• Հայ
  • Рус
  • Eng
Պատերազմին մասնակցելը բժիշկ-մարտիկի համար պարտք էր խղճի  առաջ
Պատերազմին մասնակցելը բժիշկ-մարտիկի համար պարտք էր խղճի առաջ
02.03.2021

Պատերազմի մասնակից ապագա բժիշկներին բժշկական բուհում հատուկ ակնածանքով են վերաբերում: Վազգեն Հայրյանը Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է: Մարդասիրական մասնագիտությունն ընտրած երիտասարդը նախքան պատերազմի մեկնարկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում որպես կամավոր էր աշխատում անցած տարվա ապրիլից՝ պայքար մղելով համավարակի դեմ, օգնելով ավագ գործընկերներին:

Չարաբաստիկ պատերազմի մեկնարկի առաջին օրվանից նա դեպի Ստեփանակերտ ուղևորվելու տարբերակներ էր մտածում:

Վազգեն Հայրյանը ծնվել է Աբովյան քաղաքում, բայց արմատներով Արցախից է:

Աբովյանից բեռնատարի վարորդի կողքին նստելով ուղևորվեց Արցախ:

«Սեպտեմբերի 30-ին երեկոյան արդեն Ստեփանակերտում էի, չէի պատկերացնում որ քաղաքն այդքան ոչ կենսունակ, մռայլ է ներկայանալու: Կյանքը պարզապես սառել էր…»,- պատմում է Վազգեն Հայրյանը:

Դեռևս չունենալով հստակ ծրագիր, թե որտեղ է կատարելու իր մարդկային և մասնագիտական պարտքը, բենզալցակայանում պատահաբար զրույցի է բռնվում մի տղայի հետ, որը պարզվում է իր ծառայակից ընկերոջ մեծ եղբայրն է:  Այդպես նա տեղափոխվում է Արցախի պաշտպանության բանակի չորրորդ պաշտպանական շրջան (Ասկերան), առաջնագիծ՝ դիրքերը չլքելով և ոչ մի օր, սեպտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 18-ը:

Անհրաժեշտությունից ելնելով  տարաբնույթ բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, դուրս բերել խրամատներից:

«Մարտական գործողությունների ընթացքում ես առաջին հերթին զինվոր էի»,- ընդգծում է բժիշկ-մարտիկը:

Պատերազմի մասին խոսելիս ավելորդ բառեր շռայլել չի սիրում: Պատասխանելով այն հարցին, թե ինչն իրեն մղեց դեպի առաջնագիծ նշում է. «Դա պարտք էր սեփական խղճի առաջ»:

Առ այսօր իրեն զանգահարում են վիրավոր տղաները, որոնց օգնել է, զինակից ընկերները: Ցավով է նշում, որ պատերազմում մասնագիտական հմտություններն առավել կատարելագործվեցին, փոխվեցին առաջնահերթությունները:

Սրտաբանի փոխարեն որպես նեղ մասնագիտացում Ընդհանուր բժշկության ֆակուլտետի սովորողն ընտրելու է  անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի պահանջված մասնագիտությունը:

Չի բացառում, որ հնարավորության դեպքում կշարունակի մասնագիտական գործունեությունը Արցախում:  Վազգեն Հայրյանը  2008-ից  2010 թվականներին զինվորական ծառայություն է անցել Արցախի ՊԲ-ում: 2011 թվականին ընդունվել է ԵՊԲՀ:

Ամուսնացած է, ունի 6-ամյա  դուստր: