• Հայ
  • Рус
  • Eng
Շտապօգնությունում աշխատանքն ու  հերթապահությունները ռեանիմացիայում ամրապնդել են օրդինատորի՝ բուհում ստացած գիտելիքները
Շտապօգնությունում աշխատանքն ու հերթապահությունները ռեանիմացիայում ամրապնդել են օրդինատորի՝ բուհում ստացած գիտելիքները
23.07.2021

ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայի մեծ թվով սովորողներ, ինչպես կորոնավիրուսային համավարակի օրերին, այնպես էլ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում աչքի են ընկել մասնագիտական բարձր կարողություններով: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայում անեսթեզիոլոգիա, ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսի սովորող Արթուր Սահակյանը պատերազմի մասին լուրն իմացել է աշխատավայրում՝ Երևանի շտապօգնության ծառայությունում հերթապահության ժամանակ: Հենց այդ պահից էլ ԵՊԲՀ սովորողը ներգրավվել է Արցախից Երևան վիրավորներին տեղափոխելու գործին: 

Ինչպես փաստում է սովորողը, շտապօգնության բժիշկների խնդիրը ոչ միայն բուժօգնություն տարամադրելու և վիրավորներին տեղափոխելու մեջ էր, այլև այդ ընթացքում անհրաժեշտ էր նաև հոգեբանական աջակցություն տրամադրել տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին: «Որպես մասնագետ պատերազմի ընթացքում ձեռք եմ բերել փորձ, պրակտիկ հմտություններ, իսկ որպես մարդ՝ ավելի կոփվեցի և հասկացա խաղաղության գինը»,- նշում է Արթուր Սահակյանը, որը շտապօգնության ծառայությունում աշխատում է արդեն շուրջ 2 տարի:

ԵՊԲՀ սովորողը, որը նախքան բուհ ընդունվելը հետաքրքրվում էր գիտությամբ, բժիշկ դառնալուց բացի, այլ մասնագիտություն ընտրելու մասին չի էլ մտածել: Իսկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում արդեն կողմնորոշվել էր նաև մասնագիտացման ընտրության հարցում: «Ինձ սկսեց հետաքրքրել անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունը, քանի որ այս մասնագետները հիմնականում աշխատում են ծանր ու բարդ դեպքերի հետ. սիրում եմ անելանելի իրավիճակներում լուծումներ գտնել: Նույնիսկ, որպես կամավոր, հերթապահել եմ ռեանիմացիայի բաժանմունքում և հասկացել, որ կատարել եմ ճիշտ ընտրություն»,- ընդգծում է սովորողը:

Նրա կարծիքով՝ հիվանդանոցում կամավորական աշխատանք կատարելու շնորհիվ ավելի են ամրապնդվում բուհում ստացած տեսական գիտելիքները, և պատկերացումն ու պատասխանատվությունն ընտրած մասնագիտության վերաբերյալ ավելի հստակ է դառնում: Իսկ դա, բնականաբար, լիարժեք չէ միայն տեսական գիտելիքներ ստանալու արդյունքում:

Արթուր Սահակյանի խոսքով՝ բարությունը, կարեկցանքն ու աշխատասիրությունն այն կարևոր հատկանիշներն են, որոնք պետք է ունենա բժշկի մասնագիտությունն ընտրած անձը՝ կարևորելով սառնասրտությունը, դժվար պահերին ճիշտ կողմնորոշվելու և արագ որոշումներ կայացնելու ունակությունը: 

Շտապօգնությունում ձեռք բերած փորձն օգնել է սովորղին նաև պատերազմի ժամանակ: «Մասնագիտական առումով ավելի պատրաստված էի»,-նշում է սեպտեմբերի 27-ից դեպի Արցախ՝ Ստեփանակերտ, Դրմբոն, Չլդրան, Խնձորեսկ թվով շուրջ 30 այց իրականացրած բժիշկը: 

Ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը բժշկի իր ուղին սկսել է և պատրաստվում է շարունակել «սովորել, սովորել, սովորել» կարգախոսով՝ իր առջև դրված խնդիրները կատարելով պատասխանատվությամբ: