• Հայ
  • Рус
  • Eng
Վարդան Մաթևոսյանի համար աշխատանքը ռեանիմացիայում գրավիչ է և պատասխանատու
Վարդան Մաթևոսյանի համար աշխատանքը ռեանիմացիայում գրավիչ է և պատասխանատու
05.08.2021

ԵՊԲՀ սովորողները ինչպես համավարակի տարածման ընթացքում, այնպես էլ Արցախում սանձազերծված պատերազմի ժամանակ վերահաստատել են, որ մարդկային կյանքերի փրկությունը բժշկի առաքելությունն է:

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի 3-րդ կուրսի ուսանող Վարդան Մաթևոսյանն առանց երկմտելու` որպես Երևանի շտապօգնության ծառայության բժիշկ ներգրավվել է վիրավորների բժշկական տարհանման և բուժօգնության տրամադրման գործին:

«Կար անհրաժեշտություն ու բոլորս էլ մի մարդու պես պատրաստ էինք»,- ընդգծում է պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպաններին Ստեփանակերտից Գորիս և Երևան տեղափոխած բժիշկը, որը նաև մասնակցություն է ունեցել Շուշիի ռմբակոծված վայրերում տուժածների բուժօգնության կազմակերպման և մոտակա բուժհիմնարկ տեղափոխման աշխատանքներին:

Վարդան Մաթևոսյանն առաջնորդվել է մարդասիրությամբ, մասնագիտական, հայրենիքի հանդեպ պարտքի զգացումով:

«Բժշկի մասնագիտություն ընտրած անձը պետք է ունենա փորձ, սառնասրտություն, արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն, հոգատարություն, անձնուրաց և սրտացավ մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ»,-կարծում է ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, որը բժշիկ դառնալու որոշումը կայացրել է փոքր տարիքում:

Նրա խոսքով՝ թերապևտիկ մասնագիտությունները իրեն շատ չեն գրավում, իսկ ռեանիմացիայում աշխատանքն ու աշխուժությունն անչափ հետաքրքիր են:

«Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտության առանձնահատկության հիմքում պայքարն է հիվանդի կյանքի ու մահվան միջև, պատասխանատվությունը՝ որոշումների կայացման գործում, քանի որ դրանից է կախված՝ հիվանդը կապրի, թե ոչ»,- շեշտում է օրդինատուրայի վերջին կուրսի սովորողը՝ հավելելով, որ ռեանիմացիայի հիմնական դժվարություններից են՝ հաճախակի հերթապահությունները, որի արդյունքում չափից շատ կրճատվում է ընտանիքի ու հարազատ մարդկանց հետ շփումը։ Սովորողը նշում է նաև հիվանդի հարազատների հետ շփումը, նրանց՝ հարազատ մարդկանց վիճակի ծանրության մասին տեղեկատվության տրամադրումը։ Իսկ աշխատանքի բացասական արդյունքի պարագայում բժշկին տանջում են հարցեր՝ միգուցե բուժման մեջ բացթողում է ունեցել:

Շտապօգնության ծառայությունում մեկ տարուց ավելի աշխատանքը նրան տվել է նախնական ախտորոշելու, սուր վիճակների դեպքում ճիշտ կողմնորոշվելու, հիվանդի հետ շփումը ճիշտ կազմակերպելու ունակություն, այդ թվում՝ կոլեկտիվ աշխատանքային փորձ։

Իսկ պատերազմի ընթացքում Վարդան Մաթևոսյանը ժամանակի սղությամբ պայմանավորված սովորել է ավելի արագ կողմնորոշվել ու գործել, շփման մեջ դարձել է ավելի համբերատար:

«Պատերազմում բոլոր տուժածների մոտ կար արտահայտված սթրեսային գործոն։ Երբեմն նրանք ագրեսիվ էին տրամադրված բոլորի հանդեպ կամ կորցրել էին ապրելու հույսը, և մեր խնդիրն էր նրանց վերադարձնել ապրելու և պայքարելու ձգտումը»,-նշում է բժշկական բուհի սովորողը, որն այժմ աշխատանքային գործունեությունը շարունակում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։