• Հայ
  • Рус
  • Eng
Սփյուռքահայ ապագա բժիշկը երազում է անվճար կլինիկա բացելու մասին
Սփյուռքահայ ապագա բժիշկը երազում է անվճար կլինիկա բացելու մասին
30.06.2021

Լիբանանահայ Օրնելլա Շանել Ահմադը Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ներկայացուցիչ է: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 25-ամյա շրջանավարտը ապագա սրտաբան է:

Ծնվել և մեծացել է Լիբանանում՝ Բեյրութում:

 «Մայրս հայ է, հայրս՝ արաբ: Հենց այդ պատճառով է, որ ազգանունս հայկական չէ: Այնուամենայնիվ, ես լիբանանահայ եմ: Մորս տատն ու մեծ տատը փրկվել են Ցեղասպանությունից: Մեր ընտանիքի նախորդ սերունդները, փախչելով Օսմանյան կայսրությունից, երկար դեգերումներից հետո հաստատվել են Լիբանանում: Այդպես, մայրս էլ ծնվեց Լիբանանում և շատ տարիներ անց հանդիպեց հորս», - պատմում է Օրնելլան:

Նա տիրապետում է հայերեն, ֆրանսերեն, արաբերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին, սիրում է դաշնամուր նվագել, զբաղվել է լողով, սեղանի թենիսով:

Օրնելլան Լիբանանից Հայաստան տեղափոխվեց 18 տարեկանում: Սկզբում մտածում էր խոհարար դառնալու մասին. համեղ ուտեստներ ու թխվածքներ էր պատրաստում: Ապա որոշեց զբաղվել կազմակերպչական գործով: Երեք տարի՝ 2016-2019 թվականներին, AISEC կազմակերպության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարն էր կամավոր հիմունքներով, համաժողովներ, տարբեր միջոցառումներ էր կազմակերպում:

Բայց, ի վերջո, որոշեց շարունակել կրթությունը բժշկության ասպարեզում:

«Ինձ միշտ հիացրել է այն, թե ինչպես է աշխատում մարդու օրգանիզմը: Դպրոցում իմ ամենասիրած առարկան կենսաբանությունն էր: Մարդու մարմինը ինքնակարգավորման յուրահատուկ ունակություն ունի, այնպես, որ միշտ պաշտպանի իրեն, և դա, իսկապես, գերագույն ուժ է: Սկզբում չէի պատկերացնում, որ ապագայում բժիշկ կդառնամ, բայց միշտ գիտեի, որ ուզում եմ ինչ-որ բան անել կենսաբանության ոլորտում, նաև միշտ ուզում էի ինչ-որ ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Հետևաբար՝ բժշկությունն իմ ընտրությունն էր: Լինելով բժիշկ՝ դու գործ ունես կյանքերի հետ, կյանքեր ես փրկում, կյանքն ավելի լավն ես դարձնում», - վստահեցնում է Օրնելլան: Հենց այսպես է նա ուզում իր ներդրումն ունենալ բժշկության աշխարհում: «Բացի այդ, ես միշտ սիրել եմ հետախուզական պատմություններ: Ինձ համար բժիշկը նաև հետաքննող է. անընդհատ ախտանիշների մասին հարցնելով, հիվանդին զննելով, հուշումներ փնտրելով՝ նա վերջապես ախտորոշում է սահմանում: Դա իսկապես հրաշալի է», - կարծում է սփյուռքահայ շրջանավարտը:

Երբ մայրն աշխատում էր Բեյրութի առողջարաններից մեկում, իսկ Օրնելլան սովորում էր 2-3 կուրսերում, նա 1 ամիս աշխատում էր որպես բուժքրոջ օգնական. արյուն էր վերցնում հետազոտության համար, պրակտիկա էր անցնում նաև հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժանմունքում, լաբորատորիայում, ամբուլատոր բաժնում:

«Հայաստան տեղափոխվելու գործում մեծ դեր խաղաց մայրս: Նա ևս սովորել է հայրենիքում և անընդմեջ պատմում էր հայաստանյան կյանքի մասին, թե որքան պարզ, որքան սիրուն են այստեղ մարդիկ և որքան կարևոր է կապված լինել մեր արմատներին: Այդպիսով՝ ես որոշեցի բժշկության ճանապարհին իմ առաջին քայլը կատարել այստեղ՝ բժշկական համալսարանում, որը բարձր հեղինակություն ունի», - ասում է Օրնելլան:

Ճիշտ է, կյանքը Հայստանում և Լիբանանում շատ տարբեր է, բայց նա այստեղ իրեն շատ երջանիկ է զգում: «Մարդիկ, իսկապես, ընկերասեր և հյուրընկալ են, Երևանը գեղեցիկ է, և, որ ամենակարևորն է, ես ինձ այստեղ ապահով եմ զգում», - ընդգծում է Օրնելլան:

ԵՊԲՀ-ում ուսանելու տարիներին նրա կյանքում շատ վերելքներ ու վայրէջքներ են եղել: «Սակայն, ի վերջո, ես ավարտեցի համալսարանը բարձր գնահատականներով, և դա այն որակյալ կրթության շնորհիվ էր, որը ստացել եմ մեր բուհի դասախոսներից և բժիշկներից: Դա երկար, ինչ-որ տեղ սթրեսային ճանապարհորդություն էր. ես հանդիպեցի հիանալի բժիշկների, այցելեցի նորակառույց հիվանդանոցային բաժանմունքներ և հնարավորություն ունեցա զրուցելու շատ հիվանդների հետ: Հավատում եմ, որ այս համալսարանում իմ անցկացրած յուրաքանչյուր կարճատև պահը կնպաստի իմ՝ որպես հաջողակ բժշկի աճին», - ասում է Օրնելլան:

Ապագա բժշկուհին ծրագրում է բնակություն հաստատել Գերմանիայում:

«Բժշկականում սովորելու տարիներին գերմաներենի դասերի եմ հաճախել և պատրաստվում եմ դիմել Գերմանիայում քննություններին մասնակցելու համար: Այնտեղ ուսումս ավարտելուց հետո կարող եմ վերադառնալ Հայաստան: Չգիտեմ, թե երբ կվերադառնամ, բայց գիտեմ, որ անպայման կվերադառնամ Հայաստանում ապրելու: Ես նաև երազում եմ բացել մի փոքրիկ, անվճար կլինիկա Հայաստանում` կարիքավոր մարդկանց օգնելու համար», - անկեղծանում է Օրնելլան:

Բժշկության վերաբերյալ նա 2 կարևոր խոսք է մտապահել: «Առաջինը մի ամերիկացի բժիշկ է ասել. «Միշտ լսե՛ք ձեր հիվանդներին, նրանք ձեզ տալիս են ախտորոշումը»: Ուստի շատ կարևոր է առավելագույն ժամանակը հատկացնել՝ հիվանդներին լսելու, նրանց զննելու և համբերատար լինելու համար: Մյուս խոսքի հեղինակը մեր դեկանն է՝ Գայանե Ավետիսյանը. «Ձեր սխալները ձեր հիվանդների կյանքը կարող են արժենալ»:

«Սկզբում այս խոսքերի իմաստը շատ սարսափելի էր թվում, բայց այս խոսքերն ինձ ստիպեցին հասկանալ, որ բժիշկը միշտ պետք է պատրաստ լինի, ինքնավստահ և կարգապահ», - շեշտում է Օրնելլան: Բժիշկ լինելը, շարունակում է նա, մասնագիտություն է, որը պահանջում է ձգտել լինել կատարյալ, քանի որ, եթե դու չլինես այդպիսին, մեկ ուրիշը կտառապի դրա պատճառով:

«Ապագա բժիշկներին իմ խորհուրդը՝ քրտնաջան աշխատանքը միշտ արդյունք է տալիս: Կլինեն առարկաներ, որոնք ձեզ շատ դժվար կթվան, չեք իմանա՝ որտեղից սկսել, կուզենաք հանձնվել, կարող եք կորցնել ձեր մոտիվացիան, կարող եք մտածել, որ այդ ամենը երբեք չի ավարտվի… Եղե՛ք կարգապահ, սահմանե՛ք նպատակ, մշակե՛ք ծրագիր և հավատարիմ մնացե՛ք դրան: Երբ սկսեք հանդիպել հիվանդների հետ և կիրառել ձեր բոլոր տեսական գիտելիքները գործնականում և, հատկապես, տեսնեք ձեր հիվանդին առողջ, կհասկանաք, որ ուսման բոլոր 6 տարիները ձեզ ստիպեցին դառնալ այն բժիշկը, որը միշտ ցանկանում էիք լինել», - եզրափակում է Օրնելլա Շանել Ահմադը:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան