Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

10 ֆիլմ բժիշկների մասին

10 ֆիլմ բժիշկների մասին

Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 10 ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսները բժիշկներն են, իսկ թեման՝ բժշկի մասնագիտական առանձնահատկություններն ու դժվարությունները։ 

Այսպիսով, ժամանակ ունենալու դեպքում առաջարկում ենք դիտել ֆիլմերը՝ մեկ անգամ ևս կարևորելով բժշկի չափազանց պատասխանատու աշխատանքը:

  1. «Դու չես ճանաչում Ջեկին»

«Դու չես ճանաչում Ջեկին» ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Սա պատմություն է մի բժշկի՝ Ջեկ Գևորգյանի մասին, որն իր բժշկական պրակտիկայի ընթացքում սկսում է տարածել էֆթանազիայի օրինականացման գաղափարը։ Նա ոչ միայն կողմ էր այդ տեսությանը, այլև օգնում էր պացիենտներին հեռանալ կյանքից, երբ բժշկությունն այլևս անզոր էր: Նա մշակել է, այսպես կոչված, «ինքնասպանության մեքենա», որի միջոցով պացիենտներն իրենց ձեռքով գործարկում էին արյան մեջ ցավազրկող և տոքսիկ դեղամիջոցների մահացու չափաբաժին ներարկող մեխանիզմ: Էֆթանազիայի գաղափարը դատապարտել են ԱՄՆ-ի բժշկական հանրությունն ու կառավարությունը, իսկ «Ինքնասպանության բժշկին»՝ զրկել բժշկական լիցենզիայից և դատապարտել։ 2007թ.-ին նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ 

  1. «Կոմայի մեջ գտնվողները»

Հավանաբար շատերն են իրենց հարց տվել՝ արդյո՞ք կա կյանք մահից հետո և ի՞նչ է լինելու, երբ մենք մահանանք։ Այս հարցերը մարդկության համար հավերժ կմնան անպատասխան, սակայն ռեժիսոր Ջոել Շումախերի «Կոմայի մեջ գտնվողները» («Flatliners») գեղարվեստական ​​ֆիլմի հերոսները փորձում են գտնել պատասխանները մի գիտափորձի միջոցով։ Նելսոնը, Ռեյչելը, Դեյվիդը, Ժդոն և Ռենդին բժիշկ-ուսանողներ են, որոնք իրենց հետազոտության համար ընտրել են վտանգավոր ոլորտ՝ կյանքի և մահվան միջև գտնող նուրբ սահմանը: Երիտասարդներին հետաքրքրում էին կոմայի կամ կլինիկական մահվան վիճակում գտնվող մարդկանց զգացողությունները։ Նելսոնն առաջարկում է ընկնել արհեստական կլինիկական մահվան վիճակի մեջ, երբ սրտի աշխատանքը դադարում է։ Դա կօգնի հայտնվել չբացահայտված, գաղտնի աշխարհում և ճանապարհորդել մահից հետո: Նելսոնի հաջող վերադարձը կյանք քաջալերում է մյուսներին անել նույնը: Ամբողջ խումբն ապրում է կլինիկական մահվան վիճակ, սակայն հետո ոչ ոք չի կարողանում վերադառնալ նորմալ կյանքին։ 

  1. «Ընդհատված կյանք»

Վաթսունականների վերջին սրտով վայրիները գնում էին Վուդստոկ, անհաջողակները՝ պատերազմ, իսկ նրանք, ովքեր գնալու տեղ չունեին, գնում էին դեպի անդունդ: Այն բանից հետո, երբ Սյուզաննայի մոտ անձի սահմանային խանգարում է ախտորոշվում, աղջիկը հայտնվում է փակ հոգեբուժական հաստատությունում, և անդունդի հատակից դուրս գալու համար նա պետք է հաղթահարի իր և շրջապատող աշխարհում ստեղծված քաոսը։ Բայց այնքա՜ն դժվար է պայքարել անմարմին թշնամու դեմ, հատկապես, երբ դա քո իսկ ստվերն է: 

  1. «Համաճարակ»

Մահացու վիրուսն Աֆրիկայից հայտնվում է Ամերիկայում՝ վարակված կապիկի միջոցով։ ԱՄՆ-ի բանակի Ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի համաճարակաբանները, այդ թվում՝ գնդապետ Սեմ Դենիելսը, շտապ մեկնում են վարակի էպիկենտրոն։ Բարձրագույն ռազմական ղեկավարներից երկուսը` Սեմի ղեկավարները, թաքցնում են նրանից, որ տեղյակ են այս վիրուսի մասին, որը նրանք մշակում էին արդեն մի քանի տարի: Ավելին, նրանք նույնիսկ շիճուկ էին մշակել, որը կարող է չեզոքացնել վիրուսը։ Սարսափելի համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է շիճուկ, որը կարելի է ստանալ միայն սկզբնական կրիչի արյունից՝ այդ նույն կապիկից։ Խնդիրը բարդանում է նրանով, որ նրա գտնվելու վայրն անհայտ է: 

  1. «Աստծո գործը»

XX դարի 40-ական թվականներին Աստծո վիրաբույժ Ալֆրեդ Բլելոկը հեղափոխություն արեց բժշկության մեջ: Աշխատելով Բալթիմորի հիվանդանոցներից մեկում` նա մշակում է սրտի բնածին հիվանդությամբ տառապող երեխաներին փրկելու մեթոդ: Նրա գործընկերը, անփոխարինելի օգնականը, լավագույն ընկերն է դառնում սևամորթ լաբորանտ Վիվիեն Թոմասը: Հասարակական կարծիքը չկարողացավ հաշտվել այս աղաղակող փաստի հետ, և արդյունքում վտանգի տակ է հայտնվում ոչ միայն նրանց ընկերությունը, այլև համատեղ հետազոտությունների շարունակությունը։ 

  1. «Ոսկե ձեռքերը»

«Ոսկե ձեռքերը» գեղարվեստական ​​ֆիլմը պատմում է բազմաթիվ կյանքեր փրկած ամերիկացի հիանալի նյարդավիրաբույժ Բեն Քարսոնի կյանքի և սիամական երկվորյակների բաժանման առաջին հաջող վիրահատության մասին: Ֆիլմի իրադարձությունները սկսվում են 1961 թվականին՝ Դեթրոյթում։ Երիտասարդ Բենջամինը վատ է սովորում դպրոցում և վատ ակադեմիական առաջադիմություն ունի, ինչի պատճառով  դասընկերների կողմից ծաղրի է արժանանում: Մայրը չի կարողանում օգնել նրան, քանի որ կարդալ չգիտի և դժվար ժամանակներ է ապրում այն ​​բանից հետո, երբ ամուսինը թողնում է ընտանիքը և հեռանում ուրիշ կնոջ մոտ։ Միակ բանը, որ նա կարող է տալ իր որդիներին՝ սեր, խնամք և առաջնորդություն դեպի ապագա կյանք: Իր կյանքում նա շատ հնարավորություններ է բաց թողել, բայց թույլ չի տալիս, որ իր տղաները բաց թողնեն դրանք։ Լսելով մոր խորհուրդը՝ Բենը և նրա ավագ եղբայրը սկսում են քրտնաջան սովորել մորն ուրախացնելու և առանց աղքատության ապրելու համար։ Առջևում Բենին սպասում է ուսումը Յեյլի համալսարանում և երկար ճանապարհ բժշկության, ինչպես նաև քաղաքականության աշխարհում: 

  1. «Վտանգավոր մեթոդ»

Հոգեբուժության երկու հսկայի՝ Զիգմունդ Ֆրեյդի և Կարլ Գուստավ Յունգի ընկերության, տարաձայնությունների, դիմակայության և, վերջիվերջո, մոլի թշնամության իրական այս պատմությունը, որը ներկայացնում է ֆիլմը, տևել է 11 տարի։

Սաբինա Շփիլրեյնը ժամանակին սովորական հոգեբուժական հիվանդ էր՝ մանկուց իրեն տանջող հոգեկան շեղումներով մի կին: Դեռ երեխա ժամանակ նա բազմիցս բռնության է ենթարկվել, և այդ ժամանակվանից Սաբինան վախենում է ցավից, բայց միևնույն ժամանակ՝ ցանկանում այն, քանի որ հակված է մազոխիզմի։ Հիստերիկ, անհավասարակշիռ ու հասարակության համար վտանգավոր մեկից Սաբինան աստիճանաբար դառնում է բարեկիրթ և պարկեշտ կին, ավելին` փորձում է իր ուժերը հոգեբուժության մեջ։ Այդ ճանապարհին նրան օգնում է սկսնակ հոգեբույժ Կարլ Գուստավ Յունգը, որը սովորում էր հայտնի Զիգմունդ Ֆրեյդի մոտ։ Կամաց-կամաց սահմանները մաքրվում են, և ուսուցիչն ու աշակերտը դառնում են ընկերներ։ Սակայն երբ Ֆրեյդն իմանում է Յունգի և Սաբինայի իրական, կործանիչ հարաբերությունների մասին, ամեն ինչ հայտնվում է վտանգի տակ: 

  1. «Անիծյալների կացարանը»

«Անիծյալների կացարանը» հոգեբանական թրիլլերի սյուժեն հիմնված է Էդգար Ալան Պոյի «Դոկտոր Սմոլի և պրոֆեսոր Պերոյի համակարգը» պատմվածքի վրա։ Փորձ ձեռք բերելու համար երիտասարդ բժիշկ Էդվարդ Նյուգեյթը որոշում է անցնել պրակտիկա Սթոունհերսթի հոգեբուժարանում: Հիվանդանոցի տնօրեն Սիլոս Լամբը սիրով ընդունում է հյուրին և ներկայացնում գործը՝ խոսելով պացիենտների և բուժման մեթոդների մասին։ Չնայած գործունեության լայն դաշտին և պրակտիկայի մեծ հնարավորություններին՝ Էդվարդը սկսում է հետաքրքրվել երիտասարդ և գեղեցիկ Էլիզա Գրեյվսով։ Բայց շուտով Էդվարդն ականատես է դառնում մի շարք մահերի, որոնք բժշկուհի Գրեյվսը վերագրում է ինքնասպանությանը: Տեղի ունեցածից ցնցված՝ Էդվարդը սկսում է փնտրել ճշմարտությունը։ 

  1. «Հիվանդասենյակ համար 6»

2009 թվականի ռուսական դրամատիկ ֆիլմ՝ հիմնված Ա.Պ.Չեխովի համանուն պատմվածքի վրա։ Գավառական հոգեբուժարանի գլխավոր բժիշկ Ռագինն իր հիվանդներից մեկի՝ Գրոմովի մոտ հայտնաբերում է ինքնատիպ մտածողություն, անգամ՝ սեփական փիլիսոփայություն։ Պացիենտի հետ զրույցներում բժիշկը տեսնում է աշխարհի խելագարությունը և շուտով ինքն է սկսում կորցնել բանականությունը։ Բայց ո՞վ իրավունք ունի որոշելու, թե որտեղ է այն սահմանը, որից հետո սկսվում է խելագարությունը։ 

  1. «Բժիշկը՝ Ավիցեննայի աշակերտը»

«Բժիշկը՝ Ավիցեննայի աշակերտը» գեղարվեստական ​​ֆիլմի գործողությունները սկսվում են 1021 թվականին՝ Անգլիայում։ Սյուժեն պտտվում է երիտասարդ տղայի՝ Ռոբ Քոուլի արկածների շուրջ, որը պետք է դառնա մեծ բժիշկ, ում գիտելիքներն ու կարողությունները կօգնեն փրկել շատ ու շատ կյանքեր։ Մանուկ հասակում Ռոբը կորցրել է մորը, որը մահացել է սարսափելի տանջանքների մեջ անհայտ հիվանդությունից։ Այս ողբերգությունն ընդմիշտ փոխեց տղայի ներաշխարհը և դրդեց նրան բժիշկ դառնալ՝ մարդկանց փրկելու համար։ Որբացած տղային խնամակալության տակ է վերցնում թափառական վարսավիր Բարբերը. նա իր գիտելիքները փոխանցում է նաև Ռոբին։ Հասունանալով՝ Ռոբն իմանում է, որ Արևելքում՝ հեռավոր Պարսկաստանում, ապրում է մեծ, իմաստուն բժիշկ Ավիցեննան, որի բուժման մեթոդները զգալիորեն տարբերվում են։ Աշխարհի լավագույն բժշկի հետ ծանոթանալու և նրա ուսանողը դառնալու համար Ռոբը երկար ճանապարհորդություն է սկսում։