• Հայ
  • Рус
  • Eng
Պատերազմը սովորեցնում է գնահատել կյանքը, լինել  միասնական և ուժեղ
Պատերազմը սովորեցնում է գնահատել կյանքը, լինել միասնական և ուժեղ
11.05.2021

Բժիշկները խաղաղ և պատերազմական օրերին ունեն մարդկանց օգնելու կարևոր առաքելություն: Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Սրտաբանության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Հակոբյանը ևս պատերազմի դժվարին օրերին մեծ պատասխանատվությամբ է կատարել բժշկի առաքելությունը:

Շտապբուժօգնության մեքենայով, որպես բրիգադի բժիշկ, իրականացրել է վիրավորների տեղափոխում Ստեփանակերտից Երևան:

«Հույզերս աննկարագրելի էին.  մի կողմից չափազանց դժվար էր տեսնել այդքան երիտասարդ վիրավորներին, մյուս կողմից` նրանց օգնություն ցուցաբերելիս ինձ հպարտ էի զգում: Առանց մտածելու սեփական անվտանգության մասին, սրտի մեծ թրթիռով իրականացնում էինք դա, քանի որ մեր ապրած ամեն օրվա, ամեն վայրկյանի համար պարտական էինք հենց այդ տղաներին»,-նշում է Լուիզան:

Ապագա սրտաբանի խոսքով՝ իրադրությունը բավականին բարդ էր նաև թիկունքում. «Շուրջբոլորն իրենց հերոս զավակների մահը սգացող ծնողներ էին, կորոնավիրուսով վարակված բուժառուներ, որոնց հոսպիտալացումը բավականին դժվար էր` պայմանավորված համապատասխան ռեանիմացիոն մահճակալների բացակայությամբ։ Անգամ այսպիսի դժվար կացության մեջ  չէինք հուսահատվում, քանի որ հավատում էի հայ զինվորին, իր արիությանը, ոգու զորությանը ու նպատակաուղղված, առանց  հուսալքվելու  շարժվում էինք առաջ»։

Լուիզան այդ օրերի ընթացքում սովորել է ավելի շատ գնահատել կյանքը, յուրաքանչյուր ապրած պահը, վայրկյանը, սիրելի ու հարազատ մարդկանց, խոնարհվել հերոսածին և որդեկորույս հայ մայրերի առջև և լինել այնքան միասնական և ուժեղ, որ թշնամին  իր չարագործ մտքերում անգամ չհամարձակվի հային պարտված համարել։

«Հայ ազգը բազում ողբերգական և դժվարին պահեր է հաղթահարել։ Վստահ եմ այս անգամ ևս կդրսևորենք ողջախոհություն և միասնական կլինենք։ Հայը պետք է Հայաստանում ապրի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը  ամուր կանգնի հայ հողին»,-ընդգծում է նա։ 

Անդրադառնալով մասնագիտության ընտրությանը, Լուիզա Հակոբյանը շեշտում է, որ դեռ դպրոցական տարիներից սիրել է բնագիտական առարկաները. «Մարդու օրգանիզմն իր կատարելությամբ և հզոր մեխանիզմներով հանդերձ մի մեծ առեղծված էր ինձ համար, որն էլ դարձավ դրդապատճառ`  ավելի խորությամբ ուսումնասիրելու բժշկությունն իր ամբողջ հետաքրքրությամբ և գրավչությամբ»։

Ապագա նեղ մասնագետը ընդգծում է, որ բժիշկը պետք է լինի հոգատար, խիզախ, պատրաստ մշտապես ինքնակատարելագործվելու, իր հարմարավետության դաշտից դուրս գտնվելու, անքուն գիշերներ անցկացնելու` հանուն հիվանդների բարօրության։