Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը հյուրընկալվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ARICE ծրագրի շրջանակում բուհում անցկացված «Քաղցկեղի հետազոտությունը և ընթացիկ մոլեկուլյար մեխանիզմների կիրառումը» խորագրով միջազգային համաժողովին:
Պրոֆեսորը Եվրամիության ՀՈՐԻԶՈՆ-2020 (Horizon-2020) Թվինինգ (Twinning) «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրի առաջատար փորձագետներից է և զգալի ներդրում ունի մեր երկրում ծայրահեղ արդիական առողջապահական խնդիրներից մեկի՝ քաղցկեղի հետազոտությունների անցկացման, ինչպես նաև Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկի ստեղծման գործում։
Կենսաբանական նմուշների և տվյալների ամենամեծ հավաքածուներից մեկի պատասխանատու մասնագետի հետ զրուցել ենք աշխատանքային առանձնահատկությունների, ԵՊԲՀ կատարած աշխատանքային այցի արդյունքների, ARICE ծրագրի շրջանակում արձանագրված հաջողությունների, ինչպես հայ և միջազգային մասնագետների գիտական փոխգործակցության հեռանկարների մասին։
– Պրոֆեսոր, ինչո՞ւ ընտրեցիք մանրէաբանի մասնագիտությունը։
– Ինձ միշտ գրավել է մանրէների ազդեցությունն առանձին օրգանիզմների, օրինակ՝ մարդկանց վրա: Որպես պաթոգեններ՝ նրանք ի վիճակի են շեղել կենսաբանական կարևոր ուղիները և օգտագործել դրանք իրենց վերարտադրության նպատակով: Բացի այդ, պաթոգենների գենետիկական նյութի բազմակարծությունն ու պլաստիկությունը հետաքրքրաշարժ է ինչպես համաշխարհային, այնպես էլ անհատական մասշտաբով:
– Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքը Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալությունում: Ի՞նչ է այն ներառում:
– Ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության Լաբորատոր ծառայության և բիոբանկի ղեկավարն եմ, պատասխանատու եմ կենսաբանական նմուշների և տվյալների ամենամեծ հավաքածուներից մեկի համար, որն աջակցում է քաղցկեղի վերաբերյալ հետազոտություններին: Միևնույն ժամանակ, մենք ակտիվորեն մասնակցում ենք ընթացիկ հետազոտական ծրագրերին, ինչպիսիք են ARICE-ը՝ Հայաստանում, Humane Exposome Assessment Platform-ը, CanSERV-ը և շատ այլ ծրագրեր:
– Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում:
– Այս պահին մեր առաջնահերթություններից է մարդու սնուցման և քաղցկեղի, մասնավորապես՝ սնուցման և մանկական սուր լեյկեմիայի վերաբերյալ միջազգային բազմաբնույթ ուսումնասիրության ստեղծումը: Ըստ էության՝ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես սննդային տարբեր մոտեցումները կարող են դրական ազդեցություն ունենալ լեյկեմիայի կլինիկական բուժման վրա՝ ի հավելումն գործող բուժման առկա տարբերակների: Այս ուսումնասիրությունը ղեկավարում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ելենա Լադասը IIPAN-ի միջոցով և, ինչպես կարող եք պատկերացնել, զգալի ջանք է պահանջում գործարկման համար: Այնուամենայնիվ, արդյունքները կունենան անմիջական և նշանակալի կլինիկական ազդեցություն ամբողջ աշխարհում:
– Ինչպիսի՞ տպավորություն ստացաք վերջերս Երևանի պետական բժշկական համալսարան կատարած Ձեր աշխատանքային այցից:
– Ես և իմ միջազգային գործընկերները տպավորված էինք հայ գործընկերների՝ առկա բազմաթիվ մարտահրավերները հաղթահարելու և հետազոտությունների առումով տարածաշրջանային ու միջազգային հարթակներում մրցունակ լինելու կարողությամբ: Օրինակ՝ Քոբրեյնի նման նախագծերը, պետք է հատուկ նշեմ, հաջողությամբ փոխակերպում են ԵՊԲՀ ենթակառուցվածքը:
– Կպատմե՞ք ԵՊԲՀ ARICE ծրագրի շրջանակում գրանցված հաջողությունների մասին։
– ԵՊԲՀ ARICE ծրագիրը շատերի կողմից արժանիորեն գնահատվել է որպես մեծ հաջողություն: Այն փոխակերպվել է երկու առումներով. նախ՝ ընթացիկ պրակտիկայի գնահատում և անհրաժեշտության դեպքում՝ ստանդարտ գործառնական ընթացակարգերի (standard operating procedures – SOP) թարմացում, և երկրորդ՝ միջազգային գործընկերների և ԵՊԲՀ-ի միջև համագործակցային միջավայրի ամրապնդում: Այս միջավայրն արդեն մասամբ գոյություն ուներ՝ բուհի Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թամարա Սարգսյանի գլխավորությամբ, և մենք կարողացանք զարգացնել այն՝ դնելով ամուր հիմքերի վրա։
– Կարո՞ղ եք կիսվել հայ մասնագետների հետ գիտական համագործակցության հետագա ծրագրերով:
– Առայժմ մենք կենտրոնանում ենք ARICE ծրագրի արդյունքում ստացվող հրապարակումների վրա, օրինակ՝ Innovations in Digital Health, Diagnostics and Biomarkers միջազգային գիտական ամսագրում: Մենք այդ հրապարակումները կօգտագործենք որպես ելակետ՝ հետագա հետազոտական առաջարկներ մշակելու համար՝ հիմնվելով Հայաստանի, IARC/ԱՀԿ-ի, Չեխիայի և Ավստրիայի միջև՝ մեր կողմից ստեղծված համագործակցային փորձաքննության վրա:
– Ապագայում ծրագրո՞ւմ եք այցելել Հայաստան:
– Իրականում այո, ես ունեմ նման ծրագրեր, թեև ճշգրիտ մանրամասները դեռ պետք է հաստատվեն, որպեսզի նման այցը միաժամանակ ծառայի բազմաթիվ տարբեր նպատակների: Հայաստան այցելելն ինձ համար անհավանական փորձառություն էր, նախ՝ մարդկանց և հանրային առողջության մարտահրավերների տեսանկյունից, իսկ հետո՝ բազմազան գեղեցիկ լանդշաֆտների առումով:
– Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին։
– Բաց լինել միջազգային համագործակցության և հնարավորությունների համար: Իմ փորձով գիտեմ, որ երբ մարդն աշխատում է հիվանդանոցային միջավայրում, հետազոտության մասին մտածելը թվում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն, և հաճախ լրացուցիչ պահանջներ է ներկայացնում արդեն խիտ գրաֆիկների համար: Այնուամենայնիվ, տարբեր վայրերից ստացված արդյունքները համեմատելու և հակադրելու հնարավորությունը նպաստում է բժշկական հետազոտությունների առաջընթացին, և մեր հայ գործընկերները պետք է լինեն այս միջազգային առողջապահական հետազոտական էկոհամակարգի մի մասը:
– Կցանկանայի՞ք ինչ-որ բան ավելացնել:
– Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին այս ծրագրի ընթացքում ցուցաբերած հաստատակամության և անմնացորդ եռանդի համար։ Բացարձակ հաճույք է աշխատել նման հիանալի գործընկերների կողքին։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան