• Հայ
  • Рус
  • Eng
Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտում առկա վերջին նվաճումներին նվիրված զեկույցներ՝ ԵՊԲՀ-ում
Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտում առկա վերջին նվաճումներին նվիրված զեկույցներ՝ ԵՊԲՀ-ում
15.10.2021

«Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողովը, որը նվիրված է ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին այսօր շարունակեց իր աշխատանքները Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Հայաստանի և արտերկրի մասնագետները հանդես եկան զեկույցներով, որոնք վերաբերում էին ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտում առկա վերջին նվաճումներին:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյան զեկույցը «3D պլանավորումը և վիրաբուժական շաբլոնների օգտագործումը ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայում» թեմայով էր:

Կոնրադ Սիբերգերը, որը Կալյարիում (Իտալիա) բժիշկ-ստոմատոլոգ է և մասնակցել է բերանի խոռոչի առողջությանը նվիրված բազմաթիվ ազգային և միջազգային կամավորական ծրագրերին, ներկայացրեց «Ապաճի ենթարկված ատամնաբնային ելունի ոսկրային հյուսվածքի ավելացում», «Ցիրկոնե իմպլանտատների տեղադրումը անմիջապես ատամի հեռացումից հետո. ի՞նչ կարող ենք ակնկալել», «Սննդակարգն ու հիդրատացիան բարեհաջող միոֆունկցիոնալ թերապևտիկ արդյունք ստանալու համար» զեկույցները, ոլորտի մասնագետներին ծանոթացնելով ստոմատոլոգիայում ամենահաճախ հանդիպող խնդիրներին վերաբերող իր ուսումնասիրությունները:

Երևանի պետական բժշկական համալսարանի հրավիրված պրոֆեսոր, Ռուսաստանից ժամանած հայազգի Արամ Դավիդյանի զեկույցը նվիրված էր «Փափուկ հյուսվածքների վիճակի և Էսթետիկայի օպտիմալացման հիմնական գործոնները» թեմային: Հայազգի մասնագետը հայ և օտարերկրացի մասնագետների հետ կիսվեց ստոմատոլոգիայում ձեռք բերած իր երկարամյա փորձով:

Ուկրաինայից ժամանած, Կիևի միջազգային համալսարանի ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, Համալսարանական կլինիկայի բժշկական գծով տնօրեն Դավիթ Քեյանն ադրադարձավ ստոմատոլոգիական արդի խնդիրներին՝ հանդես գալով՝ «Անհատականացված իմպլանտների կիրառումը դիմածնոտային շրջանի արատների և դեֆորմացիաների վերականգնման համար» զեկույցով:

Հագեցած օրակարգով վեհաժողովը շարունակեց Մալդիվների ներկայացուցիչ, Հուլհումալ հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքի վարիչ, Ատամնաբուժության միջազգային ակադեմիայի, Գանգուղեղային-դիմածնոտային վիրաբուժության Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ Գոռ Զալյանը՝ «Բերանի խոռոչի ենթալորձաթաղանթային ֆիբրոզ» զեկույցով:

Նշենք, որ աշխարհի տարբեր երկներից ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակի նվիրված «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով ժամանած ստոմատոլոգիական ոլորտի մասնագետները միջոցառման շրջանակում կայցելեն նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր:

Հիշեցնենք՝ վեհաժողովի օրերին անցկացվում է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես:

Վեհաժողովը ԵՊԲՀ-ում կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը և իր աշխատանքի արդյունքները կամփոփի Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հոկտեմբերի 18-ին: