• Հայ
  • Рус
  • Eng
Պատերազմ, որը տևեց մի ամբողջ կյանք
Պատերազմ, որը տևեց մի ամբողջ կյանք
10.05.2021

Պատերազմի մասնակից շատ համալսարանականներ կատարած աշխատանքի մասին ավելորդ խոսքեր չեն սիրում շռայլել:  2018-2020թթ. ՊԲ Մեխակավանի (Ջաբրայիլի) հոսպիտալում որպես վերակենդանացման բաժանմունքի պետ ծառայություն անցած բժիշկ Կարեն Մանուկյանը նրանց թվում է:

«Ամենամեծ դժվարությունն այն էր, որ ստիպված էիր մասնագիտական և մարդկային սխրանքի սահմանագծում լինել: Հաճախ վիրահատությունների՝ կյանք փրկող վիրահատությունների ընթացքում արկեր էին թափվում գլխիդ, իսկ մենք շարունակում էինք մեր թիմային գործը: Մենք կատարեցինք առավելագույնը, և ես շնորհակալ եմ անչափ իմ բոլոր գործընկերներին: Մենք արել ենք առավելագույնը զինվորների համար»,-ասում է բժիշկը՝ հավելելով, որ սուղ միջոցներով և բարդ պայմաններում բուժաշխատողների բարձր արհեստավարժության մասին են վկայում ծանր վիրավորումներ ստացած  և հրաշքով փրկված զինծառայողները:

Պատերազմից առաջ էլ ԵՊԲՀ շրջանավարտը՝  որպես զինվորական ծառայություն անցնող, բժիշկ մշտապես նախապատրաստվել է հնարավոր վատագույն սցենարին:

«Իմ ծառայության երկու տարվա ընթացքում  միշտ մտածել եմ պատերազմի հավանականության մասին, ու միշտ ինքս ինձ հռետորական հարց եմ տվել թե ինչ պետք է անեմ, ինչպիսի գիտելիք պիտի ունենամ, ու դա ինձ փրկել է, ոչ միայն ինձ, նաև վիրավորներին։ Անեսթեզիայի գրքերից մեկում գրված է` անզգայացման սխալները 90% դեպքերում լինում են վատ պատրաստվելուց, դա ինձ համար կյանքի հավատամք է դարձել, միշտ պատրաստվել ցանկացած սցենարի, որ կարողանաս լուծում գտնել այն բարդ հարցերի համար, որոնց արժեքը շատ թանկ է: Միշտ  պատրաստվելով վատագույնին՝ պատերազմի մեկնարկից հետո բոլորս մեր թիմում հստակ գիտեինք, թե ինչ պետք է անենք»,- մանրամասնում է պատերազմի մասնակիցը՝ ընգգծելով, որ ինքդ քեզ վրա աշխատելը հաջողելու ամենաարդյունավետ տարբերակն է, որին չկա այլընտրանք:

Երիտասարդ մասնագետը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանացում  է անցել կլինիկական օրդինատուրան՝ անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ, այնուհետև օրդինատուրան ավարտելուց հետո երեք տարի աշխատել է հիվանդանոցային համալիրում՝  որպես ռեանիմատոլոգ:

Այժմ նա մասնագիտական գործունեություն է ծավալում «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի Սրտային վիրաբուժության վերակենդանացման բաժանմունքում,  տարեսկզբից նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքի բժիշկ է:

Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտացումն ընտրել է հինգերորդ կուրսում:

Այս ոլորտում նա ավելի շատ է խորքային խնդիրներ տեսնում և դրանց լուծման տարբերակների մշակումը հետաքրքրական է դարձնում աշխատանքը:  

Նրա գնահատմամբ՝ լավ բժիշկ դառնալու համար պետք է շատ կարդալ, անընդհատ աշխատել ինքդ քեզ վրա, ու երբևիցե «ալարկոտության» համար արդարացումներ չփնտրել։

«Անեսթեզիայի մասին միշտ ասում եմ՝ «часы спокойствия, минуты ужаса»: Ես միշտ սիրել եմ պատասխանատվություն վերցնել ինձ վրա, միշտ սիրել եմ լարված իրավիճակներում հայտնվել, ու առավելապես համախմբել  ուժերս,  երբ լարված է իրադրությունը: Իհարկե, մեծ դեր է խաղացել նաև իմ դասախոսը՝  Հայկ  Հովհաննիսյանը, որի հետ այժմ լավ ընկերներ ենք, որը ևս ակտիվ մասնակցություն ունեցավ վերջին պատերազում որպես բժիշկ և որպես մարդ»,- պատմում է ԵՊԲՀ շրջանավարտը:

Բժշկի ուղին նա պատահական չի ընտրել. հայրը դիմածնոտային վիրաբույժ է, մայրը էնդոկրինոլոգ, հանրային առողջապահության ոլորտի աշխատակից։

Կարեն Մանուկյանը, ծանոթ լինելով  պատասխանատվության և ծանրաբեռնվածության բարձր աստիճանին, չի փոխել որոշումը, իսկ ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս սիրել մասնագիտությունը, ապրել դրանով, քանի որ բժշկագիտությունը սովորական բնագավառ չէ և պահանջում է նվիրում:

«Միայն ձեզնից պահանջե՛ք, հավատացե՛ք: Սովորեք մասնագետից, թե ինչպիսի մոտեցում ունի մասնագիտության հանդեպ, ինչպես է վեևաբերվում  խնդրին:  Գիտելիք ձեռք բերելու համար հսկայական աշխատանք պետք է կատարել, որ մի օր պատիվ ունենաք գլուխներդ բարձր ասել՝ բժիշկ եք»,- նկատում է նա՝ հորդորելով առավել լայն մասշտաբով ընկալել և հասկանալ պատասխանատվություն հասկացությունը, որը բժշկի համար բարձրագույն արժեք է: