• Հայ
  • Рус
  • Eng
ՈւԽ նախագահ Տիգրան Ալեքսանյանը երազանքները դարձնում է նպատակ և ուղիներ փնտրում դրանց հասնելու համար
ՈւԽ նախագահ Տիգրան Ալեքսանյանը երազանքները դարձնում է նպատակ և ուղիներ փնտրում դրանց հասնելու համար
27.04.2021

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Ալեքսանյանը բժշկական բուհում այսօր ղեկավարում է ավելի քան 30 տարվա գործունեություն իրականացնող Ուսանողական խորհրդարանը: Մասնագիտություն ընտրելիս առաջնորդվել է բուժաշխատող տատիկի օրինակով, մասնագիտացման հարցում դեռ չի կողմնորոշվել, սակայն վստահ է, որ այն կունենա վիրաբուժական ուղղվածություն: 

Ապագա բժիշկ Տիգրան Ալեքսանյանի հետ զրուցել ենք բուհում նրա հասարակական ակտիվության, Ուսանողական խորհրդարանի դերի և այս կառույցի գործունեության մասին: 

-Բժշկական համալսարանում ծավալում եք ակտիվ հասարակական գործունեություն: Ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Հասարակական աշխատանքով հետաքրքրվել եմ դեռ դպրոցական տարիներից. եղել եմ «Աշակերտական խորհրդի» նախագահ, «Աշակերտների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ: Մինչ համալսարան ընդունվելը տեղյակ էի բուհական ակտիվություն ծավալող կառույցների գործունեությունից, գիտեի Ուսանողական խորհրդարանի մասին, որը տարիներ շարունակ սովորողների  ինքնակառավարման և ներկայացուցչական մարմինն է: 

-Ինչպե՞ս միացաք ուսանողական խորհրդարանի աշխատանքներին և ինչպե՞ս ստացվեց, որ ղեկավարում եք ՈՒԽ-ի աշխատանքները:

-ՈւԽ-ին միացել եմ առաջին կուրսից: Սկզբում հաղթահարեցի հոսքի ավագի ընտրությունները, որից հետո իմ աշխատանքն ավելի սերտացավ ՈՒԽ-ի կազմում. դարձա ֆակուլտետային խորհրդի փոխնախագահ, ապա նախագահ, այնուհետև ընտրվեցի որպես Ուսանողական խորհրդարանի նախագահ:

Բուհում իմ կարգավիճակին մոտենում են որպես ծառայություն և պատրաստ եմ ցանկացած եղանակով օգտագործել հնարավորություններս ուսանողներին օգուտ տալու համար: Չնայած կյանքիս փոքր փորձին՝ երազանքներս դարձնում եմ նպատակ և փնտրում եմ ուղիներ դրանց հասնելու համար: Մինչ այս պահը դրանք արդարացվել են՝ աշխատանքի շնորհիվ:

-Կներկայացնե՞ք ՈՒԽ-ի գործունեությունը: Ինչպե՞ս են ապագա բժիշկներն անդամակցում և ի՞նչ է պահանջվում նրանցից:

-Շուրջ երեք տասնամյակ է Ուսանողական խորհրդարանը գործունեություն է իրականացնում բժշկական համալսարանում: Հանրապետությունում մեր ուսանողական կառույցը միակն է որպես խորհրդարան, մյուսները՝ խորհուրդներ են: Առանձնահատկությունն այն է, որ մեզ մոտ որոշումներն ընդունվում են ոչ թե մեկ անձի կամքով կամ թելադրանքով, այլ խմբային քննարկումների արդյունքում:

ՈւԽ-ն ունի տարբեր ենթակառույցներ, ստորաբաժանումներ, որոնք, ըստ ուղղվածության, զբաղվում են իրենց աշխատանքով: Դրանք ապահովում են ուսանողների մշակութային կյանքը, ժամանցը, զբաղվում են ուսումնամեթոդական հարցերով: Գոյություն ունեն նաև ֆակուլտետային խորհուրդներ, որոնք համապատասխան աշխատանքներ են տանում տվյալ ֆակուլտետների սովորողների հետ: Ուսանողի հետ կապված ցանկացած հարց գտնվում է ՈՒԽ-ի հետաքրքրության շրջանակում: Այն բաց կառույց է, և մեր աշխատանքներին անդամակցելու համար որևիցե արգելք չկա ուսանողի համար: Յուրաքանչյուրը, ով զբաղեցնում է որոշակի կարգավիճակ կամ կրում է պատասխանատվություն, ընտրվում է ուսանողների կողմից, նրանց ցանկությամբ և քվեով՝ դառնալով պատվիրակ վերջիններիս խնդիրները բարձրացնելու համար:

-Ի՞նչ է տալիս սովորողին ՈՒԽ-ի անդամ լինելը:

-Քանի որ համալսարանական տարիները կարևոր են անհատի ձևավորման գործում, մենք տարբեր միջոցառումների միջոցով փորձում ենք նպաստել անհատի ձևավորմանը, բարձրացնել սովորողների սոցիալական պատասխանատվությունը, ինչը մեր օրերում շատ կարևոր է: Այժմ պատրաստում ենք հոդված, որտեղ հստակ կընդգծվեն ուսանողների ներգրավվածության ձևերը: Այն նաև նպատակ ունի ուսանողներին մանրամասն իրազեկել ՈւԽ-ի մասին, և թե տասնամյակների ընթացում ինչ կարևորություն է ունեցել կառույցն ուսանողների համար: Քանի որ վերջին շրջանում շատ են շահարկումները ՈւԽ-ի դերի, գործառույթների և արդյունավետության հետ կապված, մենք փորձել ենք և մեզ հաջողվել է կոտրել այդ կարծրատիպը:

Աշխատանքներն իրականացվում են 300-400 ուսանողի կողմից, որոնք կարողանում են, սովորելուն զուգահեռ, իրենց  բազմազբաղ առօրյայից ժամանակ տրամադրել և զբաղվել տարբեր հարցերով: Մեր ծրագրերը համալսարանի յուրաքանչյուր սովորողի համար են: Դժվար գտնվի ուսանող, որը սովորելու տարիներին մասնակցություն չի ունեցել ՈւԽ որևէ միջոցառման: 

-Կախված ժամանակից և նախագահից յուրաքանչյուր ՈՒԽ իր առանձնահատկություններն ունի: Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ՈւԽ-ն:

-Մենք զբաղվում ենք այն աշխատանքով, որի համար կոչված ենք: Կարծում եմ` մեր ժամանակների ուսանողական խորհրդարանի առանձնահատկությունը դրանում է:

-Ուսանողական ակտիվությունը նպաստու՞մ է մասնագիտական կայացման գործին:

-Մեր ծրագրերն անխտիր վերաբերում են բոլորին: Ինչպես կորոնավիրուսային համավարակի, այնպես էլ պատերազմի օրերին ԵՊԲՀ ուսանողները մեծ հոսքով հերթապահություններ են իրականացրել հիվանդանոցներում: Մենք համակարգելով այդ աշխատանքները՝ նպաստել ենք, որ նրանց հետ կապված ցանկացած խնդիր ստանա իր լուծումը:

ՈւԽ-ն տարբեր թեմաներով կազմակերպում է մասնագիտական համաժողովներ, որոնք ազդում են ուսանողների մասնագիտական որակների, ինչպես նաև նեղ մասնագիտության կողմնորոշման վրա: Մեր պարտքն ենք համարում առավելագույնս իրազեկել սովորողներին նախընտրած մասնագիտությունների վերաբերյալ: Այս տարվա ընթացքում այցելել ենք շուրջ 50 դպրոց Երևանում և մարզերում: Աշխատանքներ ենք տանում տարբեր ուղղություններով, որոնց մեջ կարևոր մաս են կազմում նաև միջազգային կապերի հաստատումը:

-100-ամյա բժշկական բուհը յուրաքանչյուր սովորողի վրա հետք է թողնում: Փոխե՞լ է Ձեզ, արդյոք, ԵՊԲՀ-ն, բժշկական միջավայրը:

-Ինձ համար պատիվ է սովորել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, քանի որ այն ունի հարուստ պատմություն, ավանդույթներ: Այստեղ կրթվելով՝ մեզանից յուրաքանչյուրը ձևավորվում է որպես անհատականություն: ԵՊԲՀ-ն կարողացել է ստեղծել այն միջավայրը, որտեղ մարդիկ, որոնք ունեն ցանկություն, նպատակներ, ստանան ինքնադրսևորման հնարավորություն: Այս միջավայրը դրականորեն է ազդել իմ բնավորության գծերի և աշխարհընկալման վրա:

Այստեղ մենք ունենք պատվարժան դասախոսներ, որոնք կես դարից ավելի բուհի մի մասն են: Նրանց օրինակով մենք շատ բան ենք սովորում, որը, բնականաբար, կազդի որպես մարդ և մասնագետ մեր անձի ձևավորմանը:

Հարցազրույցը՝ Մարգարիտա Մխիթարյանի

Լուսանկարները՝ Տիգրան Ալեքսանյանի արխիվից