• Հայ
  • Рус
  • Eng

2020 թվականի փետրվարի 3-ին «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների մշտադիտարկման նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էին այցելել ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցները: Այցի ընթացքում վերջիններս ԵՊԲՀ ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:

Նախ, դիտարկվեցին ծրագրի առաջին փուլում իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ ծրագրի ղեկավարի այցելությունը ՌԴ Մոսկվա քաղաքի նմանատիպ լաբորատորիաներ և դրա արդյունքները: Այնուհետ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կ.Բ. Ենկոյանը ներկայացրեց մանրամասներ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գնումների գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ գնվելիք ապրանքների տեխնիկական բնութագրերի վերջնական մշակումից զատ, ևս մեկ անգամ իրականացվել է շուկայի լայնամասշտաբ ուսումնասիրություն, կազմվել են չորս խումբ ապրանքների պոտենցիալ մատակարարների ցանկերը:

Հաջորդիվ, դրամաշնորհային ծրագրի համակարգող, դոցենտ Ս.Պ. Քոչարյանը ծանոթացրեց գործընկեր հաստատությունների հետ համագործակցության ընթացքին: Նա առանձնացրեց Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նյարդաներզատական փոխհարաբերությունների լաբորատորիայում ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիայի գիտաշխատողների մասնակցությամբ իրականացվող ուսումնասիրությունները, էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունների համար անհրաժեշտ հմտությունների բարելավումը, ինչպես նաև «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում Հայաստանում առկա միակ երկֆոտոնային մանրադիտակով իրականացվող մի շարք հետազոտական աշխատանքներին մեր հետազոտողների մասնակցությունը: Ծրագրի համակարգողը հավելեց, որ հմտությունների ձեռքբերումը և դրանց բարելավումը հետագայում կծառայեն Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում իրականացվելիք հետազոտությունների արդյունավետությանն ու որակին:

Քննարկվեց նաև ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, հետազոտողների, ինչպես նաև ոլորտում աշխատող մասնագետների կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստման ուսումնամեթոդական ձեռնարկների մշակման աշխատանքների ընթացքը: Ծրագրի ղեկավարը նշեց, որ մեկնարկել են նեյրոգիտության բնագավառում ուսումնամեթոդական ձեռնարկների մշակման աշխատանքները, որոշվել են դրանց մշակման աշխատանքները համակարգող խմբերի կազմերը, որոնք սահմանված ժամկետներում կներկայացնեն իրենց գործունության պլանը:

Քննարկման ընթացքում ծրագրի ղեկավարի կողմից ներկայացվեց նաև կենտրոնի հատակագիծը և լաբորատոր բլոկի սարքավորումների տեղակայման գծագիրը՝ նախագծված ԵՊԲՀ ղեկավարության ներկայացուցիչների, գիտաշխատողների և հետազոտողների համատեղ ուժերով:

Հանդիպումն ամփոփեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ով իր խոսքում ընդգծեց կենտրոնի ստեղծման կարևորությունը՝ նշելով, որ ժամանակակից հզոր ենթակառուցվածքի ձևավորումը կխթանի կոնսորցիումի անդամ հաստատությունների հետ համատեղ հավակնոտ հետազոտական ծրագրերի մշակումը, կնպաստի միջազգային գիտակրթական հարթակում ԵՊԲՀ տեսանելիության բարձրացմանը:

Արվում է հնարավորինն ու անհնարը լիարժեք կյանք վերադարձնելու համար

20.10.2020