• Հայ
  • Рус
  • Eng
Պատվաստումը՝ արդյունավետ միջոց Covid-19 –ի դեմ. գերմանացի մասնագետի առցանց դասախոսությունը
Պատվաստումը՝ արդյունավետ միջոց Covid-19 –ի դեմ. գերմանացի մասնագետի առցանց դասախոսությունը
13.05.2021

Հանրային առողջության ֆակուլտետի նախաձեռնությամբ առողջապահության կազմակերպիչ, գերմանացի մասնագետ, ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի հրավիրված դասախոս Յուրգեն Շեֆերսն անցկացրեց առցանց դասախոսություն «Համավարակի կառավարումը Գերմանիայում» թեմայով:

Յուրգեն Շեֆերսը Գերմանիայի խորհրդարանում աշխատել է որպես առողջապահության գծով խորհրդատու, աշխատել է Բեռլինի Շարիտե հիվանդանոցում՝ որպես գործադիր տնօրենի տեղակալի օգնական, հանդիսանում է հիվանդանոցների կառավարման մասնագետ, տրամադրում է խորհրդատվություն առողջապահության ոլորտում, իսկ 2007 թվականից «Բժշկական կրթության միջազգային կոնֆերանս» (International Conference on Medical Education – ICME) կազմակերպության կառավարման կապերի փորձագետ է:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը, անդրադառնալով համավարակի դեմ պայքարի Գերմանիայի փորձին, նշեց, որ սկզբում երկիրը բավականին հաջող կազմակերպեց համավարակի դեմ պայքարը:

«Վարակվածների թիվն այնքան էլ շատ չէր, չկար մահճակալների, մասնագետների կամ ռեսուրսների պակաս: Սակայն երկրորդ ալիքի ժամանակ վարակվածների թիվն ավելացավ», - դասախոսության սկզբում ասաց Մարինե Հովհաննիսյանը:

Պրոֆեսոր Շեֆերսը բովանդակային զեկույցի միջոցով ներկայացրեց Գերմանիայում համավարակի կառավարման ոլորտում արձանագրված ձեռքբերումները, բացթողումները, կազմակերպված հիմնական միջոցառումները, ներկա իրավիճակը երկրում և քաղված դասերը:

«Գերմանիայում դրսևորվեց համավարակի 3 ալիք. առաջին ալիքը տարածվեց 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներից, երկրորդ ալիքը՝ նույն թվականի հոկտեմբերից, իսկ երրորդը՝ 2021 թվականի մարտ-ապրիլից: Մեզ չհաջողվեց վերահսկել հիվանդության երկրորդ ալիքը, ինչը լուրջ խնդիր դարձավ», - ընդգծեց գերմանացի մասնագետը:

Խոսելով կազմակերպված հիմնական միջոցառումների մասին՝ Յուրգեն Շեֆերսն առանձնացրեց անձնակազմի համալրմանն ուղղված քայլերը, պատվաստանյութի մշակումը, հետազոտությունների ֆինանսավորումը և համապատասխան տնտեսական քաղաքականության վարումը:

Ինչ վերաբերում է Գերմանիայում համավարակի հետ կապված ներկա իրավիճակին՝ առողջապահության մասնագետը հայտնեց, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց է: 

Համավարակի հետևանքով քաղված դասերի շարքում Յուրգեն Շեֆերսն ընդգծեց միասնական, կենտրոնացված կառավարման անհրաժեշտությունը, հաղորդակցման արդյունավետության բարձրացումը, բժշկական անձնակազմի համալրումը՝ աշխատանքային այս ուղղվածությունն ավելի գրավիչ դարձնելով, դեղամիջոցների արտադրության ծավալի մեծացումը: Նրա խոսքով՝ տվյալների գերպաշտպանվածությունն իրենց երկրում խոչընդոտ է հանդիսացել հետազոտությունների անցկացման համար և այս ոլորտում տարվող քաղաքականությունը վերանայման կարիք ունի:

Ամփոփելով դասախոսությունը՝ դեկան Մարինե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ պատվաստման գործընթացն արդյունավետորեն կկանխի համավարակի չորրորդ հնարավոր ալիքը: