• Հայ
  • Рус
  • Eng
Ռազմական բժիշկը  տիրապետում է  երկու կարևոր մասնագիտության՝ բժշկի և զինվորականի
Ռազմական բժիշկը տիրապետում է երկու կարևոր մասնագիտության՝ բժշկի և զինվորականի
25.02.2021

ԵՊԲՀ շատ սովորողներ պատերազմական օրերին ոչ միայն ամուր թիկունք դարձան սպիտակ բանակի համար, այլև աչքի ընկան իրենց հերոսություններով:  Նրանց թվում կարևոր տեղ ունեն ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները, ովքեր բարձր պատասխանատվությամբ կատարեցին իրենց առջև դրված մասնագիտական խնդիրները:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Հարութ Ղահրամանյանը ևս նրանցից է, ովքեր սեպտեմբերի 27-ին լսելով Արցախում սկսված պատերազմի մասին միանգամից մեկնեցին այնտեղ: «Այդ օրերին գտնվում էի Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, կատարում իմ պարտքը: Յուրաքանչյուր  զինվորի մասին հոգ էինք տանում այնպես, ինչպես կանեինք մեր հարազատների համար: Անում էինք անհնարինը, օգնում բժիշկներին»,-նշում է Հարութը:

Նրա խոսքով՝ խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ բժշկի աշխատանքը շատ տարբեր է. «Պատերազմի ժամանակ բժիշկը չունի ժամանակ, աշխատում է օր ու գիշեր, չքնելով, նորմալ չսնվելով, կատարում է ոչ միայն նեղ մասնագիտական պարտականությունները, այլև ամեն ինչ: Նախքան պատերազմը իմ պատկերացումները լրիվ ուրիշ էին բժշկի կատարած աշխատանքի մասին, քան հիմա: Զինվորի կյանքի ու մահվան պայքարը մեծ հետք է թողել իմ կյանքում, շատ բաներ սովորեցի 44 օրերի ընթացքում՝ տեսնելով և մասնակցելով այդ ամեն ինչին»:

Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողը ցավով է խոսում իր եղբոր մասին, ով զոհվել է պատերազմում: «Նոյեմբերի 1-ին հայտնեցին, որ զոհվել է փոքր եղբայրս, երկար փնտրտուքներից հետո, դեկտեմբերի 3-ին գտնվեց եղբորս դին, մնացի մենակ....   Եղբայրս ինձանից մեկ տարի փոքր էր, սովորում էր Ստեփանակերտի Նարեկացու անվան համալսարանում, ուսումը կիսատ թողնելով գնացել էր ծառայության: Ծառայում էր Ջրականում, որպես նորակոչիկների ջոկի հրամանատար: Եղբայրս ևս  անմահացավ հայրենի հողի վրա՝ իր նորակոչիկների հետ միասին, 17 հոգով»,-պատմում է Հարութը:

ԵՊԲՀ սովորողն անդրադառնալով իր՝ ռազմական բժիշկ դառնալու որոշմանը, նշում է, որ դեռ մանկուց է սիրել թե՛ սպիտակ խալաթը, թե՛ զինվորական համազգեստը. «Փոքր հասակում, երբ բժշկի էի գնում, ինձ դուր էր գալիս բժշկի վերաբերմունքը, նրա  աշխատանքը, սպիտակ խալաթը: Հայրս սպա էր, ինձ հոգեհարազատ էր նաև այդ ոլորտը, և ես որոշեցի երկուսը միասին համատեղել՝ ընդունվել ռազմաբժշկական ֆակուլտետ»:

Հարութ Ղահրամանյանի խոսքով՝ ռազմական բժիշկը  տիրապետում է  երկու կարևոր մասնագիտության՝ բժշկի և զինվորականի:

«Բժիշկը պետք է լինի հոգատար, ամեն պացիենտի պետք է անհատական մոտեցում և վերաբերմունք ցուցաբերի,  լինի կրթված, իսկ ռազմական բժիշկը պետք է այս հատկանիշներին ավելացնի հայրենասիրությունը, սպային վայել պահվածքը»,-իր խոսքն ամփոփում է նա: