• Հայ
  • Рус
  • Eng
Սպիտակ բանակի զինվորը կարևորում է պատերազմում սառը դատելու կարողությունը
Սպիտակ բանակի զինվորը կարևորում է պատերազմում սառը դատելու կարողությունը
19.01.2021

Սերոբ Պետրոսյանը մեկն է այն ապագա բժիշկներից, որոնք Արցախյան 2020 թվականի պատերազմի ընթացքում թիկունքում արեցին հնարավորն ու անհնարինը՝ կատարելով բազմաբնույթ բուժական աշխատանքներ:

Սերոբը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ուրոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի առաջին կուրսում: Պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր հետո Սերոբն արդեն «Երևանի կայազորային հոսպիտալ»-ի վիրաբուժական բաժանմունքում էր, կամավորական սկզբունքով և անմնացորդ նվիրումով մասնակցում էր բոլոր աշխատանքներին:

Չնայած դրան՝ Սերոբը քչախոս է, նախընտրում է լռել պատերազմի օրերին մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում հանդիպած դժվարությունների մասին, քանի որ, նրա խոսքով, դժվարություններ միշտ էլ լինում են:

29-ամյա ապագա բժիշկը ծնվել է Վայքում: Դեռ փոքրուց էր երազում բժիշկ դառնալու մասին: «Հայրս Վայքի զինվորական հոսպիտալում էր աշխատում: Փոքր տարիքից նրա հետ գնում էի հիվանդանոց և հետևում բժիշկների աշխատանքին: Հենց այդ ժամանակվանից էլ հստակ որոշեցի՝ բժիշկ եմ դառնալու», - ասում է նա՝ ընդգծելով, որ բժշկի մասնագիտությունը շատ պարտավորեցնող է: Կինը՝ 26-ամյա Լիլիթ Մելիքյանը, նույնպես ապագա բժիշկ է:

Բժշկի համար, շարունակում է Սերոբը, հատկապես պատերազմական իրավիճակում շատ կարևոր է սառը դատելու և զգացմունքայնությունից հնարավորինս զերծ մնալու կարողությունը: 

Հոսպիտալում Սերոբը մշակում էր վիրավոր զինվորների վերքերը՝ աննշան վնասվածքից մինչև մեծ բացվածքներ: «Ամեն ինչ անում էինք, որպեսզի կանխեինք հետագա բարդությունները: Վիրավորների մեծ մասն, ի հեճուկս առողջական խնդիրների, ձգտում էր շուտ վերականգնվել և վերադառնալ առաջնագիծ», - հիշում է նա:

Ապագայի մասին խոսելիս Սերոբն ասում է, որ ձգտում է դառնալ լավ մասնագետ, ունենալ շատ երեխաներ և ամուր ընտանիք:

Նշենք, որ Սերոբ Պետրոսյանը ԵՊԲՀ այն սովորողների ցանկում էր, որոնց գործունեության վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը շնորհակալական գրություն էր հղել ռեկտոր Արմեն Մուրադյանին։ «Հպարտ ենք այդպիսի երիտասարդներ ունենալու համար: Շնորհակալ ենք Ձեզ և ԲՈՒՀ-ի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին այդպիսի հրաշք սերունդներ կրթելու և դաստիարակելու համար: Իրենց պահվածքով և կատարած աշխատանքով նրանք ապացուցեցին, որ ճիշտ են ընտրել իրենց մասնագիտությունը», - մասնավորապես, նշված է ՊՆ փաստաթղթում։