• Հայ
  • Рус
  • Eng
Վերին Կարմիրաղբյուրից ապագա բժիշկը ճակատ է մեկնել զինվորի ու բժշկի գործը հավասարապես իրականացնելու վճռականությամբ
Վերին Կարմիրաղբյուրից ապագա բժիշկը ճակատ է մեկնել զինվորի ու բժշկի գործը հավասարապես իրականացնելու վճռականությամբ
22.07.2021

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Կամո Չոբանյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների մասին լսել է ընկերոջից:

Կիրակի վաղ առավոտյան նա գնում էր Քովիդ կենտրոն՝ ընդունելու հերթապահությունը, երբ զանգ ստացավ ընկերոջից և իմացավ պատերազմի մասին: «Այդ օրը ծանուցագիր ստացանք ես ու ընկերս, չնայած, եթե անգամ չստանայինք, որոշել էինք կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ:

Ես որոշել էի զանգահարել, կամավորագրվել «Արծիվ 30 Արարատ մահապարտների» գումարտակի հետ: Բայց, որպեսզի ամեն ինչ օրենքով լիներ, նախ դիմեցի մեր տարածքային զինկոմիսարիատ, ինձ ասացին պետք է գնամ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան: Ես մեկնեցի այնտեղ՝ հուսով, որ շուտով Տավուշից մեզ կտեղափոխեն Արցախ»,-պատմում է Կամո Չոբանյանը:

Նա, ի դեպ, Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: «Մեզ մոտ՝ Տավուշում, պահեստազորի բուժակ էի, բայց քանի որ ունեմ նաև հրետանավորի մասնագիտություն, խնդրեցի Արցախ տանեն, քանի որ այնտեղ շատ ընկերներ ու նաև հարազատ մարդիկ ունեի: Խոստացան հնարավորինս շուտ տանել»,-նշում է ապագա բժիշկը:

Տավուշում նա այդ օրերին նշանակվում է հրետանու դասակի հրամանատար: Կամո Չոբանյանն այդ օրերին տեղափոխվել է Տավուշի մարտական դիրքեր՝ ծառայության: «Հերթապահության էինք այնտեղ, որտեղ տեղի էին ունեցել հուլիսյան մարտերը: Այնտեղ ևս թշնամու զենքի կուտակումներ կային, պատերազմի վտանգ կար: Սահմանի այդ հատվածում կրակոցներ կային, հակառակորդը մի անգամ նաև մեզ թիրախավորեց»,-ասում է ապագա բժիշկը: Տավուշում ծառայության օրերին Կամո Չոբանյանն անհանգիստ էր, ընկերները ռազմաճակատում էին, ինքն էլ անընդհատ մտածում էր Արցախ մեկնելու մասին: «Մեր գյուղից էլ կային զինծառայողներ՝ Վահեն, Էրիկը, որոնք հերոսաբար զոհվեցին պատերազմում»: Կամո Չոբանյանը մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյային: 44-օրյա պատերազմի ժամանակ «Մեհրաբ» զորամասի, Ասկերանի զինծառայողների հետ նոյեմբերի սկզբին նախ մեկնել է Շոշ, ապա Ասկերանի Խաչմաչ գյուղ, անմիջապես ներգրավվել ռազմական գործողություններում:

«Հենց գնացինք, առաջին իսկ օրը մեր սպան վիրավորվեց: Հրազենային վիրավորում էր ստացել, իրեն հոսպիտալ տեղափոխեցին: Կոչումով լեյտենանտ, Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողի հետ որոշեցինք կազմակերպել պաշտպանությունը: Ես, որպես բուժակ, չէի գնացել, այլ որպես զինծառայող, բայց վիրավորներին բուժօգնության համար ամեն ինչ տարել էի ինձ հետ: Խաչմաչի գյուղապետարանը վերածել էին հոսպիտալի: Հրետակոծված շենքում վիրավորների կյանքը փրկելու համար ամեն ինչ արվում էր: Ներարկումներ, վիրակապեր, ցավազրկումներ, ինչ որ անհրաժեշտ է եղել, կատարել եմ, նաև մեր անձնակազմի համար: Եվ՛ հրետանավորի գործն եմ արել, և՛ բժշկական գիտելիքներս ու հմտություններս կիրառել: Հիշում եմ մեկ դեպք կար. զինծառայողի ձեռքը դաստակի շրջանում կտրված էր, առաջին բուժօգնությունը ես եմ կատարել»,-նշում է ապագա բժիշկը:

Իրենց դասակի սպային գիշերը, եղանակային դժվար պայմաններում է ապագա բժիշկը մասնագիտական օգնություն ցուցաբերել: Ծնկի շրջանում էր ծանր վնասվածք ստացել: «Անզգայացում և մյուս անհրաժեշտ գործողություններն իրականացրել եմ, մինչև եկել է շտապօգնության մեքենան և վիրավորին տեղափոխել: Բժշկական պարագաներ, դեղեր, ամեն ինչով ապահովված էի, դրանք ինձ հետ Արցախ էի տարել: Դժվար պայմաններում որպես ժգուտ ծառայել է համակարգի խողովակները, կտրտել, բաժանել եմ տղաներին, որ օգտագործեն ըստ անհրաժեշտության»,-ընդգծում է Կամո Չոբանյանը:

Ապագա բժիշկն Արցախից վերադարձել է դեկտեմբերին: «Մենք զինվորներին էինք փոխարինել, չէինք ցանկանում մեր տեխնիկան թողնել այնտեղ: Իմ որոշումն էր՝ մնալ այնքան, ինչքան հարկավոր է»,-ասում է Կամո Չոբանյանը:

Նա խոստովանում է, որ ճակատ է մեկնել զինվորի ու բժշկի գործը հավասարապես իրականացնելու վճռականությամբ: «Թող մեծամիտ չհնչի, բայց պատերազմ մեկնեցի՝ հայրենասիրական զգացմունքներից ելնելով: Մոնթե Մելքոնյան, Վազգեն Սարգսյան. դաստիարակվել եմ նրանց կերպարներով, գործով, ինձ փոխանցվել է Մոնթեի, Նժդեհի ոգին»,-անկեղծանում է ապագա բժիշկը: Նա ռազմաճակատում երգել է հայրենասիրական երգեր, ոգի տվել զինակիցներին:

Կամո Չոբանյանը փոխադրվել է 4-րդ կուրս, որոշել է դառնալ սրտային վիրաբույժ, ապրել ու գործել Հայաստանում: