• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանը հիմնադրվել է 1978 թ-ին` ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ճանաչված բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա:

1985-ին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ թանգարանի նյութերը հանձնվում են Սարդարապատում գտնվող Հայաստանի ազգագրության թանգարանին, քանի որ նախատեսվում էր այնտեղ բժշկության պատմության ենթաբաժին ստեղծել: Սակայն այդ մտահղացումը չի իրականանում:

1990-ին` համաձայն ՀՀ առոջապահության նախարարի 1990 թ. թիվ 2147 հրամանի, բժշկական համալսարանի թանգարանը վերաբացվում է: Իսկ 1998-ին` համաձայն Առողջապահության նախարարի սեպտեմբերի 24-ի թիվ 550 հրամանի, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանի հիման վրա ստեղծվում է Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը:

Համալսարանական թիմի ջանքերով՝ այցելուները  4 սրահներում կարող են ծանոթանալ բժշկագիտության պատմությանը՝ըստ ժամանակաշրջանների (հնագույն, հեթանոսական, հին, միջնադարյան, 19-րդ դար, 20-րդ դար), բժշկագիտության հիմնադրմանը մեր երկրում, կայացմանն և զարգացմանը, բուհի հաջողություններին: 

Շուրջ 5000 ցուցանմուշներից կազմված հավաքածուում տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, լուսանկարներ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև`գեղարվեստական ստեղծագործություններ`քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ: 

Չորրորդ սրահը ևս հատուկ նշանակության է: Այն ամբողջովին նվիրված է ռազմական բժշկության պատմությանը: 

Թանգարանում առանձին-առանձին ներկայացված են Հայաստանի գիտաբժշկական կենտրոնները` իրենց գործունեությունն արտացոլող ցուցանմուշներով։

Մեծաթիվ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988թ.-ի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին:

Իհարկե, ներկայացված է նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։

Ցուցանմուշները դահլիճներում ներկայացված են ըստ ժամանակաշրջանների` հնագույն, հեթանոսական, հին, միջնադարյան, 19-րդ դար, 20-րդ դար:

Թանգարանը եզակի հիմնանյութ է «Բժշկության պատմություն» առարկան սովորողների և բժիշկ-հետազոտողների համար: Բժշկական համալսարանի բոլոր առաջին կուրսեցիների համար այստեղ կազմակերպվում են դասաժամեր:

Կազմակերպվում են նաև բժշկական քոլեջների ուսանողների և մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտական բաժնի ուսանողների այցելությունները: Ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, գիտական հոդվածներ, մենագրություններ գրելիս շատերն են օգտվում ԵՊԲՀ-ի թանգարանի նյութերից:

Թանգարանում մշտապես գիտական աշխատանքներ են կատարվում: Բոլոր ցուցանմուշները գիտական մշակման են ենթարկվում և քարտագրվում: Թանգարանի տնօրենը «Առողջապահություն» հանդեսում վարում է Հայաստանի առողջապահության տարեգրությունը: Հետազոտական աշխատանքներ են կատարվում Հյաստանի ազգային, Առողջապահության նախարարության արխիվներում, զանազան թանգարաններում և գրադարաններում: Թանգարանը թեև մեծ չէ, այն մայրաքաղաքի հոգևոր-մշակութային ինքնատիպ օջախներից մեկն է:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանի տնօրենն է Նարինե Ղազարյանը։

Իդա Նավասարդյանը զբաղվում է երեխաների և մեծահասակների վերարտադրողական համակարգի խնդիրներով

01.12.2021
«Հերացի» պոլիկլինիկայի գինեկոլոգ Իդա Նավասարդյանը, որը զբաղվում է երեխաների և մեծահասակների վերարտադրողական ...