• Հայ
  • Рус
  • Eng
Պատերազմական իրավիճակում պատասխանատվությունն ու պարտավորվածությունը եռակի է մեծանում
Պատերազմական իրավիճակում պատասխանատվությունն ու պարտավորվածությունը եռակի է մեծանում
09.07.2021

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Ռոբերտ Գալստյանը ևս սեպտեմբերի 27-ից՝ պատերազմը սկսելուն պես,  համալրել է սպիտակ բանակի շարքերը, զբաղվել է վիրավոր զինվորների տեղափոխմամբ, ցուցաբերել  առաջնային բուժօգնություն: 

«Իմ համոզմամբ՝ բժշկի մասնագիտությունն ամենապատասխանատու մասնագիտությունն ու աշխատանքն է, իսկ պատերազմական իրավիճակում պատասխանատվությունն ու պարտավորվածությունը երկակի, եռակի և ավել մեծանում են: Պայքար յուրաքանչյուր վիրավոր զինվորի, կամավորի ու հայի կյանքի համար...»,-ընդգծում է Ռոբերտը:

Ապագա դիմածնոտային վիրաբույժը նշում է, որ պատերազմի օրերին սովորել է ավելի շատ գնահատել կյանքը, ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մասնագիտությանը և անկանխատեսելի, արտակարգ իրավիճակներում ճիշտ, մտածված գործողություններ կատարել:

Բժշկի մասնագիտությունը դեռ դպրոցական տարիներից է  հետաքրքրել Ռոբերտին:

 «Հիշում եմ՝ հնարավորության դեպքում շատ մեծ հետաքրքությամբ նայում էի բժշկության հետ կապ ունեցող յուրաքանչյուր տեսահոլովակ, ընկերներիս հետ նույնիսկ փորձել ենք գորտ հերձել։ Ընտրել եմ դիմածնոտային վիրաբույժի մասնագիտությունը, քանի որ ինձ ավելի շատ հոգեհարազատ է վիրաբույժի աշխատանքը»,-նշում է նա՝ հավելելով, որ բժշկի համար առաջնային հատկանիշներից են մարդասիրությունն ու անշահախնդրությունը:

Կլինիկական օրդինատորը 2020 թվականի ապրիլից նույն պատասխանատվությամբ կանգնած է եղել նաև Covid-19-ով վարակվածների կողքին. «Համավարկի օրերին աշխատել եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,  իսկ պատերազմից հետո մինչև օրս աշխատում եմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»:

Ապագա վիրանույժը ազատ ժամանակ սիրում է ֆուտբոլ խաղալ, հասարակական ակտիվություն ցուցաբերել:

Նշենք, որ Ռոբերտ Գալստյանը 2016-2017թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ստոմատոլոգիական ֆակուլտետային խորհրդի նախագահը, 2018թ.-ին Ուսանողական խորհրդարանի փոխնախագահը, իսկ 2019-2020 թթ. նախագահը: