Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

35 մասնագետ ավարտեց «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը

35 մասնագետ ավարտեց «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը

Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի 6-րդ տարվա մասնակիցները նոր մասնագիտության ճանապարհը կերտելով այսօր բժշկական մայր բուհում ստացան ավարտական դիպլոմները: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը և «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը հաջողություններ մաղթելով կրթական ծրագրի մասնակիցներին՝ հանձնեցին ավարտական դիպլոմները:

«35 շրջանավարտի համար ավարտվեց այն տարին, ինչի համար եկել էին, ինտենսիվ տարին, որի ընթացքում մատուցվեցին բազմակողմանի և խորացված գիտելիք բուժհաստատությունների կառավարման վերաբերյալ: Այս ծրագիրը, բացի գիտելիքից և հմտություններից, նաև փոխում է մտածելակերպ: Ես շատ ուրախ եմ, որ արդեն 6 տարի մենք իրականացնում ենք այս ծրագիրը: Տարեց տարի փորձում ենք բարելավել, համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, հնարավորությունները կիրառում ենք առավելագույնս՝ հրավիրելով լավագույն դասախոսներին, որոնք կիսում են միջազգային փորձը: Շատ ուրախ եմ, որ դուք լինելով այս ծրագրի մասնակից, բացի գիտելիքից ձեռք եք բերում և՛ ընկերներ, և՛ կապեր, որոնք կիրառելու եք ապագայում: Ձեզ մաղթում եմ լավն ու բարին, հիշե՛ք, որ մենք միշտ պատրաստ ենք օգնելու ձեզ ցանկացած հարցում»,-նշեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը:

«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը, շնորհավորական խոսքերին զուգահեռ, հիշեց այն օրը, երբ ծրագիրը կյանքի կոչելու որոշում կայացրին.

«Արմեն Մուրադյանի հետ մեր առաջին հանդիպումը եղավ 2016 թվականին, երբ նրա առաջարկով, մեր փորձառությամբ այս ծրագիրը ոտքի կանգնեցրինք: Շնորհակալություն եմ հայտնում ռեկտորին և դեկանին, քանի որ դժվարությունները հաղթահարելով մենք հասանք մեր նպատակակետին: Հաջորդ շնորհակալության խոսքը դասախոսական կազմին է ուղղված, որոնք ճիգ չխնայեցին, որ այս ծրագիրն իրագործվի: Դուք էլ բավականին չարչարվեցիք, և կարողացաք ձեռք ձեռքի տված հասնել այս օրվան»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ այս տարի ի տարբերություն մյուս տարիների սովորողների թիվն աճել է:

«Այսօր բժշկական համալսարանը վարչարարության և կառավարման ապագային ուղղված 35 նորաթուխ կառավարիչներ է պատրաստել, որոնք ակադեմիական գիտելիքները և հմտությունները օգտագործելով, միջազգային դաշտում կկարողանան կազմակերպել իրենց աշխատանքները: Բժշկի համար երկար տարիներ վարչարարությունը եղել է օտար, անհասկանալի մի ոլորտ, և շատ բժիշկներ երկար տառապելով, այնուամենայնիվ, այդ երկընտրանքի առջև են կանգնած եղել՝ լինե՞լ վարչարար, թե՞ բուժական աշխատանքով զբաղվել: Այն բժիշկները, որոնք կարողացան լինել վարչարար և բուժական գործով զբաղվել, արեցին միայն մեկ գործոնի հաշվին՝ իրենց առողջության, որովհետև դրանք իրարամերժ մտահորիզոններ են. բժիշկը փորձում է օգտակար լինել կոնկրետ մարդու, վարչարարը՝ ամբողջ թիմի, ամբողջ մի նախագծի պատասխանատվություն է ստանձնում և շատ դժվար է լինում համատեղելը»,-նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ հետագայում շրջանավարտները հաջողությամբ կարող են համալրել ոչ միայն առողջապահական, այլև կառավարչկան դիրքեր:

«Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ, որպեսզի կարողանաք այսօրվա մրցունակ, արագ, սրընթաց զարգացող, դժվար աշխարհում քիչ ռիսկայնությամբ և բարձր արդյունավետությամբ կազմակերպել ձեր աշխատանքները»,-հավելեց բժշկական մայր բուհի ղեկավարը:

Շնորհավորական խոսքերին հաջորդեց դիպլոմներ հանձնելու արարողությունը, շրջանավարտները կիսվեցին իրենց տպավորություններով և զգացողություններով:

«Սովորելու ընթացքում միայն ջերմ մթնոլորտ էր, ինչը զարմացրեց ինձ: Մեկը մյուսի նկատմամբ ջերմ վերաբերմունքը, ցանկացած իրավիճակում քո կողքին լինելը թե՛ դասախոսների, թե՛ դեկանատի, թե՛ ընկերների ինձ ուրախացրին և օգնեցին ստանալ նոր գիտելիքներ և հմտություններ»,- նշեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգ, ծրագրի շրջանավարտ Վլադիմիր Հարությունյանը՝ հավելելով, որ ստացած գիտելիքները իրեն շատ կօգնեն ամենօրյա աշխատանքում: Աշխատակազմի առաջատար մասնագետ Սոնա Ամյանը նույնպես շրջանավարտների թվում էր: Ուսումնառությունը նրա համար մասնագիտական նոր հնարավորությունների, կապերի ընդլայնման սկիզբ է: