign Medical Graduate Examination) քննությանը՝ ապագա բժիշկը նշում է, որ այն օտարերկրյա բժշկական ավարտական քննություն է, որն անցկացվում է Հնդկաստանի քննությունների ազգային խորհրդի կողմից: Սա, նրա խոսքով, սքրինինգային թեստ է Հնդկաստանի այն քաղաքացիների համար, որոնք բժշկական կրթություն են ստացել երկրի սահմաններից դուրս:

«Քանի որ ես ավարտեցի բժշկական համալսարանը 2020 թվականի հուլիսին, իսկ իմ FMGE քննությունն օգոստոսի 31-ին էր, ուստի պատրաստվելու համար ունեի ընդամենը մեկ ամիս: Այս ամսվա ընթացքում ես որոշեցի կրկնել ստացածս գիտելիքները, քանի որ «Կրկնությունը հաջողության բանալին է»: ԵՊԲՀ-ն կարևոր դեր խաղաց այս հարցում. համալսարանում ուսանելու տարիներին ստացած գիտելիքի շնորհիվ ընդամենը մեկ ամիս պատրաստվելը բավարար էր քննությունը հաջողությամբ հանձնելու համար», - պատմում է Դիվյա Տյագին:

Շրջանավարտը խոստովանում է, որ սիրում է Հայաստանն ու հայ ժողովրդին:

«Հայաստանն իմ երկրորդ տունն է, որտեղ ես անցկացրել եմ կյանքիս կարևորագույն վեց տարիները: Շատ լավ էի ինձ զգում` հայ-հնդկական ջերմ հարաբերությունները տեսնելով», - ասում է նա:

Բժշկական մասնագիտացման հարցում Դիվյան կընտրի սրտային վիրաբուժությունը կամ նյարդավիրաբուժությունը:

Հնարավորության դեպքում հնդիկ ապագա բժիշկը կցանկանար մնալ և աշխատել Հայաստանում:

Նրա կարծիքով՝ լավ բժիշկ լինելու համար կարևոր է լավ ունկնդիր լինելը:

«Բժիշկը պետք է պատասխանի պացիենտի հարցերին պարզ լեզվով՝ առանց չափից շատ բժշկական տերմինաբանության: Նա պետք է ազնիվ լինի, բայց նաև՝ հուսադրող, նույնիսկ այն ժամանակ, երբ իրավիճակը բարդ է», - ասում է շրջանավարտը:

Ապագա բժիշկներին Դիվյան խորհուրդ է տալիս ամեն օր վերընթերցել ուսումնասիրած մասնագիտական նյութերը, ինչը հաջողության հասնելու լավագույն ճանապարհներից է:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան