• Հայ
  • Рус
  • Eng
Սրտաբանի մասնագիտությունը կլինիկական օրդինատորը ընտրել է պացիենտների նկատմամբ սեր ու հոգատարություն բաշխելու ցանկությամբ
Սրտաբանի մասնագիտությունը կլինիկական օրդինատորը ընտրել է պացիենտների նկատմամբ սեր ու հոգատարություն բաշխելու ցանկությամբ
25.08.2021

Էմմա Բաբարյանը երիտասարդ տարիքում արդեն հասցրել է թրծվել որպես մասնագետ համավարակի և պատերազմի պայմաններում՝ ձեռք բերելով գիտելիքներ և փորձ: Այս ուսումնական կիսամյակում ավարտում է սրտաբանության գծով կլինիկական օրդինատուրայի առաջին կուրսը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում՝ զուգահեռ աշխատելով  նաև Երևանի շտապօգնության ծառայությունում։

«Համավարակը սկսվելուն պես կամավորագրվել եմ Առողջապահության նախարարությունում, ապա ընդունվել եմ աշխատանքի Երևանի շտապ օգնության ծառայությունում որպես գծային բրիգադի բժիշկ։ Պատերազմի մասին լուրը ստացել եմ աշխատանքի ընթացքում։ Այդ օրերին մեր բոլորի աշխատանքը գերծանրաբեռնված էր, համավարակի նոր ալիք էր բարձրացել։ Աշխատում էինք երկու տարբեր ճակատով․ կամ ուղևորվում էինք Արցախ՝ վիրավորներ տեղափոխելու, կամ Երևանում գերծանրաբեռնված աշխատանք էինք իրականացնում»,- պատմում է Էմման, ում փոխանցմամբ՝ հաճախ աշխատանքը առավել դժվարանում էր այն բուժառուների հետ, որոնք ունեին հիվանդանոցային բուժման կարիք, մահճակալային ֆոնդի սահմանափակ լինելու պայմաններում։ Պատերազմի ժամանակ  նա մեկնել է Արցախ և Գորիս՝ վիրավոր զինվորներին մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։

«Երբեք չեմ մտածել գնամ, թե ոչ, դա այն ամենափոքր օգնությունն էր, որը մենք այդ պահին կարող էինք անել սահմաններին կանգնած մեր բանակի համար։ Այդ օրերին, չնայած դժվարություններին և ծանր կորուստներին, մեր ժողովուրդն առավել համախմբված էր և հոգատար իրար նկատմամբ»,- նկատում է կլինիկական օրդինատորը:

Բժշկի մասնագիտությունն ընտրել է դեռ մանկուց, շատ փոքր տարիքից:  Երբ արդեն ժամանակն էր մասնագիտություն ընտրելու առանց երկմտելու է գնացել այս ճանապարհով: Նեղ մասնագիտության ընտրության հարցում ավելի բծախնդիր ու երկար մտածված որոշում է կայացրել:

«Ինձ համար խորհելու բան չկար, այդ նպատակն ինձ հետ մեծացել, հասունացել ու սերտաճել էր ենթագիտակցությանս խորը շերտերում և իրականացման պահին արդեն այլ ճանապարհ դժվար էր պատկերացնել: Իրական մարտահրավեր էր պետք հաղթահարել և կարևոր էր, որ ընտրածս մասնագիտության գաղտնիքները հեշտ չտրվեին։ Սրտաբանությունն ընտրելիս նկատի եմ ունեցել այն հանգամանքը, որ, ինչպես սիրտն է կարևորագույն օրգանը մարդու օրգանիզմում, այնպես էլ սրտանաբանությունը բժշկագիտության մեջ կարևոր և բարդ ճյուղ է»,- ընդգծում է ԵՊԲՀ սովորողը:

Այս ճանապարհն ընտրելիս գիտակցել է մասնագիտական բոլոր դժվարությունները, ու գնահատելով իր անձնական ներուժը, հասկացել է, որ դա է բժիշկ դառնալու իր ուղին։

Մասնագիտացման ընտրության գործում մեծ դեր է խաղացել նաև մեր երկրում ոլորտում եղած ձեռքբերումները, բազմաթիվ մասնագետների առկայությունը, ումից կարելի է սովորել և մասնագիտական զարգացում ապրել։  

Կլինիկական օրդինատորի գնահատմամբ՝ բժշկի մասնագիտացումը պահանջում է բարձր պատասխանատվություն, գերմարդկային աշխատասիրություն, դժվարություններին դիմակայելու կարողություն, և, ամենակարևորը՝ անսպառ սեր ու հոգատարություն բաշխելու ունակություն։

Նրա խոսքով՝ բժիշկները պետք է իրենց աշխատանքը միշտ կատարեն սիրով, պատրաստ լինեն մասնագիտական պարտականությունները գերադասել անձնական ու անանձնական մյուս կարևորություններից։  Սեփական օրինակով է փաստում, որ շտապօգնության ծառայությունում աշխատանքը տարբերվում է.  «Պետք է լինել  առավել զգոն, արագ կողմնորոշվել և կարողանալ ցուցաբերել գրագետ առաջին բուժօգնություն, ինչը շատ հաճախ ճակատագրական է լինում հիվանդի բուժման հետագա ընթացքի համար»:

Նկատում է, որ ԵՊԲՀ-ում ստացած գիտելիքն իրեն հնարավորություն է տվել սովորելուն զուգընթաց տեսական գիտելիքը կիրառել գործնականում առանց առանձնակի դժվարությունների։  

«Իմ մեծ ցանկությունն է երկրում միակ մասնագիտական այս բուհը տեսնել առավել առաջադիմական ու բարձր տեխնոլոգիաներով հագեցած, կուզենայի այնպիսի փոփոխություններ կատարվեին համակարգում և երկրում, որ մեր համալսարանի մրցունակությունը բացահայտվեր միջազգային մասնագիտական կրթական հարթակում»,- եզրափակում է ապագա սրտաբանը:

Հպարտությամբ ու սիրով է հիշում իր շատ դասախոսների, նրանցից շատերի հետ մինչև այժմ կապ է պահում և անհրաժեշտության դեպքում խորհրդակցում։