• Հայ
  • Рус
  • Eng
Պատերազմի զինվորն ու ապագա բժիշկն ունի հայրենիքի զարգացման երկարաժամկետ ծրագրեր
Պատերազմի զինվորն ու ապագա բժիշկն ունի հայրենիքի զարգացման երկարաժամկետ ծրագրեր
07.07.2021

44-օրյա պատերազմի մասնակից, ապագա բժիշկ Արսեն Հարությունյանն ավարտեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսը:

 «Աշխատում էի «Քովիդ» կենտրոնում, սեպտեմբերի 27-ի առավոտյան հերթափոխ էր, հանձնում էի, երբ լսեցի Արցախում պատերազմի սկսվելու մասին լուրը: Դուրս եկա, հիվանդանոցի բակում հավաքվել էին ռազմական բժիշկներ, որոնք տագնապով տեղափոխվում էին Արցախ: Հասնելով տուն՝ միանգամից դիմեցի զինկոմիսարիատ, բայց դեռևս իրենք էլ չգիտեին՝ ինչ մեխանիզմով պետք է տանեին, մի քանի ժամ սպասեցի: Այդ ընթացքում եղբայրս՝ Հայկազ Հարությունյանը, որ օրդինատոր է, մասնագիտությամբ ուրոլոգ, բժշկական խմբի հետ մեկնեց Արցախ: Առանց սպասելու իր վաշտին՝ եղբայրս նախօրոք գնաց»,-պատմում է Արսեն Հարությունյանը:

Նա տեղեկացել է վաշտի մասին, որի կազմում պետք է եղբայրը մեկներ Արցախ, դիմել է, որ առաջնագիծ մեկնի հենց այդ վաշտի տղաների հետ:

«Սեպտեմբերի 27-ի երեկոյան արդեն ավտոբուսներում նստած էինք, երբ բերեցին մեկնող տղաների ցուցակը, որի մեջ անունս չկար: Կրկին գնացի զինկոմիսարիատ, պարզվեց, որ հաշվառված չեմ, երկրորդ փորձն էլ ձախողվեց, հաջորդ օրը կամավորական ջոկատի հետ հաստատվեց մեկնելս, ու արդեն իրենք դուրս եկան Երևանից, ես եկել էի Արենի, որ մեր զինկոմիսարիատից գնայի, միացա իրենց, մեկնեցինք Արցախ»,- ռազմաճակատ մեկնելու վճռական որոշման մասին նշում է ապագա բժիշկը:

Իսկ որպես զինծառայո՞ղ, թե՞ բուժաշխատող էր Արսենը ցանկանում մասնակցել Արցախի պաշտպանությանը: «Ես դիմել էի, երբ վաշտի կազմն արդեն հաստատված էր, հարցրեցի՝ իսկ բուժաշխատող ունե՞ք, արդեն յուրաքանչյուր տարբերակի պատրաստ էի մեկնելու համար, ասացին՝ ոչ, ու ստացվեց, մեկնեցի որպես ջոկատի բժիշկ»,- պատմում է նա:

Առաջին օրը մնացել են Ասկերանում, երկրորդ օրը՝ Արցախի հյուսիսում՝ «Եղնիկներում»: Պատերամզին մասնակցել է մինչև հոկտեմբերի վերջ: «Արցախ մեկնելու որոշումը կայացրի, քանի որ իմ մեջ եղել է միշտ այն գաղափարը, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է պատրաստ լինի իր հողի պաշտպանությանը, այսինքն՝ իմ որոշումն այնպես չէ, որ մտորումների արդյունք է, հստակ էր որոշումս, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ուրեմն պետք է լինել այնտեղ, որտեղ մեր կարիքը զգացվում է: Այդ ամենը ձևավորվել էր հորս կերպարով, նա բժիշկ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից: Հայրենիքի փրկությանը մասնակից դառնալու վճռական մոտեցման հիմքում իմ ընտանիքում ստացած դաստիարակությունն էր, այն գիտակցումը, որ ի վերջո սա մեր հողն է, մեր հողը հենց մենք պետք է պահենք»,-շեշտում է ապագա բժիշկը:

Ապագա բժիշկը նշում է՝ ինքը ներգրավված էր հատուկ նշանակության վաշտում, ու ոչ այնքան այնտեղ դրսևորվեցի որպես բուժաշխատող, որքան հակառակ գործ էի անում. նկատի ունի հակառակորդին: «Ինչ վերաբերում է բուժօգնությանը, ես առաջին օղակն էի. վիրավորներին ես էի առաջին օգնություն ցույց տալիս մինչև շտապօգնության մեքենայի հասնելը: Պատերազմի ընթացքում նաև հակառակորդի թիկունքում եմ հայտնվել: Հատուկ գործողության էինք գնացել: Պատերազմի ընթացքում պատիվ եմ ունեցել Արցախի երկու հերոսի հետ ռազմի դաշտում լինել. մեկը «Եղնիկների» հրամանատարը՝ Կարեն Ջալավյանը, մյուսը Մենուա Հովհաննիսյանը, որը մեր վաշտից էր: Նա զոհվել է այն հատուկ գործողության ժամանակ, որի մասին նշեցի: Շուրջ 20 հոգով կարողացել ենք մոտ 6-7 անգամ շատ հակառակորդի ուժեր ոչնչացնել, սակայն դրանից հետո գտնվելով շրջափակման մեջ, ստիպված ենք եղել վերջին ուժերով դուրս գալ: Ես վիրավորին գրկած, մյուս ձեռքիս զենքը, կրակելով դուրս եմ եկել, վիրավորին դուրս եմ բերել մարտի դաշտից: Կոնկրետ ինչ վերաբերում է այդ մարտին, ամեն ինչ եղավ անսպասելի, քանի որ մենք այլ նախատեսված պլանով էինք գնում, դուրս եկանք հակառակորդի հարյուրավոր զինվորների դեմ, որոնք ամենայն հավանականությամբ պատրաստվում էին գրոհել մեր դիրքերի ուղղությամբ, մետրերի վրա հայտնվելով՝ այլ բան չէր մնում, քան փորձել ինչքան հնարավոր է՝ ոչնչացնել թշնամու ուժերը: Այդ պահին չկար զգացմունք, չէիր մտածում քո կյանքի մասին, եթե ռեալ մտածեիր, կյանքը պահելու հավանականությունը շատ փոքր տոկոս էր կազմում, բայց այդ փոքր տոկոսն ամեն դեպքում մեր օգտին գործեց»,- ծանր մարտերի մասին է պատմում ապագա բժիշկը:

Այդ օրն ունեցան 4 զոհ, վիրավորներ, սակայն 16 հոգանոց վաշտով կարողացան դուրս գալ այդ վայրից: «Պատերազմն իմ մեջ ամեն ինչ փոխել է: Եթե նկատում եք, պատերազմի մասին խոսելիս ձայնիս մեջ դող կա, դա ոչ թե վախի հետևանք է, այլ, որ փորձեցինք անել ամեն ինչ, բայց վերջնարդյունքը չստացվեց այն, ինչ կարող էր մեր սերնդին բարձր գլխով պահել»,-նշում է նա:

Պատերազմի ավարտին մարտական ընկերներով հանդես են եկել ծրագրով, կամավորական ուժերով լրացնել տարիներ ի վեր գոյություն ունեցող բացերը: «Հիմնեցինք հասարակական, գիտակրթական, ռազմավարական ընկերություն, կոչվում է «Բարձունք»: Այնտեղ միասնական ջանքերով փորձում ենք լուծել մի շարք հարցեր՝ հասարակական տարբեր ոլորտներում: Ունենք արդեն գիտակրթական, ռազմավարական կենտրոն, 130 կամավորներից կազմված թիմ, որն իրավաբանական, առողջապահական, տնտեսական ոլորտներում գործունեություն է ծավալում: Կարողացանք սոցիալական աջակցություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած զինվորականներին, Արցախից տեղահանվածներին: Գործակցում ենք պետական կառույցների, անհատների հետ: Ունենք նաև երկարաժամկետ ծրագրեր»,-եզրափակում է ապագա բժիշկը:

Արսեն Հարությունյանը կընտրի անոթային վիրաբուժություն կամ ինվազիվ սրտային վիրաբուժությունը՝ որպես նեղ մասնագիտացում: